Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ-ի դեկտեմբեր ամսվա տնտեսական զարգացումները, ըստ որի, ՀՆԱ-ի աճը մնում է բարձր: Համաշխարհային բանկի հրապարակած համառոտ զեկույցում, նշված է՝ այս տարվա 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9%-ով, ինչի շնորհիվ մինչեւ 2019-ի սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 7․5%-ի, ինչը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ։
ՀԲ-ի տվյալներով, գնաճը դանդաղ աճում է, առեւտրի ոլորտում պակասուրդն ընդլայնվել է՝ տրանսպորտային միջոցների ներկրման ծավալների լուրջ աճի եւ ոսկու արտահանման ծավալների նվազեցման հետեւանքով:
ՀԲ-ն ընդգծել է՝ զուտ արտահանումն ու կապիտալի ձեւավորումը, որը տարվա սկզբին լճացած էր, նպաստել են աճի առումով՝ յուրաքանչյուրը 0.7%-ով, եւ այն օգնել է փոխհատուցել պետական սպառման ծավալների անկումը։ Արտադրության ոլորտում աճն ապահովել են առեւտրի եւ ծառայությունների ոլորտները՝ 5.5%-ով: ՀՆԱ-ի աճն ապահովող մյուս ոլորտն արդյունաբերությունն է, հիմնականում մշակվող արդյունաբերությունը՝ 1%, Հանքարդյունաբերությունը՝ 0,6%, շինարարությունը՝ 0,3%։
Մշակվող արդյունաբերությունն աճել է 9%-ով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18%-ով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը շարունակում է վերականգնվել 2018-ի արտադրական ընդհատումներից։
Կարդացեք նաև
Ըստ ՀԲ-ի, գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ինդեքսը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 7.7 %-ով բարելավվել է:
Հանքարդյունաբերության ոլորտի աճը չափավորվել է՝ սեպտեմբերին գրանցված 70%-ից մինչեւ 30 %-ի։ Շինարարության ոլորտի աճը մի փոքր արագացել է՝ հասնելով 5%-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ ծառայությունների ոլորտը՝ներառյալ առեւտուրը, շարունակել է արագ ընդլայնվել՝նախորդ տարվա համեմատ՝ 12 %-ով։
2019-ին, մինչ այժմ գրանցված տնտեսական լուրջ արդյունքների հիման վրա, իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրանում է 6.9%-ի, մինչդեռ 2019-կեսին կանխատեսված էր 5.5%:
Նոյեմբերին գնաճը շարունակվել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նոյեմբերին գներն աճել են 1%-ով՝ նախորդ ամսում գրանցված տարեկան 0.9%-ից: Ըստ ՀԲ-ի, գնաճը ՀՀ ԿԲ-ի թիրախային միջակայքի նվազագույն շեմից ցածր է։
Առեւտրային հաշվեկշիռն ընդլայնվել է ներմուծման ծավալների կայուն աճի եւ արտահանման ծավալների չափավոր աճի արդյունքում: Արտահանման ծավալները սեպտեմբերին աճել են 33%-ով, իսկ հոկտեմբերին ընդամենը 1.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներմուծման ծավալների աճը հոկտեմբերին դանդաղել է, կազմում է 15%, ինչը, ըստ ՀԲ-ի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռեւս կենսունակ ցուցանիշ է։ Այս ամենի շնորհիվ ներմուծման ծավալների հանրագումարային աճը 2019-ի առաջին 10 ամիսներին կազմել է 6.2%։
Համաշխարհային բանկը նշել է՝ ներմուծման ծավալներն ավելացել են ընդամենը 1%-ով՝ հանած տրանսպորտային միջոցների ներմուծումը, որն աճել է 70%-ով:
ՀԲ-ի ներկայացմամբ՝ նոյեմբերին ՀՀ միջազգային պահուստները փոքր-ինչ նվազել են, սակայն 2.4 միլիարդ դոլարն ըստ պատմական չափանիշների շարունակում է բարձր ցուցանիշ լինել։ Հոկտեմբերին բյուջեում տարեկան ՀՆԱ-ի պակասուրդը 0.5% է կազմել: Պակասուրդը պայմանավորված է կապիտալ ծախսերի արագացմամբ, ինչպես նաեւ եկամուտների հավաքագրման ծավալների աճի նվազմամբ։ Հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կապիտալ ծախսերի աճը կազմել են մինչեւ 40%, մասնակի փոխհատուցելով տարեսկզբի դանդաղ կատարողականը: Դեռեւս տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կեսից էլ քիչն է իրականացվել։
Հոկտեմբերին եկամուտների աճ չի գրանցվել, թեեւ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռեւս 19%-ով բարձր է։
Պետական պարտքն՝ առանց ԿԲ-ի պարտքի, 2019-ի հոկտեմբերի վերջին կազմել է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի մոտ 47.5%-ը, ինչը ցույց է տալիս նվազում 2018-ի տարեվերջի դրությամբ ՀՆԱ-ի 51.3 %-ի համեմատ։
Աղքատության ցուցանիշն, ըստ ՀԲ-ի, 2018-ին նվազել է, այն կազմել է 23.5%, 2017-ին՝ 25.7%: Աղքատության նվազումն, ինչպես նշված է համառոտ զեկույցում, ավելի արտահայտված է եղել գյուղական շրջաններում եւ Երեւանում, մինչդեռ երկրորդային քաղաքներում աղքատության ցուցանիշը բարձրացել է։
Հոկտեմբերին վարկերն ու ավանդներն աճել են գերազանցելով 15%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավանդադրումների աճի տեմպը փոքր-ինչ գերազանցում է վարկավորման ընդլայնման տեմպին։
ՀԲ-ն նշել է՝ աճել են դրամային ե՛ւ վարկերի ե՛ւ ավանդների պորտֆելները:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ