Դեկտեմբերի 17-ին Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:
Դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը: ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Արմեն Պապիկյանն ու Զուզանա Չապուտովան մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային մոտեցումները:
Դեսպան Պապիկյանը ողջունեց Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը:
ՀՀ ԱԳՆ