Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանը կշարունակեն աշխատել «Լույս»-ում

Դեկտեմբեր 17,2019 19:20

«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, մեր օրակարգը Երևանի շահերից էր բխում և շարունակում է Երևանի շահերից բխել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանն ասացին, որ «Լուսավոր Հայաստան»-ի հետ ոչ մի քննարկում չեն ունեցել, ավելին, նպատակահարմար էլ չեն գտնում «Լուսավոր Հայաստան»-ի հետ որեւէ բան քննարկել. «Մենք «Լույս» խմբակցությունն ենք ու կարող ենք քննարկում ունենալ «Լույս» խմբակցության շրջանակներում»: Ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքական խնդիր են տեսնում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի շուրջ տեղի ունեցողի առիթով:

«Եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե մեզ հետ կապված խնդիր են տեսնում, ազատ են իրենց որոշման մեջ»,- ասաց Անի Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իրենց գործունեությունը քաղաքային խնդիրների շուրջ է, քաղաքական չէ:

Եթե «Լուսավոր Հայաստանն» այնուհանդերձ որոշի հետ կանչել ավագանու «Լույս» խմբակցության իրենց անդամին՝ Դավիթ Խաժակյանին, դա Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի համար ցավալի կլինի: «Կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնո՞ւմ է քաղաքապետարանում, հե՞տ է կանչում, փոխարինո՞ւմ է, թե՞ ինչ է անում, դա մեր մեկնաբանելունը չէ, մենք հարգում ենք կուսակցության ցանկացած որոշում», – ասաց Անի Խաչատրյանը։

Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը՝ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու քննարկումների մասին, իրենց համար անակնկալ է եղել, մամուլից են իմացել: Թեհմինա Վարդանյանը չի հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել երեկվա ավագանու նիստում՝ իր պահվածքի վերաբերյալ: Ինքն ամենին վերաբերում է, որպես նորմալ աշխատանքային ընթացք եւ նորմալ է, որ խմբակցությունում կարող են լինել տարաձայնություններ, որոնց շուրջ, ի վերջո, համաձայնություն է լինում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031