Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ հավանում եմ ԿԳՄՍ նախարարին, շատ մեծ հարգանք ունեմ, բայց սպանեք ինձ, չեմ հավատա, որ մի մարդը կարող է ամբողջ համակարգ փոխել». Պասկեւիչյան

Դեկտեմբեր 17,2019 18:13

Այսօր «Մեդիան հանուն ժողովրդավարության» թեմայով քննարկման ժամանակ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը խոսել էր Հանրային հեռուստաընկերության խնդիրների մասին ու նշել, որ Հանրայինը զգալի ֆինանսական միջոցներ ունի՝ 6 մլրդ դրամ, կարող է օրակարգ ձեւավորել, բայց չի անում:

Aravot.am-ը հարցրեց՝ դուք ձեր հայտնի նամակում խոսել էիք Հանրայինի ներքին խոհանոցի մասին, բայց երբ բյուջեի քննարկման ժամանակ Արա Շիրինյանին լրագրողները հարցրեցին Հանրայինում մթնոլորտն առողջացնելու մասին, նա վստահեցրեց, որ այնտեղ մթնոլորտը առողջ է, Մարգարիտա Գրիգորյանն էլ իր տեղում է: Օրակարգ ձեւավորելու համար նախ պետք է Հանրայինում գնա առողջացման գործընթաց, դուք ունե՞ք որեւէ լուծում՝ ինչպես դա անել: Պասկեւիչյանը պատասխանեց. «Այն, ինչ ես ասում եմ, դրա հիմնական լուծումն է ներառականությունը եւ մասնակցայնության ապահովումը: Հանրայինը մասնավորապես տարիներ շարունակ դիտվել է որպես մի գործիք, որն ինքն իրենով ապրում է, ինքն իրենով սնում է ու պիտի ապահովի մարդկանց զբաղեցնելու գործառույթը: Ես առաջարկում էի, որ պետք է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել, որը կապահովեր, որ վարկանիշային առումով Հանրայինը լիներ ինքնաբավ: Հանրայինը հիմա մրցում է կոմերցիոն հեռուստաընկերությունների հետ, բայց գովազդի դաշտում չի ու այդպես կլիներ ինքնաբավ:

Որպես առաջին քայլ ասվածի արվեց մի բան, որը հաջողությամբ ձախողեցին, դա հանրությունից ծրագրերի, նախագծերի փաթեթ ընդունելու հարթակն էր, օնլայն հարթակ էր ստեղծված: Ստացանք 600-ից ավելի առաջարկներ, ես դրա վերջնական ամփոփմանը չմասնակցեցի, բայց կարող եմ ասել, որ մոտ 75-80 նախագիծ կար, որ կարող էր քննարկվել ու կարող էր որոշ աշխատանքից հետո եթեր դուրս եկած լիներ, բայց որքան ինձ հայտնի է, ոչ մեկը առայժմ եթեր դուրս չի եկել:

Այդ խնդրի լուծումը հասարակությանը հնարավորին չափ ներգրավելն է: Ես կրթության մասին խոսեցի: Կրթության խնդիրների քննարկման ժամանակ ես կուզենայի տեսնել դպրոցի դասատուներին, ուսմասվարներին, տնօրեններին, ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին: Չկան այդ մարդիկ: Եթե էդ մարդիկ չկան կրթության մասով, բնապահպանական մասով, մշակութային մասով, ո՞նց ենք մենք խոսում օրակարգ ձեւավորելու մասին, ովքե՞ր են օրակարգ ձեւավորելու: Ես շատ հավանում եմ ԿԳՄՍ նախարարին, ճանաչում եմ իրեն, շատ մեծ հարգանք ունեմ իր նկատմամբ, բայց սպանեք ինձ, չեմ հավատա, որ մի մարդը կարող է ամբողջ համակարգ փոխել»:

Ըստ Պասկեւիչյանի, համակարգը փոխվում է քննարկումների, դիսկուրսների միջոցով, մի բան, որը պիտի ապահովեր Հանրային հեռուստատեսությունը ու չի ապահովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031