Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում սպասվող ընտրությունները ևս մի մարտահրավեր են, մի փորձաքար ամբողջ հայ ժողովրդի համար՝ ապացուցելու, որ մենք կարող ենք». Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 17,2019 18:33

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը՝ երկու երկրների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի համանախագահությամբ:

Նախքան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները սկսելը տեղի է ունեցել երկու խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը:
Ազգային ժողովների նախագահները դրական են գնահատել խորհրդարանների միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների շարունակական զարգացումը և տարբեր ձևաչափերով օրենսդրական ու համահայկական նշանակության հարցերի քննարկումը և համակարգումը:

Առանձնազրույցից հետո մեկնարկել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքները:

Բացելով նիստը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է ինչպես ներքին հարցերում երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ հարաբերությունների, այնպես էլ՝ ՀՀ խորհրդարանականների կողմից միջազգային հարթակներում Արցախի տեսակետը առաջ մղելու և տարբեր երկրների պատգամավորների Արցախի Հանրապետություն հրավիրելու աշխատանքի կարևորության մասին:

Խոսելով համատեղ նիստի օրակարգի մասին՝ ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ դրանում ընդգրկվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող քննարկումներին, ինչպես նաև օրենսդրական գործունեությանը վերաբերող արդիական հարցեր:

«Սա հնարավորություն է տալիս մեզ համակարգելու մեր աշխատանքը արտաքին քաղաքական դաշտում և տարբեր ուղղություններով ներդաշնակ քաղաքականություն վարելու երկու հայկական հանրապետություններում»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս ողջույնի խոսքում ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի առանձնահատկությունը՝ այն համարելով կարևոր խողովակ՝ երկու խորհրդարանների հարաբերությունների և համագործակցության համար: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է միջազգային հարթակներում Հայաստանի ստանձնած դերն ու իրականացրած գործունեությունը, որոնք միտված են առավելապես ոչ հայանպաստ բանաձևերի չեզոքացմանը, Արցախի դիրքորոշման բարձրաձայնմանն ու ազգային շահի առաջմղմանը:

Խոսելով 2020թ.-ին Արցախում կայանալիք համապետական ընտրությունների մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է.

«Ազատ մրցակցային ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի: Արցախում սպասվող ընտրությունները ևս մի մարտահրավեր են, մի փորձաքար ամբողջ հայ ժողովրդի համար՝ ապացուցելու, որ մենք կարող ենք, և վստահաբար շարունակելու ենք ազատ միջավայրում զարգանալ»:

Օրակարգային առաջին հարցի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթը տարբեր հարթակներում թեմայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:

Վերջինս իր զեկույցը ծավալել է երեք կետերի ուղղությամբ՝ բանակցային բանաձևերի մշակում, դիվանագիտական խոսույթի ճշգրտություն և հասկացությունների ճիշտ կիրառելիություն:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները բանախոսին են առաջադրել ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիմնախնդրի գիտական հիմնավորումների ու այլ թեմաների վերաբերյալ հարցեր և հանդես եկել ելույթներով: Հարցի քննարկմանը ներկա են եղել ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը:

Ընդմիջումից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը շարունակվել է օրակարգային՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթների մասին հարցի քննարկմամբ: Քննարկմանը հրավիրվել են ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ԱՀ գիտության, կրթության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի պետական ու հավատարմագրված բուհերի ռեկտորները:

Թեմայի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ներկայացրել է նախագծի հիմնական դրույթները, մասնավորապես անդրադառնալով բուհերի և դասախոսների գիտահետազոտական գործունեությանը, կրեդիտային համակարգի նորարարություններին, միջդիսցիպլինար կապերի ուժեղացմանը, ուսանողական խորհուրդների գործունեությանը և նախագծով առաջարկվող այլ ուղղությունների: Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանումներ է տվել դասագրքերի բովանդակության, դպրոց-բուհ զուգահեռ աշխատանքի, ինտեգրված ծրագրով ուսումնառության և այլ թեմաների վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները և հրավիրվածները հանդես են եկել ելույթներով, հայտնել ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու տեսակետները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրինագիծը լրացուցիչ քննարկել համապատասխան հանձնաժողովներում և ներկայացնել առաջարկություններ:

Հանձնաժողովի նիստի եզրափակիչ մասն անց է կացվել փակ ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ խորհրդարանների ղեկավարներն այն գնահատել են արդյունավետ և օգտակար:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո ԱԺ նախագահներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Աշոտ Ղուլյանը և Արարատ Միրզոյանը հանդես են եկել ճեպազրույցով, որի ընթացքում անդրադարձել են նիստի արդյունքներին և պատասխանել լրագրողների հարցերին:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է ՊԲ զորամասեր, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել են Շուշի, որտեղ ՀՀ խորհրդարանի ղեկավարը կերպարվեստի թանգարանին է նվիրաբերել նկարներ:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031