Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հայուհին հայտնվեց Դոմինգոյի, Ռեյ Չարլզի ու այլոց շրջապատում

Դեկտեմբեր 17,2019 17:19

Ռուբի Էդելմանը, կամ ինչպես երբեմն նրան ներկայացնում են՝ Ռուբի Սանդեյը ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում: Այս օրերին նա ծննդավայր Երեւանում է: Ռուբին սիրով զրուցեց Aravot.am-ի հետ: Նա երաժշտական ընտանիքում է մեծացել: Վեց տարեկանից երգել է, սկսել է «Արեւիկ» խմբից, հետագայում ընդունվել է ջազային քոլեջ, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Սերգեյ Դանիելյանի դասարան, որը չի ավարտել, քանի որ մեկնել է ԱՄՆ:

Սիրով է հիշում Աշոտ Բզնունու հետ աշխատանքը, որի հետ հյուրախաղերի է մեկնել, թեեւ ընդամենը 12 տարեկան էր: Ջազային քոլեջում սովորելու տարիներին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ջազային փառատոնի, որտեղից վերադարձել առաջին մրցանակով: Ռուբին պատմեց, թե ինչպես է հայտնվել ԱՄՆ-ում: «Պետերբուրգից վերադառնալուց հետո Ամերիկյան համալսարանում ջազային համերգ կայացավ, որտեղ էլ ծանոթացա մենեջերիս հետ: Նա ինձ առաջարկեց տարբեր նախագծերի պայմանագրեր»,-հիշում է մեր զրուցակիցը:
Հավելում է, որ 93-94թթ գնում է Գնեսինների ակադեմիա ու Իոսիֆ Կոբզոնին խնդրում, որ մի լավ պրոֆեսոր իրեն լսի: «Ինձ ուղարկեցին պրոֆեսոր Ալեզանովի մոտ, նա ինձ լսեց ու հարցրեց՝ ո՞ւմ մոտ եմ սովորել: Ասացի Հայաստանում՝ Սերգեյ Դանիելյանի մոտ: Զարմացած ասաց՝ այս ինչ դիապազոն է, ապա առաջարկեց գնալ Իգոր Բրիլի մոտ: Ասաց, որ այդ ակադեմիայում սովորելու կարիքը չունեմ:

Բրիլը հայտնի էր նրանով, որ Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ ձայնասկավառակ էր թողարկել, որը ես սիրով պահում էի: Բրիլը ինձ լսեց: Նա այդ ժամանակ ջազային նվագախումբ ուներ ու առաջարկեց իրենց հետ Բելգիա մեկնել համերգների, ցավոք սրտի ես պետերբուրգյան փառատոնին էի պատրաստվում, դրա համար չէի կարող առաջարկն ընդունել:

Արդեն 1995 թ. ԱՄՆ մեկնեցի՝ հրավերով որպես երգչուհի, բայց այնպես ստացվեց, որ որոշեցի մնալ: Սկսեցի սովորել, ինտեգրվել, թղթերս պատրաստել: Այդ ընթացքում Դեմիս Ռուսոսը եկավ Հայաստան, իսկ իմ մենեջեր Հայկո Բյուլը, որ նրա թմբկահարն էր, ձայնագրություններս տրամադրել էր Դեմիսին: Նա շատ էր հավանել, համատեղ համերգի առաջարկ կար, սակայն «գրին քարդ» չունեի եւ չէի կարող դուրս գալ երկրից: ԱՄՆ-ում սովորելու տարիներին ինձ առաջարկ եկավ Հենրի Մանսինի կազմակերպությունից, որոնց ուղարկել էի իմ ձայնագրությունները: Իրենք աշխարհահռչակ աջակցողների ցանկ ունեն, որոնց թվում են Ռեյ Չարլզը, Քուինսի Ջոնսը, Գլորիա Էստեֆանը, Բարբարա Սթրեյզանդը: Նամակում ասվում էր, որ կազմակերպության նախագահը շատ է հավանել ձայնագրություններս, Իսկ կազմակերպությունը Հենրի Մանսինիի դուստրն էր ղեկավարում՝ Մոնիկա Մանսինին»,-հիշում է երգչուհին:

Պատմում է, թե ինչպես է հայտնի կազմակերպության հրավերով պիկնիկի գնացել Սանտա Մոնիկայի մոտակայքում՝ առանց տեղյակ լինելու, թե համաշխարհային մեծության ինչ աստղերի է հանդիպելու: Ու հետո տուն է վերադառնալու եւ իր խոսքերով՝ երեք օր շարունակ հուզմունքից պապանձվելու է: Ռուբին ասում է, որ սկզբում կոմպլեքսավորվել է, սակայն «ջեմ սեշընի» ժամանակ հուզմունքն անցել է, այնպիսի երաժիշտներ են նվագակցել, որոնց նկարները մինչ այդ ձայնապնակների վրա էր տեսել: Պիկնիկի մասնակիցների թվում էր Ռեյ Չարլզը, «Take Five»-ը եւ այլ խմբեր: «Յոթ տարի այս կազմակերպությունն աջակցեց, ինձ տեղափոխեց մի շենք, որտեղ ապրում էին երգիչներ, պրոդյուսերներ եւ մեծանուն մարդիկ»,-պատմում է Ռուբի Էդելմանը:
Նորից է շեշտում, որ բազմաթիվ համերգներ է ունեցել ճանաչված մարդկանց հետ ու նույնքան ճանաչված Motown Records-ի պրոդյուսերների հետ աշխատել:

Հիշում է Պլասիդո Դոմինգոյի եւ նրա տիկնոջ, Ջուլի Էնդրյուսի հետ հանդիպումը, երբ որպես հրավիրված երգչուհի հանդես էր գալիս Էլլա Ֆիցջերալդի 11-րդ մրցանակաբաշխությանը, ու Դոմինգոն անձամբ իրենց սեղանին էր հրավիրել իրեն:

Ռուբի Էդելմանը շրջել է երկրե երկիր: Մասնավորապես Մեքսիկայում աշխատել է հանրահայտ երաժիշտ` Արմանդո Մանսաներոյի, Տեխասում Չուչո Լոպեսի հետ, երգել է արիաներ օպերաներից, եկեղեցիներում հանդես եկել հոգեւոր ծրագրերով: Ներկայումս լրջորեն զբաղվում է դասական երաժշտությամբ, պատրաստվում է ձայնագրությունների:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031