Շուրջ 17 ամիս կալանքի տակ գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող նիստին այսօր չէր մասնակցում: «Նաիրի» ԲԿ-ից դատարանը գրություն էր ստացել, որ Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է եւ նա չի տեղափոխվել դատարան: Հիվանդանոցից նաեւ գրություն էր ստացվել այն մասին, որ կապված շաքարային դիաբետի սրացման հետ, Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է հատուկ սննդակարգ:
Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից դատարանին ուղարկված փաստաթուղթը, որով մերժվում է Մանվել Գրիգորյանին հատուկ սննդակարգի նշանակումը՝ պատճառաբանելով, որ գոյություն ունի ընդհանուր կարգ, որով քրեակատարողական հիմնարկներում սնունդ է մատուցվում: Մանվել Գրիգորյանը հրաժարվել է ճաշացանկից եւ ՔԿՀ-ում մատուցվող սննդից, օգտվել է իրեն ուղղված հանձնուքներից: Այն օրը, երբ Մանվել Գրիգորյանը չի հրաժարվի իրեն հատկացված սննդից, ՔԿՀ-ն կկարողանա ապահովել նրան անհրաժեշտ սննդով՝ ըստ հատուկ նշանակված սննդակարգի:
Դատարանին է դիմել նաեւ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ Մանվել Գրիգորյանին հարցաքննելու համար: Կողմերը չառարկեցին: Մանվել Գրիգորյանը կհարցաքննվի:
Այժմ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած հերթական միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ