Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ օրենքով ենք արել, ոչ թե ձեթ ու բրինձով, կաշառքով». պատգամավորը՝ «Իմ քայլին» նվիրաբերված միլիոնների մասին

Դեկտեմբեր 17,2019 15:30

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ ձայնը» հ/կ-ն եւ «Անտիֆեյք»-ը հրապարակել էին հետաքննության եւ վերլուծության տվյալներ՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների՝ 2018թ.-ի եկամտի եւ դրամական միջոցների հայտարարագրերը եւ նախընտրական տարում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին նրանց կողմից կատարված նվիրատվությունները, որոնք որոշ դեպքերում մի քանի միլիոնով գերազանցում են հայտարարագրում նշված գումարի չափը: Հեղինակներն այս հրապարակմամբ կասկած են հայտնել, որ գուցե կոռուպցիոն սխեմա է գործել:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը, որը հիմնադրամին հինգ միլիոն դրամ փոխանցածների թվում է, հետեւյալ պարզաբանումը տվեց. «Ամեն ինչ շատ պարզ է, եւ այդ այսպես կոչված «հայտնագործությունը» շատ պարզունակ է: Իրականում եղել է հետեւյալը: Իրականացվել էր բաց դրամահավաք՝ ուղիղ եթերում, եւ հավաքվել էր որոշակի գումար, որը պետք է ծախսվեր նախընտրական քարոզչության վրա: Բայց քանի որ նախընտրական քարոզչության նպատակով իրականացվող ծախսերը պետք է արվեին բացառապես հիմնադրամից, այդ գումարները մեր անուններով մուտք են արվել «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամ, որից էլ իրականացվել են ծախսերը: Իրականում դա շատ ավելի լավ բան է, քան հակառակը, եթե ցույց չտայինք, գաղտագողի ծախսեինք…այնպես որ, որեւէ բացասական բան չկա այստեղ: Մենք այդ ամենն իրականացրել ենք թափանցիկ՝ հիմնադրամի միջոցով, ի տարբերություն ոմանց, ովքեր նախկինում դա անում էին ձեթ ու բրինձով, «քեշով», կաշառք բաժանելով: Իսկ մենք բացառապես նախընտրական քարոզչության վրա ենք ծախսել, դա իրականացվել է հիմնադրամի միջոցով: Ուստի այս աղմուկը, որը փորձում է բարձրաձայնվել, մտավոր դեֆիցիտի պատճառով է: Ամեն ինչ արել ենք օրենքի տառին համապատասխան»:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե օլիգարխներն են միլիոններ վճարել «Իմ քայլին», որպեսզի իրենց ապահովագրեն իշխանության հնարավոր բռնաճնշումներից, Հայկ Գեւորգյանը նշեց. «Ես չգիտեմ, թե ով է վճարել, չեմ նայել հիմնադրամի այդ ցանկը: Բայց որեւէ մեկը նման կերպ չի կարող իրեն ապահովագրել ապօրինության դեպքում պատասխանատվությունից խուսափելուց»:

Հայկ Գեւորգյանը վստահեցրեց՝ հնարավոր չէ, որ օլիգարխն ապօրինություն անի, իսկ իշխանությունն աչք փակի դրա վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031