«Երբ քաղաքապետը սադրանք է անում՝ ծիծաղում է, ձեռք առնում ավագանու անդամներին նրանց ելույթների ժամանակ, եւ մարդիկ զգացմունքային իրավիճակում չեն կարողանում զսպել սադրանքը եւ տրվում են դրան, սկսողը քաղաքապետն է, բայց, կարծում եմ, սադրանքին տրվողն էլ պետք է իրեն հաշիվ տա: Հետեւաբար, գայթակղություն լինում է, բայց վայ նրան, ով կտրվի դրան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երեւանի ավագանիում իր միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին ավագանու «Լույս» խմբակցությունից, որի կազմում են նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը եւ Անի Խաչատրյանը, հետ կանչելու հարցը:
Մարուքյանը շեշտեց, որ նշյալ իրավիճակում կարեւոր է ԶԼՄ-ների վերաբերմունքը. «Երբ քաղաքապետը ծիծաղում էր մարդու ելույթի վրա, որեւէ տեսախցիկ դա ցույց տվե՞ց: Ոչ մեկը: Երբ մեդիայի անուն եմ տալիս, միանգամից ինքնապաշտպանական ռեակցիա եք տալիս: Հարց եմ տալիս՝ նկարե՞լ եք ավագանու ելույթի վրա հռհռացող քաղաքապետին…ձայնը պետք չէ, նկարե՞լ եք, չեք նկարել: Հայկ Մարությանը ծաղրել է Թեհմինա Վարդանյանին, դրանից հետո՝ Դավիթ Խաժակյանին: Նա ծաղրել է նաեւ Անի Խաչատրյանին, բոլորին ծաղրել է, գիտեր՝ «Կարգին հաղորդում»-ում է»:
Լրագրողների հակադարձումներին, թե կատարվածում ԼՀԿ ղեկավարն իրենց է մեղադրում, Մարուքյանն այսպես արձագանքեց. «Այսօր թրենդն այն է, որ թիրախավորվեն ավագանու անդամները եւ սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները, եւ դուք այդ թրենդի մեջ եք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ