«ՀՔԾ-ն բոլոր խոշտանգման գործերով այսպիսի վարքագիծ է դրսևորել: Գործը ֆորմալ առումով սկսում են՝ ինչ-որ մարդկանց հարցաքննում, հետո քնեցնում են մինչև այնքան, որ տուժող կողմը ձանձրանա և ի վիճակի չլինի պայքարել»,-«Մեդիա կենտրոնում» «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ․ ո՞ր փուլում է քրգործը» թեմայով քննարկմանը մտահոգություն հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:
Անդրադառնալով այն խնդրին, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի հետ կապված և խոշտանգման դեպքի առնչությամբ որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել, Նինա Կարապետյանցն ասաց. «Սա բացառիկ դեպք է ոչ թե գործողությունների առումով, քանի որ այդպիսիք բազմիցս տեղի են ունեցել, այլ բացառիկ նրա համար, որ մենք տեսնում ենք ու գիտենք հատ-հատ՝ ով, ինչ գործողություն է անում ու ասել, որ ակտիվ գործողություններ են իրականացնում և երկու ամիս անց որևէ մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվել, սա ցինիզմի գագաթնակետն է: Միայն չորս հոգու մասին չէ խոսքը, հինգերորդը կա նաև, ով նկարում է: Նա էլ է մեղադրյալ, բայց այսօր մենք ունենք 0 մեղադրյալ»:
Հիշեցնենք՝ այս դեպքի առիթով ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ 2008-ին, երբ այս խոշտանգման դեպքն է տեղի ունեցել, այդ տարի խոշտանգման հոդված չի եղել, սակայն մեղադրանքը հարուցված է և տուժող է ճանաչված խոշտանգման զոհը՝ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ լիազորությունների անցում. «Ընդհանուր առմամբ քրեական գործը տեղից չի շարժվում: Մինչև օրս, սակայն, որևէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ և որևէ մեկը որպես մեղադրյալ չի ներգրավված: Տեսանյութով տեսանք, թե ինչ ձևի դաժան վերաբերմունքով փորձում են ցուցմունք կորզել: Կառավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե այդ հակագազը որտեղից է հայտնվել: Լուրեր են հասնում, որ այս գործը որպես ծանր հանցագործություն է դիտարկվում և արդեն իսկ վաղեմության ժամկետն անցած է: Բայց այս գործով չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել. քրեական օրենսգրքում հստակ նախատեսվում են այն գործերը, որոնք ԵԽ կոնվենցիայով արգելվում են, նրանց պարագայում չի կարող վաղեմության ժամկետ կիրառվել»:
Կարդացեք նաև
Նա հավաստիացրեց, որ կան բոլոր հիմքերը, որ մեղադրանք առաջադրվի խոշտանգման ենթարկող անձանց:
Տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանն էլ ասաց, որ իրականում տուժողին երեք օր են խոշտանգման ենթարկել և ցուցմունք կորզել ու մանրամասնեց. «Տեսանյութում ակնհայտ երևում է, որ մարդ են ուտում: Ինձ հիմա ներկա պահին չի հետաքրքրում՝ ում ժամանակ է եղել: Սուրբ Հայաստանում մարդ ուտողները ազատ պտտվում են իրենց համար, սակայն ի՞նչ տարբերություն: Մինչև հիմա չեն դատվել, կալանավորվել: Երեք օր այդպես մարդուն ծեծել են, դատախազը չի մեղադրվել, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել, նրանք հանգիստ պտտվում են մեր մեջ: Այսինքն՝ տարբերություն չեմ տեսնում՝ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, նաև թավշյա Հայաստանի միջև: Իմ բարեկամը, ով երկար տարիներ այս հոգեբանական ծանր վիճակի մեջ է եղել, հիմա էլ ամեն անգամ քննության բերումով նայում է տեսանյութը և վերապրում»:
Մերի Գրիգորյանը տեղեկացրեց, որ գողության դեպքից հետո իր բարեկամն ազատ է արձակվել և նորից ձերբակալվել և կասկած հայտնեց, որ թմրանյութերի գործով կեղծ մեղադրանք է ներկայացվել նրան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի