«Բայց ո՞վ է ասում, որ Դավիթ Խաժակյանն իշխանությանը չի քննադատում: Այդ առումով մեկ այլ համեմատելի ավագանու անդամ չկա: Երբ ասում ենք, որ Խաժակյանի գործունեությունը ԼՀԿ-ն կիսում եւ սատարում է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց ինչպե՞ս կարելի է ասել, որ մենք սա անում ենք, որպեսզի նա չքննադատի իշխանությանը: Հակառակը: Հարցը նրանում է, որ ավագանիում բովանդակային քննադատությունն այլեւս չի դառնում ուղղություն «Լույս» խմբակցության պարագայում, որի դեպքում մենք չենք ունենում վերահսկողություն: Ինչո՞ւ, որովհետեւ մեկ անդամ ունենք, որի ձայնը՝ բովանդակային քննադատությունը, այլեւս լսելի չի լինում»,-այսօրվա հրատապ մամուլի ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երեւանի ավագանիում իր միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին ավագանու «Լույս» խմբակցությունից, որի կազմում են նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը եւ Անի Խաչատրյանը, հետ կանչելու հարցը: Որպես վերոնշյալի պատճառ Մանե Թանդիլյանը վկայակոչեց ԶԼՄ-ների անդրադարձն ու դրանից բխող քաղաքացիների արձագանքը. «Ակնհայտ է, որ ԼՀԿ-ն որպես «Լույս» խմբակցություն այլեւս ընկալված չէ»:
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ չցանկացավ գնահատական հնչեցնել Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ ամեն կուսակցություն պատասխանատու է իր ավագանիների համար. «Եթե մենք տեսնում ենք, որ մեր ազդեցությունն այնքան թույլ է, որ չենք կարողանում ազդել, բերել բովանդակային դաշտ է, սա է հարցը, այ քեզ բան… երեկ ձեզ հետ «ֆեյսբուքյան» ասուլիս էի տալիս: Մարդիկ գրում էին, որ ես պետք է կարգի հրավիրեմ… ես իրավունք ունե՞մ այլ կուսակցության անդամներին կարգի հրավիրելու: Բա որ չունեմ, ինձ ինչո՞ւ եք դիմում»:
Մարուքյանը հավելեց, որ ԼՀԿ-ն ավագանու իր անդամի պատասխանատուն է միայն եւ նրա փոխարեն կարող է որոշել՝ նա շարունակելո՞ւ է լինել ավագանու անդամ, թե ոչ. «ԼՀԿ կառավարման խորհուրդն առաջիկայում որոշում կկայացնի»:
Կարդացեք նաև
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե Դավիթ Խաժակյանի աշխատանքը ջուրն է լցվում, իմաստը ո՞րն է ավագանիում նրա ներկայացվածության. «Ինչո՞ւ ափսոսենք: Նա ապագայում կարող է լինել քաղաքապետի թեկնածու կամ պատգամավոր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ