Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ Խաժակյանին հետ կանչելու մասին. «Կեղծիքը ծամած՝ դնում է դատախազության բերանը, բայց դա հետաքրքիր չէ մարդկանց»

Դեկտեմբեր 17,2019 13:55

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսում անդրադարձավ այն փաստին, որ կուսակցությունը քննարկում է Երեւանի ավագանիում իր միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու հարցը: «Մի քանի անգամ նման գաղափար է քննարկվել: ԼՀԿ կառավարման խորհրդի մակարդակում քննարկվում է Երեւանի ավագանիում ԼՀԿ-ի մասնակցությունը վերաիմաստավորելու հարցը: Եթե որոշենք, որ պարոն Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, մենք կդադարենք ներկայացված լինել Երեւանի ավագանիում: Հետեւաբար, այլեւս չենք կրի որեւէ պատասխանատվություն՝ Երեւանի ավագանիում գործունեության համար: Սա կարեւոր հարց է: Մենք հազարավոր նամակներ ենք ստանում, ԼՀԿ մեդիաթիմը միշտ հետեւում է քաղաքացիների արձագանքներին եւ զեկույցներ ներկայացնում: Քաղաքացիներին ուզում ենք ասել, որ մենք լսում ենք նրանց, եւ դրանից բխող քայլեր ենք քննարկում»,-նախ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նրա բնորոշմամբ՝ ավագանիում երեկվա ելույթներից հետո ինչ-որ կերպ պետք է արձագանքեին այդքան գրողներին-հարցնողներին, եւ այդ արձագանքը ԼՀԿ կառավարման խորհրդի կողմից ապագայում կարժանանա որոշման:

ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանն էլ նշեց՝ եթե կուսակցության կառավարման խորհուրդը գնահատում է, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է ԼՀԿ գծից, պետք է հասկանան՝ որքանո՞վ է նպատակահարմար իրենց մասնակցությունը նման ձեւաչափում: Թանդիլյանն ու Մարուքյանը հավելեցին, որ Դավիթ Խաժակյանն այս պահին հանդիսանում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ:

Էդմոն Մարուքյանը լրագրողի հարցմանն ի պատասխան վստահեցրեց՝ բացառվում է, որ Դավիթ Խաժակյանի հարցում ԼՀԿ-ի վրա ազդած լինի իշխանության որեւէ ուղերձ. «Ես տեսա, որ նման արձագանք կա: Մենք Խաժակյանի աշխատանքից ավելի քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Նա նաեւ կարեւոր օրինակ է ՀՀ երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ: Միաժամանակ, իրավիճակներ կան, որոնք պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա դրա համար պատասխանատվություն է կրում՝ որպես խմբակցության ղեկավար, եւ այդ պատասխանատվությունը կրում է նաեւ կուսակցությունը»:

Թե մասնավորապես ինչ նկատի ունի Մարուքյանը, նա պարզաբանեց. «ԼՀԿ-ին մեղադրում են ոչ մեր անդամների գործունեության համար: Կոնկրետ եմ ասում: Մենք որքա՞ն կարող ենք պարզաբանել, սա մեզ համար լուրջ խնդիր է: Մտածում ենք չմասնակցել ավագանիում, որպեսզի որեւէ կերպ չդառնանք թիրախ: Դավիթ Խաժակյանը երեկ ավագանու ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական կեղծիք: Ո՞ւր է դրա լուսաբանումը, չկա… բայց կա այլ լուսաբանում՝ քաղաքապետի ծիծաղի եւ այլ հարցերի վերաբերյալ: Եթե հանրային ընկալումը դա է, որ ավագանու անդամը պետք է պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը, եւ դա չլուսաբանվի, որովհետեւ հետաքրքիր չէ մարդկանց, ուրեմն՝ ավելի լավ է չմասնակցենք ավագանիում, դուրս գանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031