Գազալցակայաններում նախքան հեղափոխությունը ավելի շատ ծավալներով գազ են իրացրել, բայց քիչ ցույց տվել ու հարկ վճարել, եւ խախտումները հենց դրանով էլ պայմանավորված են: Այսօր պատասխանելով հարցին, ՊԵԿ-ում կազմակերպված ասուլիսում ասաց կոմիտեի ղեկավարի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, գազալցակայանների համեմատական վերլուծությունն անհամեմատ տարբեր էր եւ խոսում էր ստվերային շրջանառության մասին. «ՊԵԿ-ը հիմնավորել է եւ ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալով գազ է իրացվել, քան հեղափոխությունից հետո եւ այդ մեթոդներով հաշվարկել ու առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ներկայումս ստուգման ակտերը դատական գործընթացի մեջ են, քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Սպասենք արդյունքներին»:
ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանելով հարցին, թե որքան է մեր երկրում ստվերի ծավալը, ասաց՝ եթե նախկինում խոսքը մոտ 40 տոկոս ստվերի մասին էր, ապա այսօր արդեն 20-22 տոկոսի մասին է. «Իհարկե, զարգացած երկրներում շատ ավելի փոքր է՝ 10-12 տոկոս, բայց գնահատականները շատ մոտավոր են: ՊԵԿ ռազմավարական ծրագրով նախատեսված են ստվերի կրճատման միջոցառումների լայն ծրագիր եւ աշխատանքներ: Չեմ կարող նշել, թե յուրաքանչյուր տարի տոկոսային ինչ չափաքանակով է նախատեսված ստվերը կրճատել, բայց, ինձ թվում է, աշխատանքների արդյունքներով պետք է գնահատել, թե իրականացված աշխատանքների ընթացքում որքան է կրճատվել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ