Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Ղազարյան. «Այդ դրույթը չպետք է վերածվի կուսակցությունների նկատմամբ որսի». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 17,2019 13:16

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը վերջնականացման փուլում է։ ԱԺ հաջորդ նստաշրջանին այն հավանաբար կլինի օրակարգում։ ՀԺ-ի հետ զրույցում ասաց օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Իսկ թե բազմակուսակցական առողջ համակարգ ունենալու համար ինչ կարգավորումներ են նախատեսվել, զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանում 80-ից ավելի կուսակցություն կա, ու եթե չեն պատրաստվում պետական մակարդակով կուսակցություններ փակելու գործին լծվել, իսկ Ղազարյանի խոսքով, ներկա կառավարող ուժը դա չի պատրաստվում անել, հետեւաբար որոշակի տրամաբանություն պետք է ունենա ֆինանսավորումը։

«Մյուս կողմից էլ պետությունը վարկային կազմակերպություն չէ, որ կուսակցություն բացեն ֆինանսական միջոցներ ստանալու համար, ոչ թե հակառակը՝ ֆինանսական միջոցներ ստանան քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Հետեւաբար, պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ ե՛ւ բազմակուսակցականությունը կայանա ու զուտ քաղաքականությամբ զբաղվելը խրախուսվի, ե՛ւ հայեցողության դաշտը սահմանափակ լինի։ Իսկ դրա ամենաարդյունավետ չափանիշը ընտրություններին մասնակցելն է։ Նույն նշածս տրամաբանությամբ՝ անհասկանալի է, թե ինչով է զբաղվում կուսակցություն ինքնանվանումով միավորումը, եթե չի ուզում մասնակցել ընտրությանը։ Իսկ մասնակցելու դեպքում եթե քվե, այն է՝ հանրային աջակցություն չի ստանում, չեմ տեսնում որեւէ տրամաբանություն՝ հանրային միջոցներ տրամադրելու այն խմբերին, որոնք հանրային վստահություն եւ աջակցություն, այն է՝ քվեների որոշակի տոկոս, չունեն»,- ասաց Ղազարյանը։

«Կուսակցությունների մասին» գործող օրենքի համաձայն՝ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Նույն օրենքի կարգավորումներով՝ կուսակցության գործունեությունը կասեցվում է օրենքի կոպիտ խախտում թույլ տալու կամ ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում, այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի կամ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին չմասնակցելու դեպքում։

Պատգամավորն ասաց, որ կուսակցությունները կասեցնելու վերաբերյալ կտրուկ գործողություններ, այնուամենայնիվ չեն նախատեսվում, եւ եթե կուսակցությունը չի մասնակցել ԱԺ կամ ՏԻՄ ընտրություններին, ապա պետք է վերագրանցման հնարավորություն ունենա։ Դրա տարբերակներից մեկն էլ, Ղազարյանի խոսքով, կուսակցության համաժողովներն են։

«Ներկայիս օրենսդրական կարգավորումներով՝ կուսակցության համագումարը առավելագույնը 4 տարին մեկ է լինում, ինչը նշանակում է, որ ընտրական ցիկլում առնվազն մեկ համագումար պետք է ունենան, այսինքն՝ իրենց գործունեության շարունակականությունը փաստող իրադարձություն, ինչը բավականաչափ փաստարկ է, որ կուսակցության գործունեությունը չկասեցվի։ Այդ դրույթը չպետք է վերածվի կուսակցությունների նկատմամբ որսի»։       ՚

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031