Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա սկզբից բարձրանալու են երրորդ երկրներից ներմուծվող շուրջ 700 ապրանքատեսակների, այդ թվում՝ մսի, կարագի, հացահատիկի, դեղամիջոցների մաքսային արժեքները։ Գնաճային սպասումներ կան նաև 2020թ. սկզբից գործողության մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունների, մասնավորապես՝ ենթաակցիզային որոշ ապրանքների հարկային բեռի ավելացման հետ կապված։ Բարձրանալու է ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզելային վառելիքի, բնական գազի, ինչպես նաև՝ ծխախոտի ակցիզային հարկը, ինչը բերելու է դրանց թանկացման։ Ու դա չի սահմանափակվելու միայն հաջորդ տարվանով։ Ենթաակցիզային ապրանքների հարկային բեռի ավելացումը լինելու է շարունակական։
Այս պայմաններում սոցիալական լարվածության թուլացման հիմնական միջոցը կարող էր լինել հասարակության եկամուտների ավելացումը։ Բայց ոչ այն, ինչ կառավարությունն ակնկալում է եկամտային հարկի նվազեցման արդյունքում։ Դա շատ քիչ է ծածկելու այն բեռը, որը ձևավորվում է այլ ոլորտներում։ Հատկապես որ, այդ բեռը չի սահմանափակվելու միայն գնաճով։
Կառավարությունը պատրաստվում է հասարակության տնօրինվող եկամուտների վրա մեծացնել հարկային բեռը։ Ու դա մտադիր է անել ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով։
Առաջիկա 2 տարիներին նախատեսվում է ներդնել առողջապահության 6 տոկոսանոց հարկ, կտրուկ բարձրացնել գույքահարկը և վերադառնալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին պարտադիր վճարվող նախկին 5 տոկոսին։ Սա, իհարկե, ամենը չէ։ Բայց այդքանն էլ բավական է պատկերացնելու համար, թե միայն նշված 3 ուղղություններով ինչպիսի լրացուցիչ հարկային ճնշում է սպասվում հասարակության եկամուտների վրա։ Այն դեպքում, երբ ոչ մի խոսք չկա աշխատավարձերի ավելացման մասին։
Կարդացեք նաև
Ասվածը, իհարկե, չի վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր այսօր էլ իրենց վատ չեն զգում՝ վայելելով պետական միջոցների հաշվին տրվող բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք նստած են ոչ միայն ցածր, այլև՝ չոր աշխատավարձերի վրա։
Եթե առողջապահության 6 տոկոսանոց հարկը կառավարությունը նախատեսում է մտցնել 2 տարուց, ապա գույքահարկի փոփոխությունը կկիրառվի ընդամենը 1 տարի հետո՝ սկսած 2021թ.։ Դրա համար կառավարությունն արդեն հասցրել է ստեղծել համապատասխան օրենսդրական բազա, ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին առավելագույնս համապատասխանեցնելու վերաբերյալ։ Սա այն օրենքն է, որը դառնալու է գույքահարկի բեռի բարձրացման սկիզբը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում