Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հիմա շատերը մտածում են ո՞վ «զահլա ունի» որեւէ ծրագիր իրականացնել, եթե, միեւնույն է, «մեջը քյար չունեն». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 17,2019 12:55

Պետական կառավարման համակարգի վերին օղակներում՝ նախարարներ-փոխնախարարներ, մարզպետներ-փոխմարզպետներ եւ այլն, հիմնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամներն են, իսկ միջին եւ ստորին օղակներում՝ առավելապես նախկին իշխանությունների օրոք համակարգ մտած պետծառայողներ։ Իսկ Հայաստանում պետական կառավարման համակարգը տասնամյակներ շարունակ աշխատել է բոլորովին այլ մեխանիզմով։ Աշխատելու հիմնական մոտիվացիան եղել է կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելու եւ անձնական բարեկեցությունն ապահովելու հեռանկարը, եւ պատահական չէ, որ պետական շատից-քչից լուրջ պաշտոններ զբաղեցնողները, չնչին բացառություններով, շատ արագ հարստանում էին։

Այսօր այդ մոտիվացիան գործնականում վերացել է՝ կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելը չափազանց վտանգավոր է: Իսկ եթե մոտիվացիա չկա՝ չկա նաեւ աշխատելու ձգտում։ Օրինակ՝ նախկինում նախարարությունները կամ մարզպետարանները ձգտում էին առավելագույն թվով տարբեր «ծրագրեր իրականացնել», որովհետեւ այդ գումարների 15-20 տոկոսը, եթե ոչ ավելին, պաշտոնյաների գրպանն էր մտնելու՝ հստակ քվոտաներով, ըստ աստիճանակարգի։ Իսկ հիմա շատերը մտածում են ո՞վ «զահլա ունի» որեւէ ծրագիր իրականացնել, եթե, միեւնույն է, «մեջը քյար չունեն»։ Ավելի լավ չէ՞ հանգիստ վայելել բարձր աշխատավարձն ու պաշտոնի ընձեռած մյուս հնարավորությունները եւ պարզապես սուրճ խմելով սպասել աշխատանքային օրվա ավարտին։

Կամ, ասենք, նախկինում իրավապահները լավ էլ եռանդով ինչ-որ հանցագործություններ էին բացահայտում, որովհետեւ 10 գործերից 9-ի դեպքում մի բան կպոկեին ու կկոծկեին, իսկ հիմա, քանի որ անձնական շահագրգռվածությունն ավելի թույլ է, գերադասում են մեծ ակտիվություն չցուցաբերել։

Կամ, ենթադրենք, որեւէ համայնքում որեւէ չինովնիկ ինչ-որ մեկին շինթույլտվություն տալ-չտալու որոշում պիտի ընդունի։ Նախկինում դա չինովնիկի համար տոն էր՝ վերցնում էր կաշառքն ու տալիս թույլտվությունը։ Իսկ հիմա դա բացառված է։ Չինովնիկը կամ պիտի մերժի (դրանից «քյար չկա»), կամ օրենքով սահմանված կարգով տա այդ թույլտվությունը (սրանից նույնպես անձնական «քյար չունի»)։ Բնականաբար՝ գերադասում է ընդհանրապես ոչինչ չանել եւ ամիսներով ձգձգել գործը։

Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակում լուծել այս հարցը՝ բոլոր «սուրճ խմողներին» հեռացնել համակարգից ու նրանց փոխարինել նոր, երիտասարդ կադրերով։ Դա չափազանց բարդ է, որովհետեւ հայտնի չէ, թե որտեղից կարելի է գտնել այդ երիտասարդներին՝ երկար տարիներ Հայաստանի բուհերը «սաքուլիկներ» են բուծել, իսկ նորմալ երիտասարդները կամ հետագայում «սաքուլիկներ» են դարձել՝ հայկական իրականությունում իրենց տեղը գտնելու համար, կամ արտագաղթել են։ Այսինքն գործնականում չկա այն սերունդը, որը պիտի փոխարինի պետական կառավարման համակարգի մի քանի հազար չինովնիկներին, նոր գաղափարներով մտնի համակարգ ու սկսելով ամենաներքեւի օղակներից՝ քայլ աո քայլ աճի եւ դառնա պրոֆեսիոնալ պետծաոայող։

Մի խոսքով՝ համակարգի դիմադրությունը լուրջ է եւ միանգամից ջարդել հազիվ թե ստացվի։ Բայց որ մեզ նոր որակի պետական կառավարման համակարգ է պետք՝ դա հաստատ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031