Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք սպասում են Թավշյա հեղափոխության «Թերմիդորի» նախադրյալներին

Դեկտեմբեր 17,2019 22:00

Անցած մեկ եւ կես տարին Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորեցին մի պատկերացում, թե հայկական քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ՝ այն, ինչ ընդունված է կոչել հայկական քաղաքականություն, բաժանվել է երկու անհավասար մասի. «ներկաների» եւ «նախկինների», եւ որ նախկինները ձգտում են ռեւանշի։ Բնականաբար, «ներկաները», իշխանությունը, ձգտում են նրան, որ դա թույլ չտան, եւ հենց դա՛ է երկրում ներքաղաքական գործընթացի ողջ էությունը։ Սա ոչ միայն պարզունակ պատկերացում է, այլեւ կապ չունի իրականության հետ եւ իրենից ներկայացնում է կեղծ դիսկուրս։

Նախ, որովհետեւ, մեծ հաշվով, «նախկինները», գոնե նրանց քաղաքականապես բանական եւ կրեատիվ հատվածը (որն, ի դեպ, այնքան էլ մեծ չէ) այնուամենայնիվ քաջ գիտակցում է, որ դա ուղղակի անհնարին է պատմականորեն, եւ եթե նույնիսկ նման հնարավորությունն ինչ-որ հրաշքով իջնի երկնքից, ապա առաջին եւ միակ բանը, որը պետք է անել՝ դա փախչելն է այդ հնարավորությունից։ Իսկ քաղաքականապես ոչ այնքան բանական եւ ոչ այնքան կրեատիվ հատվածն էլ դա զգում է բնազդով։ Ինչ վերաբերվում է իշխանությանը, ապա վերջին բանը, որը նրանց մտահոգում է՝ դա «հնարավոր» ռեւանշն է։ Սակայն, «նախկինների» գործոնը չափազանց կարեւոր է հանրային աջակցության մոբիլիզացման համար։ «Նախկիններն» իրենց կենցաղային մանրախնդրության բերումով կարծես ոչինչ չեն խնայում, որպեսզի հանրության զզվանքը վառ պահեն, իսկ իշխանությանը մնում է ընդամենը մերթ ընդ մերթ մատնացույց անել այդ «աղմուկի աղբյուրին» եւ շատ պատկերավոր զգուշացնել, թե ինչ կլինի նրանց հետ, եթե «հանգիստ տեղները չնստեն», դրանով պարտքը կատարած համարելով այդ մասով։

Մինչդեռ իրական մարտահրավերն այլ տեղ է, եւ դրա մասին բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, որ կառավարությունն այս տարի ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները՝ արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի եւ ի հեճուկս նախարարությունների, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ «Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետեւ ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք», – ասում է Նիկոլ Փաշինյանը։

Սա բավականին ուշագրավ եւ ծանր արձանագրում է։ Այստեղ արդեն ոչ թե «ներկաներ-նախկիններ» պայմանական սահմանագծով է անցնում երկընտրանքը, այլ պարզ «կարողանալ-չկարողանալու»։ Խոսքը ինստիտուտների ֆունկցիոնալ կարողության մասին է։

Երբ ընդունվեց կառավարության հնգամյա ծրագիրը, որտեղ հստակությունը քաղաքականապես ակտիվ հանրության սպասվածից քիչ էր, ասվեց, որ սա ընդհանուր տեսլականն է, որ կոնկրետությունն ի հայտ կգա առանձին ռազմավարությունների, առանձին ոլորտների եւ ճյուղերի բարեփոխման ծրագրերի մշակման ժամանակ։ Եվ կյանքը ցույց տվեց, որ պարզապես չկա մի ոլորտ, որն արմատական բարեփոխման կարիք չունենա։ Իսկ դա նշանակում է, որ ի հայտ է գալիս նոր երկընտրանք. վարկանիշ vs բարեփոխումներ, որը չափազանց դժվար է համատեղվում, հիմնականում չի՛ համատեղվում, համատեղվում է միայն այն դեպքում, երբ թավշյա է ոչ թե ձեռքը, այլ միայն ձեռնոցը, որը հագցրած է պողպատյա ձեռքին։

Հայաստանում եւ Հայաստանից դուրս ուրվագծվել են «բեւեռներ», որոնց գործունեությունը տարբեր «հայրենասիրական», «արցախյան», «ավանդապաշտական» եւ հար եւ նման սոուսների ներքո ուղղված է բարեփոխումների հնարավորությունն իսկ փակելուն, քանզի դրանք, այդ բարեփոխումները, ըստ իրենց՝ ի սկզբանե «հակապետական» են եւ «հակաազգային», «ուղղորդվում են դրսից», «քանդում են երկիրը» եւ այլն։

Սակայն, գոնե այս պահին նրանք հասկանում են, որ շանսերը կբացվեն, երբ հիասթափության չափաբաժինը կդառնա բավարար, որպեսզի ինչ-ինչ հիբրիդային «խաղերի» համար պարարտ հող ստեղծվի, հող ստեղծվի «Թերմիդորյան հեղաշրջման» համար։ Նրանք չեն էլ թաքցնում, որ «ընտրություններով մեր երկրում ոչինչ էլ չի լինում, այլ ընտրություններով վերջանում է»։

Ըստ այդմ, կարող է «սկսել», երբ մարդիկ օտարված կզգան պետական կառավարման համակարգից, նրանց ամենօրյա աշխատանքը կդառնա անհասկանալի, կասկածելի, հուսահատեցնող, այնուհետեւ՝ հիասթափեցնող, իսկ իշխանության մեջ տեղի կունենա պառակտում եւ բաժանում՝ անփորձ «գաղափարական» միամիտների եւ փորձառու «աչքաբաց» պատեհապաշտների, որոնցից առաջիններին կարելի է չեզոքացնել, իսկ երկրորդների հետ դաշնակցել։

Արտաքին քաղաքական բոլոր հայտնի խարդավանքներն իրենց ամենաանպատկերացնելի դրսեւորումներով՝ խափանվել են. այլեւս ռուսները կարծես չեն հավատում, որ «ամեն ինչ Սորոսն արեց», իսկ Արեւմուտքին էլ չկարողացան «կերակրել», թե «սա ամենառուսամետ իշխանությունն է», ընդ որում՝ դա անում էին միաժամանակ։ «Ֆուշեներ» չկան, «թալեյրաններ» նույնպես չկան, բարեբախտաբար «գիլյոտիններ» էլ չկան, որ կենաց-մահու հարց առաջանա, պատերազմական ֆորս-մաժորի հնարավորությունը, որի մասին եւս ոմանք երազում էին՝ նույնպես վիժեցվեց մեր դիվանագիտության եւ բանակի համատեղ ջանքերով։ Իսկ միայն երկրի վրայի կապանքները կտրելու արդյունքում ռեկորդային տնտեսական աճը լրջագույն ակտիվ է իշխանության համար, որը կարող է նոր թափ ապահովել բարեփոխումներին, սակայն, սա «շուտ փչացող ապրանք» է, եւ անհրաժեշտ է օր առաջ գործի դնել։

2020-ի փետրվարին պետությունը թեւակոխելու է քաղաքական զարգացման նոր փուլ, որի արդյունքը կանխորոշելու է ոչ միայն բարեփոխումների, այլեւ պետության ճակատագիրը։ Այլեւս ընկալելի չի լինի որեւէ պատճառաբանություն, թե «ով է մեղավոր», իսկ «մենք իրավական պետություն ենք» նախադասությունը որպես անգործության ինդուլգենցիա այլեւս «վաճառել» չի ստացվի։ Նոր Սահմանադրություն, դատաիրավական համակարգի, իրավապահ մարմինների բարեփոխումներ, պետական ապարատի կրճատում, ժողովրդավարության եւ ազատությունների երաշխիքների անշրջելիության ապահովում եւ մի-քանի այլ ոլորտներ եւ ուղղություններ. ահա ձեզ «եւ չագուչ, եւ մեխեր», տեղերն էլ են հայտնի, թե որտեղ պետք է խփեք, մանդատ էլ ունեք, աջակցություն էլ, ուրիշ ի՞նչ եք ուզում։ Ունեք նաեւ կարեւոր ահազանգ. քաղաքացիները որպես ամենամեծ բացթողում մատնանշում են վատ կառավարումը…

Իսկ նրանք սպասում են Թավշյա հեղափոխության «Թերմիդորի» նախադրյալներին, որը դուք կստեղծեք, եթե շարունակեք «ի հեճուկս պետական ապարատի» աշխատել եւ իրապես այդ ներքին դիմադրությունը, հասկանալու անկարողությունը, անպատասխանատվությունը, չինովնիկական ապաթիան չջարդեք, էապես չբարելավեք կոմունիկացիան հանրության հետ։ Կասկած չկա, որ դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են, եւ մոռացե՛ք քաղաքական հանգուցյալներին։ Նրանց կմնա միայն փնթփնթալը եւ զազրախոսելը, դա հաստատ մահացու չէ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031