Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջենգիզ Աքթար. Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցը չի վերադառնալու ակտիվ օրակարգ. «168 ժամ»

Դեկտեմբեր 17,2019 12:45

Անկարան թե նախագահի աշխատակազմի ղեկավարի, թե ԱԳ նախարարի մակարդակով դատապարտել է ԱՄՆ Սենատի որոշումը։

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում։ Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և ներկայացուցիչների պալատում, և Սենատում։

«Այս օրերին Սենատում քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և սիրիական օպերացիան իրականացնելու համար։ Թվում էր, թե Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցից հետո որոշակի փոփոխություն մտավ թուրք-ամերիկյան հարաբերություններում, որին հաջորդեց ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից ջանքեր Սենատում այս բանաձևի ընդունման դեմ, և մի քանի անգամ այդ միջամտությունը հաջողեց, սակայն վերջնարդյունքում հաջողեցին բանաձևի հեղինակները, քանի որ կար դժգոհություն Թուրքիայի քաղաքականությունից Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի սիրիական վերջին օպերացիան և Ռուսաստանի հետ սպառազինության գործարքը, որի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-ԱՄՆ ձևաչափերում։ Չեմ կարծում, թե ԱՄՆ նախագահի օրակարգում կա ճանաչման հարց, այլապես նախագահի վարչակազմից միջամտություն չէր լինի։ Ես չեմ կարծում նաև, որ սա Թուրքիայի նկատմամբ ճնշման փորձ է, քանի որ այն իսկապես ոչ թե ճնշում է, այլ ավելի է սրում Թուրքիայի իշխանական շրջանում առկա տրամադրությունները։ Սա առավելապես առկա տրամադրությունների արտահայտում է ԱՄՆ Կոնգրեսում, որը տեղի է ունենում մի շրջանում, երբ մի քանի ուղղություններով թուրքական քաղաքականությունը սուր քննադատության է ենթարկվում։ Չեմ կարծում, թե սա օգտագործվում է՝ որպես ճնշման գործիք»,- պարզաբանեց Ջենգիզ Աքթարը։

Նրա խոսքով՝ այս փուլում նման քայլերը միայն հիշեցնում են, որ աշխարհում կա նման չլուծված պատմական էջ, սակայն իրականում ոչինչ չեն փոխում, քանի որ չունեն հետևանքներ՝ «շարունակականություն»։

Բնականաբար, Աքթարի խոսքով, սա չի փոխելու Թուրքիայի քաղաքականությունն իր հարևան երկրի հանդեպ, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցը չի վերադառնալու ակտիվ օրակարգ։ «Ի վերջո, կարևորը հարաբերությունների վերականգնումն է, բայց այդ հարցը դուրս է եկել երկու երկրների ակտիվ օրակարգերից։ Ես այս պահին չեմ քննարկում, թե որ կողմի մեղավորության հետևանքով է ստեղծվել ներկայիս իրավիճակը, բայց երկու երկրներն էլ այսօր զբաղված են շատ այլ հարցերով, և իրերի ներկայիս դրությունը կարծես չի անհանգստացնում որևէ կողմի»,- ասաց վերլուծաբանը։

Վերջինիս կարծիքով՝ ավելի ազդեցիկ կլինեին քայլերը, որոնք կունենային իրավական հետևանքներ և շարունակություն։ «Իսկ նման բանաձևերը պարզապես ևս մեկ անգամ բարձրաձայնում են նման հարցի առկայությունը, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է։ Լոբբիստական կազմակերպությունները, վստահ եմ, այս ուղղությամբ կշարունակեն աշխատել, բայց երբ կունենան հաջողություն, կրկին դժվար է ասել՝ հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունները։ Այս բանաձևը չի կարող փոխել թուրքական քաղաքականությունը, ինչպես և շատ ուղղություններով Թուրքիայի քաղաքականությունը, որին ԱՄՆ-ը դեմ է, չի կարողանում վերահսկել, քանի որ Թուրքիան նաև արժեքավոր գործընկեր է Արևմուտքի համար, և պատժամիջոցների սահմանումը բավականին բարդ հարց է ԱՄՆ-ի համար, որը կարող է փակուղի մտցնել հարաբերությունները»,- ասաց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031