Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգ

Դեկտեմբեր 17,2019 12:40

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դրա իրագործումն ու ԵՄ աջակցության գործիքները վերջին շրջանում

ՀՀ կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժը թե նախընտրական եւ թե կառավարության գործունեության ծրագրերում ընդհանուր գծերով անդրադարձել են ԵՄ հետ համագործակցությանը եւ 2018թ. հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ մտած եւ կիրարկվող ԵՄ Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում այն տեղ էր գտել շատ ընդհանուր, այնուամենայնիվ, կարեւորություն տվող ձեւակերպմամբ. «քայլեր ենք ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ…», իսկ կառավարության ծրագիրը այն դիտում է որպես «կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն»։ Այսինքն՝ կառավարությունը կամ այս ծրագրի հիման վրա պետք է սկսի բարեփոխումների ակտիվ աշխատանք, կամ նախաձեռնվող բարեփոխումները առնվազն պետք է հիմքում ունենան նաեւ այս համաձայնագրի դրույթները։

Ի լրումն վերոնշյալի, պետք է փաստել, որ համաձայնագիրը պարունակում է նաեւ հանձնառություններ յոթ հիմնական ոլորտներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը մոտարկման առումով, ինչը պետք է մշտապես լինի կառավարության ուշադրության կենտրոնում։

Ուսումնասիրությունը, թե ինչքանով է ՀՀ կառավարությունը պատասխանատվությամբ մոտենում հանձնառությունների իրականացմանը եւ համաձայնագրի կիրարկմանն ընդհանրապես, վեր է հանում որոշակի պատկեր։

Հանձնառությունների իրականացման նպատակով ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 666-Լ որոշմամբ հաստատվել էր Համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որտեղ սահմանված են հանձնառությունների իրականացման հիմնական միջոցառումները եւ դրանց կատարման ժամկետները։ 2019 թվականի համար դրանք ինն են, սակայն նոյեմբերի դրությամբ դրանցից իրականացվել էին երեքը, եւս մեկ միջոցառում էլ իրականացվել էր մասամբ։

Հուսադրող չէ պատկերը նաեւ բարեփոխումների օրակարգի տեսանկյունից, քանի որ մինչ օրս Համաձայնագիրը չի դիտարկվում որպես ոլորտային բարեփոխումներին ուղղված ռազմավարական ծրագրերի մշակման հիմքերից մեկը։ Մինչեւ 2019 թվականի նոյեմբերի դրությամբ, www.e-draft.am կայքի միջոցով հանրային քննարկման ներկայացված 20 ռազմավարություններից ու հայեցակարգերից միայն երեքի դեպքում է շեշտադրում կատարվում ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն ներառելով փաստաթղթի հիմքերի ցանկում։ Եվս մեկի դեպքում  համաձայնագիրը հիշատակվում է որպես ֆինանսավորման աղբյուր՝ ակնկալելով մոտ 4 մլն. դոլարի ներդրում լաբորատորիաների ստեղծման համար։

ՀՀ կառավարության կողմից այս համաձայնագրի կիրարկման եւ ճանապարհային քարտեզի իրականացման մոնիթորինգի համար 2018 թվականի հուլիսի 2-ի թիվ 906-Ա որոշմամբ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով։ Մի քանի դիտարկում վերջինիս մասին.

Նախ, հանձնաժողովի անդամներ են հանդիսանում այնպիսի պետական կառավարման մարմինների երկայացուցիչներ, որոնք դադարեցրել են գործունեությունը։ Թե ովքեր են նոր անդամները, ինչպես են նրանք ներգրավվում հանձնաժողովի աշխատանքներին, հասկանալի չէ։

Երկրորդ, Հանձնաժողովի գործունեության մասին կատարվում են միայն կարճ մամլո հաղորդագրություններ /նիստերի արձանագրություններ հրապարակված չկան/։ Քանի որ ՀԸԳՀ դրույթները վերաբերում են հասարակությանը հետաքրքրող գրեթե բոլոր թեմաներին, կան իրավական մոտարկման պարտավորություններ, ճիշտ կլիներ հանրությանը ներկայացնել համաձայնագրի իրականացման ընթացքի քննարկումների մասին առավել կոնկրետ տեղեկատվություն։

Երրորդ, վերոնշյալ որոշմամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում պետական մարմինները միջգերատեսչական հանձնաժողովին պետք է ներկայացնեն ամփոփ տեղեկատվություն՝ իրականացված եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվությունների ներկայացումը միգուցե եւ իրականացվում է, սակայն հաշվետվողականությունն ինքնանպատակ չէ: Մոնիթորինգի յուրաքանչյուր փուլից հետո պետք է վեր հանվեն առկա բացերը, խնդիրները, պլանավորված աշխատանքների իրականացման հնարավոր ռիսկերը, ինչպես նաեւ մշակվեն ու ներդրվեն ռիսկերի նվազեցման միջոցներ: Առկա հրապարակային տեղեկատվությունը առնվազն լռում է այս աշխատանքների մասին, եւ չկա որեւէ անդրադարձ, թե որ փուլում է Համաձայնագրով սահմանված գործողությունների իրականացումը, արդյոք կա համապատասխանություն սահմանված ժամանակացույցի հետ, ինչ ընթացիկ խնդիրներ ու բարդություններ են նախանշվում այս հսկայածավալ աշխատանքի մեջ, որոնք են դրանց հաղթահարման ուղիները եւ այլն:

Չորրորդ՝ ցածր է հանրային իրազեկման մակարդակը: Թե բարեփոխումների ու Համաձայնագրի գործողությունների, թե հանրային իրավագիտակցության ու կրթության առումով առանցքային է, որ հանրությունը ժամանակին ու թիրախավորված ձեւով իրազեկված լինի իրականացվող քայլերի մասին, որոնք նաեւ ազդեցություն են ունենալու իրենց կյանքի որակի ու գործունեության վրա: Այս ամենը, սակայն, չի արվում, ինչը առնվազն չի բխում ՀՀ կառավարության եւ իշխող քաղաքական ուժի ծրագրային մոտեցումներից։

Եվրոպական միությունը Հայաստանի օրենսդրությունը մոտարկելու եւ համաձայնագրով ստանձնած հանձնառությունները կատարելու համար տրամադրում է նաեւ անհրաժեշտ տեխնիկական աջակցություն՝ տարբեր մեխանիզմների եւ գործիքների միջոցով. Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Սոսյու, Բյուջետային աջակցություն, ինչպես նաեւ առանձին տեխնիկական աջակցության գրանտային ծրագրերի եւ ռեգիոնալ տարբեր ծրագրերի միջոցով։ Այս գործիքներից առնվազն երեքը (Թայեքս, Սիգմա եւ Սոսյու) մշտապես հասանելի ծրագրեր են, որոնց միջոցով աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան պետական մարմինների նախաձեռնություն։ Սակայն հայկական տիրույթում բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ միջոցառումներ են իրականացվում նշված ծրագրերի ներքո, որ մարմինն է համակարգում դրանց իրականացումը, ընդհանրապես ինչ աշխատանքներ են իրականացվում աջակցության գործիքների մասին իմացության բարձրացման ուղղությամբ։

Որքան ես տեղյակ եմ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այլեւս չի համակարգում ԵՄ աջակցությունը (թեեւ դա սահմանված է նախարարության համապատասխան վարչության կանոնադրությամբ)։ Փաստացի այդ գործառույթներն այսօր իրականացվում են կառավարության աշխատակազմում /փոխվարչապետի գրասենյակ/, սակայն պաշտոնական հրապարակված աղբյուրներում որեւէ իրավական հիմք առկա չէ։ ՀՀ պետական /ինչպես նաեւ ոչ պետական/ մարմիններում ԵՄ աջակցության գործիքների, դրանց հասանելիության եւ ընթացակարգային մանրամասների մասին իմացությունը կարեւոր դեր ունի ֆինանսական եւ մասնագիտական աջակցության արդյունավետ ստացման հարցում։ Այս գործում կարեւոր է երկրում ազգային համակարգողի ակտիվ դերակատարումը. կարծում եմ՝ այս մասով աշխատանքը թույլ է եւ շատ ավելի մեծ աշխատանք իրականացնելու կարիք կա։ Քաղաքական որոշումները անհրաժեշտ են, բայց ոչ բավարար աջակցության տրամադրման եւ համատեղ ծրագրերի իրականացման համար. անհրաժեշտ է ԵՄ ընթացակարգերի մասին իմացություն եւ հետեւողական մասնագիտական աշխատանք բոլոր ներգրավված կառույցների կողմից։

2018-2019 թվականներին նկատելիորեն նվազել է եվրոպական հարեւանության գործիքի ներքո տրամադրված աջակցությունը եւ ՀՀ պետական մարմինների կողմից ԵՄ ծրագրերից օգտվելու քանակը։ Օրինակ՝ ճանապարհային քարտեզով 2019 թվականի համար նախատեսված 38 Թայեքս միջոցառումներից կիրականացվի ընդամենը 8-ը։ Չի սկսվել նաեւ ոչ մի նոր Թվինինգ ծրագիր, թեեւ դրանք նախատեսված են նաեւ ճանապարհային քարտեզով եւ այլն։

Ամփոփելու համար կուզենայի մի քանի դիտարկում առանձնացնել.

  • ԵՄ հետ պետք է աշխատել ԵՄ ընթացակարգերի եւ գործիքների մասին ՀՀ հնարավոր շահառու մարմիններում իմացության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքով եւ գործընթացները ճիշտ համակարգելով, որպեսզի ապահովվի առավելագույն արդյունք՝ թե բովանդակային եւ թե ֆինանսական առումով։ Կարծում եմ՝ ներկայումս կատարվող աշխատանքը էական բարելավման կարիք ունի. սրա մասին է խոսում նաեւ ՀՀ-ում ԵՄ աջակցության գործիքների եւ իրականացվող աջակցության ծրագրերի օգտագործման թվերի անկումը,
  • Ներքին քննարկումներում չկա ընդհանուր ընկալում եւ քաղաքական շեշտադրում ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերի եւ կարեւորության մասին, հատկապես ՀՀ ներքին բարեփոխումների գործընթացներում օգտագործելու տեսանկյունից։ Համաձայնագիրը կարող է եւ պետք է հիմք հանդիսանա տարբեր ոլորտներում ՀՀ ռազմավարական բնույթի բարեփոխումային փաստաթղթերի կազմման համար։
  • Համաձայնագրով ստեղծված մարմինների եւ միջգերատեսչան հանձնաժողովի գործունեությունը կրում է առավելապես ֆորմալ բնույթ, դրանց եւ համաձայնագրի իրականացման մասին տեղեկատվությունը հասարակության համար սահմանափակ է, ոչ բավարար թափանցիկ։ Նկատելի չէ նաեւ քաղաքացիական հասարակության միավորների ներգրավածությունը այս գործընթացներին։

Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031