Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ պարզվեց, որ առաջիկա տասն օրում շտապ 95 մլն գումարած 36 մլն դրամ է պետք գործուղման համար. «Հրապարակ»

Դեկտեմբեր 17,2019 11:34

Գործուղումների ծախսն ավելացնելու վերաբերյալ նախագիծը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության անցած նիստի օրակարգ մտցրեց ծածուկ։ Այն չզեկուցվող հարցերի շարքում էր։ Այդ որոշմամբ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գործադիրի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացնել լրացուցիչ 95 մլն դրամ։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության համար լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ»,- գրված է հիմնավորման մեջ։

Թե որ մարմիններն են լրացուցիչ գումարներ ուզել գործուղումների համար, չի նշվում։ Չկան նաեւ առարկություններ կամ կողմ կարծիքներ, որոնք սովորաբար կցվում են կառավարության որոշումների նախագծերին։ Միայն գրված է, որ ՀՀ վարչապետի որոշումների եւ ՀՀ նախագահի կարգադրությունների հիման վրա արդեն իսկ ներկայացվել են արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով 26 մլն դրամ գումարի հայտեր, եւ կան նաեւ վարչապետի ու նախագահի այլ որոշումներ ու կարգադրություններ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռեւս չեն ներկայացվել։ Սա նշանակում է, որ խոսքը վարչապետի, կառավարության անդամների եւ նախագահի գործուղումներին է վերաբերում։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հավատում է կառավարությանը, որ կան պլանավորված այցելություններ։ «Թե չէ իզուր տեղը ոչ մեկը չի գնա էդ փողը ծախսի»։

– Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ առաջիկա տասն օրում շտապ 95 մլն գումարած 36 մլն դրամ է պետք գործուղման համար։

– Կարող է լինել։ Կարող է պատվիրակություն գնա, կարող է մի քանի երկիր գնա վարչապետը, կարող է լինել։ Չգիտեմ, թե ինչն է բանը, բայց հաստատ դա նոր տարվա շրջանառության գումար չէ։

– Ամենասկզբում, դեռ տարեսկզբին, պլանավորված է եղել մոտ 350 մլն, հետո գործուղումների գումարը մեծացավ՝ 800 մլն-ից ավելի դարձավ, հիմա պարզվում է՝ դա էլ է քիչ։ Դա վատնում չէ՞:

– Ոչ, վատնում չէ։ Միջազգային հարաբերություններում կարող է այնպես լինել, որ պահի տակ պետք լինի հրատապ ինչ-որ տեղ գնալ։ Ես Սեւծովյան տնտեսական հանձնաժողովի մեր պատվիրակության ղեկավարն եմ։ Կան պլանավորված այցեր ու ընթացքում կարող են լինել, ասենք, չպլանավորված ինչ-որ բաներ, ասենք, Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նախաձեռնությամբ նիստ հրավիրվի, որին պետք է մասնակցես։ Եթե չմասնակցես, կարող է տանեն մի հատ ինչ-որ հակահայկական բանաձեւ անցկացնեն, ինչ-որ որոշում ընդունեն։ Այսինքն, պլանավորվածից դուրս կարող է լինի, կարող է չլինի նման անհրաժեշտություն, կարող է պետք եղածից շատ լինի, բայց եթե խիստ անհրաժեշտ չլինի, ու գնան, էդքան փող ավելացնեն՝ այդպես չէ, էլի։

– Բայց պլանավորվածից 2,5-3 անգամ ավել ծախսում են, դա նորմա՞լ է։

– Դե, պլանավորվածից ավելի է, բայց պլանավորվածից ավելի մուտք է եղել, տնտեսական աճ է եղել պլանավորվածից ավելի, ավելի շատ հարկ է հավաքվել, ու եթե ամեն ինչ համաչափորեն ավելանում է, գործուղումներն էլ կարող են ավելանալ, ու չեմ կարծում, որ դա այն գումարն է, որի համար անհանգստանանք։ Ընդ որում, ո՛չ բիզնես կլասով են գնում, ո՛չ ճոխություններ են թույլ տալիս, համեստ գնում են, գալիս են։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031