Սեղմած գազը կիլոգրամով վաճառելու կառավարության որոշումից և սպասումներից հետո, թե այլևս հնարավոր չի լինի քաղաքացիներին խաբել, իրականություն չդարձավ: Հակառակը, քաղաքացիները կրկին ահազանգում են լցակայաններում իրականացվող խաբեությունների մասին, երբ իրենց վճարած գումարի դիմաց չի իրականացվում համապատասխան գազալիցքավորում:
Այն, որ գազալցակայանները, խաղալով «քաշ-ծավալ-գին» եռանկյունում, ուղղակի թալանում են մարդկանց ու շարունակում են ստվերում գերշահույթ կորզել՝ խաբելով նաև պետությանը, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքերով, բոլորին է հասկանալի: «Շատ մեծ խզում կա տարբեր լցակայանների առաջարկած գների, ծավալների, որակի միջև: Մի լցակայանում վարորդը կարող է գազաբալոնը ամբողջությամբ լիցքավորել և կատարել, ասենք, 180 կմ վազք, իսկ մեկ այլ լցակայանում նույն վճարի դիմաց արված ամբողջական լիցքավորումով կատարի 120-130 կմ վազք: Ընդ որում` նույն պայմաններում՝ ճանապարհային, խցանումների պարագայում: Լցակայաններում առկա սարքավորումների վրա հնարավոր է մարդկային գործոնով պայմանավորված կարգավորումներ անել, իսկ քանի որ վերահսկողություն չկա, մարդիկ ձևը գտնում են: Փաստ է, որ այսօր այդ շուկայում լուրջ խնդիր կա, որը պետք է շարունակական մոնիթորինգի, վերահսկողության տակ լինի: Երևի հանրապետությունում առկա մի քանի հարյուր լցակայաններից մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնց տերերը բարեխիղճ են ու չեն խաբում: Միայն թե հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունը ի՞նչ է մտածում այս ամենից հետո: Դատելով ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներից, այդ կառույցն առայժմ միայն «մտահոգված է»: Ու պարզվում է, որ գազի որակի ուսումնասիրությունն էլ իրենց լիազորության տիրույթում չէ: Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, թե գազալցակայանները օր օրի ինչպես են սնկի նման բազմանում: Հասկանալի է՝ գերշահութաբեր բիզնես է՝ այն էլ հսկող-վերահսկող մարմինների քթի տակ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ ցանկության դեպքում խնդիրը կարելի է լուծել բառացիորեն 1-2 շաբաթվա ընթացքում, պարզապես պետք է որ վերահսկողները վերահսկեն շուկան: Մեր զրուցակցի խոսքերով՝ կարելի է ընդամենը հսկիչ լաբորատոր սարքավորումներով կահավորված մեքենաներով շրջայցեր կատարելով գազալցակայաններով ու գազի հսկիչ գնումներ կատարելով՝ ստուգել վաճառվող վառելիքի համապատասխանությունը ստանդարտին, իսկ խախտումներ թույլ տվող տնտեսավարողներին պատժել՝ ընդհուպ գործունեության լիցենզիայից զրկելը: Եվ այս գործողությունը, ստուգումները պետք է իրականացնել պարբերաբար, որ առաջին ստուգումից հետո տնտեսվարողները հանգիստ չանցնեն իրենց հին գործելակերպին:
Մեր դիտարկմանը՝ արդյոք վերահսկող մարմնին՝ կառավարությանը, Շուկայի վերահսկողության տեսչությանը ստուգումներ, վերահսկողություն չիրականացնելու հարցում կաշկանդո՞ւմ է այն հանգամանքը, թե ովքեր են հիմնականում այդ շուկայում խաղացողները, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որ դա է կաշկանդում: Չեմ էլ կարծում, որ վերահսկող կառույցներում կոռուպցիա կա, այդ կառույցները կոռումպացվել են, բայց փաստ է, որ քաղաքացիներին խաբում են, իսկ քաղաքացիները դրա դիմաց վճարում են: Արդյունքում այդ խաբեությունը կարող է լուրջ հանրային դժգոհության պատճառ դառնալ: Կառավարությունը, վերահսկող մարմինը ոչ մի բանով էլ կաշկանդված չէ: Պատահական չէ, որ Փաշինյանը դժգոհեց, թե պետական կառավարման համակարգը հեղափոխությանը դեմ է աշխատում: Ես շատ պարզ եմ դա հասկանում: Այս մեկ՝ շուկայի օրինակով պարզ երևում է, թե ինչու է պետական համակարգը դեմ և ինչպես: Այդ մարդիկ պետք է պատասխանատվության կանչվեն, եթե իրենց ֆունկցիաները չեն կատարում, վատ են կատարում, կամ շահագրգիռ են կատարում: Դա լուրջ խնդիր է: Ստացվում է, որ հիմա պետք է լուծել նաև վերահսկողներին վերահսկելու խնդիրը: Պարզապես պետք է ճիշտ մարդկանց ընտրել, պրոֆեսիոնալների տեղաբաշխել և վերահսկել նրանց աշխատանքը»։ Նա նաև հավելեց, որ նույն պատկերն է նաև բենզինի, դիզվառելիքի շուկայում։ «Տեսեք, թե ինչ որակի բենզին ու դիզվառելիք է այսօր վաճառվում, որտեղ են դրանք ուսումնասիրվում, ինչ լաբորատորիաներում են փորձաքննություն անցնում, ոնց են դրանք հատում սահմանը, և արդեն լցակայաններում ինչ որակի վառելիք է վաճառվում: Ոչ մեկ այս հարցերի պատասխանները չունի, ոչ մի տեղ գրված չէ, ոչ ոք չի վերահսկում: Բենզինի դեպքում նույնպես անպատիժ խաբում են վառելիքի թե՛ քանակի և թե՛ որակի մեջ: Այս ամբողջ շղթան իրար հետ կապված է, որի համար, ի վերջո, վճարում է սպառողը: Ի վերջո, ավտովառելիքի շուկայում տիրող բարձիթողի վիճակը ստույգ ցուցիչ է այն բանի, թե ինչ է փոխվել երկրում վերջին քաղաքական փոփոխություններից հետո, կամ՝ փոխվե՞լ է արդյոք որևէ բան: Համենայնդեպս, թավշյա իշխանությունը այս հարցում առայժմ մնացել է նույն տրամաբանության մեջ, ինչ նախորդները: Իսկ մարդիկ իշխանության բնույթի ու որակի մասին դատում են ոչ թե աճերի ու գերաճերի վերաբերյալ վիճակագրական թվերով, այլ շատ ավելի կոնկրետ բաներով, օրինակ՝ ավտովառելիքի շուկայի իրողություններով»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը:
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: