ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված անզիջում պայքարը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թ. Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
ԱԱԾ