Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին. «Նա ուրացել է Վազգեն Մանուկյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, չթվարկեմ բոլորին»

Դեկտեմբեր 16,2019 23:23

Ըստ մամուլի հրապարակումներից մեկի՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է մի քանի քաղաքում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ:

Ըստ նույն աղբյուրի՝ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը տեղեկություն է ստացել, որ Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտերի եւ մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքների շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները, կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր կազմելով, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

«Այո, կահույքի ֆաբրիկայի սեփականատերը ես եմ, բայց այստեղ բանկն ի՞նչ կապ ունի, բանկի խորհրդի նախագահը չորս տարի առաջ եղել եմ ես, եւ բանկը վաճառվել է, պարզապես ծիծաղելի է այս ամենը…Այո, շինարարական կազմակերպության սեփականատերը ես եմ, բայց բանկն ինչի են մտցրել մեջը…Աղմուկ է պետք, ինչքան կարող են, հնչեղություն են ուզում ապահովել»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Առաջարկին՝ տալ այն մարդու անունը, որի միջոցով Անդրանիկ Քոչարյանը իբր հորդորել էր հեռանալ Հայաստանից, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ երբեք չէր ցանկանա տալ Քոչարյանի անունը, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, առանց այն էլ մեր երկրում ով չի ալարում, Անդրանիկ Քոչարյանին քննադատում է: Այնուամենայնիվ, ՀՖՖ նախկին նախագահը նշեց. «Միայն մի պարզ պատճառով եմ ուզում պատասխանել Անդրանիկ Քոչարյանին, որ նա ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահն է…Պետք չէր այդքան շուտ ցույց տալ դեմքը, նա վախկոտի մեկն է… Պատկերացնում եք ինքը հարցաքննության է կանչելու լեգենդար գեներալ Խաչատուրովին, Արցախի հերոս Օհանյան Սեյրանին, պատերազմին մասնակցած զինվորներին, սպաներին, էդ վախկոտը, որը միանգամից վախեցավ եւ խղճալի հարցազրույց տվեց, պետք է հանկարծ հարցաքննի զորահրամանատար Մնացականյան Լյովային»:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Ռուբեն Հայրապետյանը փորձում է երկպառակություն սերմանել Նիկոլ Փաշինյանի թիմում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց.

«Դուք ուզում եք ասել, որ Անդրանիկ Քոչարյանը որեւէ թիմի անդամ է, Նիկոլ Փաշինյանն ունի թիմ, բայց Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով չի կարող որեւէ թիմի անդամ դառնալ: Հիշենք ովքեր են եղել իր կենսագրության մեջ՝ ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, չթվարկեմ բոլորին էլի…

Օրինակ ես հպարտանում եմ, որ ՀՀԿ անդամ եմ տասնմեկ տարի եւ էդ կուսակցության հետ էլ կավարտեմ իմ կարիերան, բայց տեսեք թե էդ մարդը քանի ճամբար է փոխել, կուսակցություն չեմ ասում, ճամբարներ…Նա իրեն իրավունք է վերապահում այնպիսի քաղաքական գիգանտների քննադատել, որոնց թվում է Վազգեն Մանուկյանը, որի հետ, ոնց որ ուսուցչի հետ խոսես, կամ Դավիթ Շահնազարյանը, որի հետ տոննաներով հաց է կերել ու միանգամից մոռացել է:

Արդյոք «Իմ քայլում» մտածում են, որ Անդրանիկ Քոչարյանն իրենց թիմի անդամ է, կյանքը դեռ ցույց կտա, թե Անդրանիկ Քոչարյանն ինչ է անում իրենց թիմի հետ»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031