ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի ղեկավարությամբ գործող զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը դեկտեմբերի 16-ին քննարկել է «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը, որն ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ շուրջ 110 էջից բաղկացած նախագիծը մշակման փուլում է, այն նախատեսվում է ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել առաջիկա հունվարին:
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով՝ մեծ ծավալի վերլուծական աշխատանք է կատարված, ներկայացված են Հայաստանում զբոսաշրջության ներկա վիճակն ու առկա ներուժը, զբոսաշրջության համաշխարհային միտումները, ինչը կարող է հիմք հանդիսանալ մշակելու համալիր գործողությունների ծրագիր` առաջադրված յուրաքանչյուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոցառումներով եւ ժամանակացույցով:
Պատգամավորները հետաքրքրվել են ոլորտում իրականացվելիք ծրագրերով, խնդիրներով, դրանց լուծման ուղիներով:
Պատգամավորներ Հայկ Գեւորգյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը հարցեր են ուղղել Հայաստան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունների, գիշերակաց ապահովող ծառայությունների վիճակագրության եւ ներդրումային հնարավորությունների շուրջ, իսկ պատգամավոր Արթուր Դալլաքյանն անդրադարձել է Չինաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցին: Այս հարցում նա կարեւոր է համարել երկու երկրների միջեւ վիզաների ազատականացման գործընթացը:
Կարդացեք նաև
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության» նախագիծը մշակվել է առաջիկա 10, իսկ գործողությունների ծրագիրը` 5 տարիների համար: Մասնավորապես՝ ոլորտը զարգացնելու համար Հայաստանի բոլոր մարզերում նախատեսված է իրականացնել 20-22 ծրագիր: Զբոսաշրջության կոմիտեն համագործակցում է ներդրողների եւ դոնոր կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով զբոսաշրջային կենտրոնների շրջակայքի եւ ճանապարհների բարեկարգումը, դրանք ավտոկայանատեղերով եւ զուգարաններով համալրումը:
Աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հանրային իրազեկումը, ինչը հնարավորություն կտա մասնավորին պատշաճ տեղեկացված լինել եւ պատրաստվել դիմելու գրանտային ծրագրերի:
Հանդիպման ամփոփմանը նշվել է, որ պատգամավորների գրավոր հարցերն ու դիտարկումները կներկայացվեն Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին, կկազմակերպվեն հավելյալ աշխատանքային քննարկումներ:
ՀՀ Ազգային ժողով