Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որ փոխվել է, Ադրբեջանի ագրեսիվ և բավականին կոպիտ, զոռբայական վարվելակերպն է». Արմինե Ադիբեկյան

Դեկտեմբեր 16,2019 19:40

«Սկզբունքային ոչինչ չի փոխվել: Միակ բանը, որ փոխվել է, Ադրբեջանի ագրեսիվ և բավականին կոպիտ, զոռբայական վարվելակերպն է»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Բրատիսլավայի հանդիպումներին, այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Նա նկատեց, որ եթե նախկինում Ադրբեջանում կիսաձայնով, շշուկով ակնարկներով էին ասում այդ բառակապակցություններն ու թեզերը՝ վերագրելով որոշ հեղինակավոր անձանց՝ Լավրով, միջնորդներ, այս անգամ «նրանք թուրը վերցրին և ընկան մարտի»:

Անդրադառնալով Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցություններին՝ ադրբեջանագետն ասաց. «Հիմա մենք չգիտենք՝ փակ դռների ետևում ինչ են խոսել: Ի վերջո ամեն մեկը վերադարձավ հետ և շարունակեց կրկնել այն թեզերը, որոնցով մտնելու են բանակցությունների: Որևէ մեկը պատրաստակամություն չհայտնեց զիջման գնալ»:

Արմինե Ադիբեկյանը Բրատիսլավայի բանակցությունների ընդհանուր գործընթացն ապարդյուն համարեց:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը «Լավրովի պլանի», ասել է թե՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարբերակն է բանակցում, Արմինե Ադիբեկյանը նկատեց. «Մամեդյարովի ելույթը բավականին տարօրինակ էր ինձ համար, քանի որ դա բարձրաստիճան դիվանագետին հարիր պահվածք չէր՝ հեգնանք սարկազմ, անտեղի և հիմար կատակներ, որոնք զարմանք առաջացրին: Դա խոսում է նրա մասին, որ կամ այնքան վստահ են, որ իրենց դիրքերն ամուր են և իրենց կարող են թույլ տալ հեգնել հայկական կողմին՝ ի դեմս Զոհրաբ Մնացականյանի, կամ այնքան վատ են իրենց գործերը, որ էլ ճար չունեն բացի հեգնանքից»:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ադրբեջանական համայնքի՝ բանակցություններին մասնակցության մասին խոսակցությունները, որոնք նաև հնչեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց. «Դա մոտավորապես նույնն է, որ եթե ՀՀ իշխանությունները ի դեմս վարչապետի կամ նախագահի սկսեն բանակցել հավասարը հավասարի մակարդակով Երևանի փախստականների համայնքապետի հետ: Ո՞նց կարող է անկախ հանրապետության ղեկավարությունը, կառավարությունը, իշխանությունը բանակցեն ՀԿ-ի հետ: Մենք այդպիսով վտանգում ենք Արցախի սուբյեկտայնությունը»:

Հարցին՝ ԱՄՆ սենատի որոշումը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ադրբեջանագետը պատասխանեց. «Նոր թեզ են առաջ քաշում, թե պատրաստ ենք հայերի հետ խաղաղ ապրել Ադրբեջանի տարածքում, մենք հանդուրժող ենք, բայց դրան զուգահեռ Ադրբեջանում լուրջ հայատյաց զարգացումներ կան անգամ պաշտոնական մակարդակի վրա: Երբ պարոն Մամեդյարովը խոսում է, որ Ադրբեջանը զարգացած և հանդուրժող է, նա մոռանում է, որ զուգահեռ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները սարսափելի հայատյաց դրսևորումներ ունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031