Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի որդին չի բացառում, որ նոր կուսակցություն բացեն՝ արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցեն

Դեկտեմբեր 16,2019 17:44

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստը:

Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր հայրն իր վերջին հարցազրույցում խոսում էր Արցախի ընտրությունների մասին, ձեր ընտանիքն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ Արցախում սպասվող ընտրությունների հետ կապված, արդյոք Վիտալի Բալասանյանին պատրաստվո՞ւմ եք հանրային աջակցություն ցուցաբերել՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Հայրս ասել է այն, ինչ ասել է, ավելացնելու բան ես չունեմ:

Խոսելով այս գործով դատավորների ինքնաբացարկի, գործը քննելուց հրաժարվելու միտումի մասին՝ Լեւոն Քոչարյանն ասաց. «Մխիթար Պապոյանը կարծեմ 7-րդ դատավորն էր, որ հորս գործով ինքնաբացարկ է հայտնել: Այսինքն, ես ոչ թե կարծում եմ, այլ յոթերորդ դեպքն ինքնին բացառիկ է ու ինչքան գիտեմ, մեր դատավարական պատմության մեջ նման բան չի եղել, որ մի գործով այսքան դատավոր ինքնաբացարկ հայտնի: Մխիթար Պապոյանի մասին ինչ լսել եմ իրավաբանական համայնքից, ասացի՝ լավ համբավ ունի ու կարծես այն դատավորներից է, որ պատրաստ չի ապօրինի որոշում կայացնել զուտ նրա համար, որ հաճոյանա իշխանություններին: Բայց, կարծում եմ, հեշտ տարբերակ ընտրեց, ինքնաբացարկ հայտնեց, որ ծանր բեռի տակ չընկնի՝ հաշվի առնելով Ազարյանի օրինակը, դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակը»:

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ դատավորները վախենում են հօգուտ Քոչարյանի որոշում կայացնել՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է իրենցից ակնկալում իշխանությունը. «Այն, որ մենք բոլորս գիտենք, թե իշխանություններն ինչ են ակնկալում այս գործով դատավորներից, դա արդեն ուղիղ ճնշում է, ո՞ր դեպքը հիշեցնեմ՝ գաղտնալսումնե՞րը, որ ուզես-չուզես՝ պիտի կալանքը տաս, թե՞ Դավիթ Գրիգորյանի օրինակը, թե՞ Ազարյանի օրինակը: Վերջիվերջո, նույն դատավորներն են, չէ՞ դրա մասին խոսում»:

Լեւոն Քոչարյանը մեջբերեց Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցները, որտեղ ասում է, որ իր նկատմամբ կա ճնշում, դատավոր Վազգեն Ռշտունու խոսքերը:

Քոչարյանն իր հարցազրույցում չէր բացառել, որ եկող տարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան երկրում: Հարցին՝ մտադիր եք նո՞ր կուսակցություն բացել, թե՞ որեւէ կուսակցությանը աջակցել, խոսե՞լ եք այդ մասին՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Զրուցել ենք շատ թեմաներով, բայց չեմ կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսել»: Նա չբացառեց, որ նոր կուսակցություն հիմնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031