Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերին փրկող ամերիկացի կամավորների վերաբերյալ ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցուցադրեց սերտ կապերը մեր ժողովուրդների միջև

Դեկտեմբեր 16,2019 18:28

Լուսաբանվելով տեղական հեռուստաընկերություններում՝ Հայկական ազգային ինստիտուտի (ANI) ցուցահանդեսը, որն ընդգծում է ԵՄՔԱ-ի երկու կամավորների նվաճումները, ովքեր գտնվում էին Հայաստանում 1918թ.-ին, շարունակում է մեծ ուշադրության արժանանալ: Արևմտյան Միացյալ Նահանգներում հատկանշական պրեմիերայով՝ ցուցահանդեսը ներկայացվեց Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSUN) Ուեսթ գելերի պատկերասրահում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ը և ներկայում ցուցադրվում է Գլենդելի ԵՄՔԱ-ի շենքում:

Ի լրումն այլ լրատվամիջոցների լուսաբանումների՝ ցուցահանդեսի վերաբերյալ լուրերի թողարկումները վարեցին համայնքային լրագրող Գաբրիելա Միլիանը՝ ABC7 Los Angeles (KABC) հեռուստաընկերության համար և Մարիա Կոզետը՝ Horizon TV-ի համար, վերջինս հարցազրույց անցկացրեց Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանի և ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի հետ, ով ցուցահանդեսի կուրատորն էր:

Ցուցահանդեսը ներկայացնում է ԵՄՔԱ-ի դերը և Ամերիկյան օգնության աշխատանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (1918-1920թթ.) և շեշտ է դնում Ջոն Էլդերի և Ջեյմս Արոլի վրա, ովքեր 1918թ.-ի հունվարին ժամանեցին Երևան՝ ԵՄՔԱ կենտրոն բացելու նպատակով: Ո՛չ Էլդերը և ո՛չ Արոլը չէին ակնկալում, որ խրված կմնան, որպես երկրի մայրաքաղաքում մնացած միակ ամերիկացիներն այն ժամանակ, երբ առաջնագծի տապալման հետևանքով խափանվեցին արտաքին աշխարհի հետ հաղորդակցության բոլոր միջոցների: Այն ժամանակ առաջին աշխարհամարտը դեռ մոլեգնում էր և Դաշնակից ուժերը նահանջում էին կովկասյան ճակատում: Առաջին աշխարհամարտին վերջ դրած 1918թ.-ի նոյեմբերի 11-ի զինադադարին դեռ շատ ամիսներ էին մնում: Մինչ մեկնելը Երևանից 1919թ.-ի օգոստոսին, Էլդերը ու Արոլը պատասխանատու էին դարձել ԱՄՆ-ում հիմնադրված բարեգործական կազմակերպությունների կողմից ողջ մարդասիրական գործողության համար, ինչը նրանց հատուկ հարգանքի արժանացրեց ԱՄՆ ապագա նախագահ Հերբերտ Հուվերի կողմից, ով այն ժամանակ ղեկավարում էր Միացյալ Նահանգների սննդի վարչությունը:

Հոկտեմբերի 26-ի բացման արարողություններին մասնակցում էին համա-հովանավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին` Լոս Անջելեսի Մետրոպոլիտան շրջանի ԵՄՔԱ-ից տիկին Ջեյն Սթենթոնը և պարոն Լայոնել Զարագոսան, CSUN-ի Կառավարական և համայնքային կապերի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ռաֆայել դե լա Ռոսան, CSUN-ի հայագիտության ծրագրի տնօրեն դոկտոր Վահրամ Շեմասյանը, CSUN-ի հայ ուսանողների ասոցիացիան (ASA), ինչպես նաև հատուկ հյուրեր՝ դեսպան դոկտոր Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, տիկին Մերի Չակերյանը, ով ծառայում է որպես կոնգրեսական Բրեդ Շերմանի գրասենյակի  համայնքային ներկայացուցիչ և տիկին Նիկկի Պերեզը, ով ծառայում է որպես Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ջեսի Գեյբրիելի (Դեմոկրատ, 45-րդ շրջան) գրասենյակի համայնքային ներկայացուցիչ:

Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանը ծառայեց որպես արարողապետ և ներկայացրեց բանախոսների մի ականավոր խմբի: Բանախոսների շարքը գլխավորեց դոկտոր Վահրամ Շեմասյանը՝ CSUN-ի հայագիտության պրոֆեսորը: Նա ողջունեց ներկաներին ֆակուլտետում և ներկայացրեց համալսարանի ծրագրերը` վերջերս հայտարարված 2.1 միլիոն դոլար նվիրատվությամբ, որն ուղղված է Հայագիտական ծրագրին:

«Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցուցադրեց ամերիկյան մարդասիրությունն իր ամենափայլուն ձևով, ինչպես նաև սերտ կապերը ամերիկացի և հայ ժողովուրդների միջև, որոնք գոյություն ունեն մինչ օրս: Միացյալ Նահանգներում հայերն իրենց ներդրումն են ունեցել այս վեհ ազգի համար շատ ոլորտներում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ գիտության, գրականության, սպորտի, արվեստի ու մշակույթի, քաղաքականության և այլն ոլորտներով: Իր հերթին հայ ժողովուրդը հավերժ պարտական կլինի ամերիկացի ժողովրդին` խոշոր աղետների ու դժբախտությունների ժամանակներում իրենց ցուցաբերած ալտրուիզմի և բարեգործության համար»,- հայտարարեց դոկտոր Շեմասյանը:

Դեսպան դոկտոր Արմեն Բայբուրդյանն իր ելույթի ընթացքում խորհեց ցուցահանդեսի պատմական նշանակության վերաբերյալ` արտահայտելով իր սեփական մտքերը Հայաստանի Հանրապետության ստեղծման սկզբնական շրջանում ծանր օրերի մասին՝ ինչի մասին վկայում են ցուցահանդեսի լուսանկարներն ու ցուցմունքները:

«Այս կարևոր ցուցահանդեսը կազմակերպելու նախաձեռնությունը, հիրավի, ծառայում է իր նպատակին: 1918-19թթ.-ին Հայաստանում գտնվող երկու ամերիկյան հերոսների կյանքը և գործերը պատկերելու միջոցով այս լուսանկարչական ցուցահանդեսը լույս է սփռում Հայաստանում ամերիկյան մարդասիրական նախաձեռնությունների անհայտ էջերի վրա և խորանում է դեպի հայ-ամերիկյան պատմական բարեկամության արմատները»,- հայտարարեց գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը:

Խոսելով Լոս Անջելեսի Մետրոպոլիտան շրջանի ԵՄՔԱ-ի անունից՝ տիկին Ջեյն Սթենթոնը վկայակոչեց Էլդերին և Արոլին որպես ԵՄՔԱ-ի կատարյալ օրինակների և կոչ արեց ցուցահանդեսի այցելուներին գնահատել կամավոր ոգին, որը նրանց ներշնչեց այդքան մեծ պատասխանատվություն ստանձնել:

Ուեսթ գելերի պատկերասրահի տնօրեն պարոն Ջիմ Սուիթերսը ողջունեց ներկաներին ցուցահանդեսին մասնակցելու կապակցությամբ և բարձր գնահատեց CSUN-ի ASA կամավորներին, ովքեր օգնեցին ձևավորել ցուցահանդեսը և ողջունել ցուցահանդեսի բացման արարողություններին ներկա գտնվող հանդիսատեսին զովացուցիչ ըմպելիքներով և տեղեկատվությամբ: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Կոնգրեսական Բրեդ Շերմանի գրասենյակի համայնքային ներկայացուցիչ տիկին Մերի Չակերյանը, ով Հատուկ կոնգրեսական ճանաչման հավաստագրեր հանձնեց դոկտոր Ադալյանին և դոկտոր Շեմասյանին:

Բացման արարողություններից առաջ դոկտոր Ադալյանը ներկայացրեց ցուցահանդեսի համառոտ նկարագրություն` բացատրելով այն հիմնական պահերը, որոնք հավերժացվել են Հայաստանում գտնվող ԵՄՔԱ-ի երկու կամավորների լուսանկարներում ու վկայություններում:

«Լինելով հերոսական պատմություն, այս ամենը, գուցե, ամբողջովին մոռացված լիներ, եթե Էլդերն ու Արոլը այլ բան արած չլինեին, այն է՝ լուսանկարել իրավիճակը Հայաստանում: Նրանք իսկապես հայ ազգի վերածննդի առաջին վավերագրողներն են և նրանց կողմից արված լուսանկարները աչքի ընկնող որակի են ու շատ տեղեկատվություն են պարունակում: Նկարներից մի քանիսը այնքան դրամատիկ են, որ բառերով հնարավոր չէ վերականգնել իրենց պատկերած տեսարանները»,- բացատրեց դոկտոր Ադալյանը:

Horizon TV հեռուստաընկերությունից Մարիա Կոզետը բազմաբովանդակ հարցազրույց անցկացրեց դոկտոր Ադալյանի հետ` ցուցահանդեսի ծագման, դրա յուրահատուկ տարրերի, ԵՄՔԱ կամավորների մարդասիրական նախաձեռնության կարևորության և այն գնահատանքի մասին, որը նա տածում է Էլդերի ընտանիքի նկատմամբ, ովքեր ռեսուրսներ տրամադրեցին պատմության այս մոռացված մասնիկը վերականգնելու համար:

Հաջորդող երկու շաբաթների ընթացքում ցուցահանդեսն այցելեցին ուսանողական խմբեր: Կալիֆորնիայի Մոնթրոզ քաղաքի Հայ քույրերի վարժարանի յոթերորդ և ութերորդ դասարանների աշակերտներն այցելեցին ցուցահանդեսն իրենց դպրոցական ծրագրի շրջանակներում: Առանձին, KABC հեռուստաընկերությունը ներկա էր Ուեսթ գելերի պատկերասրահում, երբ Կալիֆորնիայի Կանոգա պարկի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի (MDS) 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ցուցահանդեսը: Բացի Հայկական համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջանի հետ հարցազրույցից, Գաբրիելա Միլյանը հարցազրույց անցկացրեց նաև ՀԲԸՄ MDS-ի ուսանողների մի ընտրյալ խմբի հետ, որի ընթացքում նրանք արտահայտեցին իրենց սեփական դիտարկումները այն մասին, թե ինչ սովորեցին` այցելելով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման արարողությունները ղեկավարող Թումաջանը նաև ցուցահանդեսում բացատրություններով տուրեր անցկացրեց, երբ այն ցուցադրվում էր Ուեսթ գելերի պատկերասրահում: «Հայկական համագումարի անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի Մետրոպոլիտան շրջանի ԵՄՔԱ-ի և CSUN-ի մեր համահովանավորներին` իրենց նվիրված գործընկերության համար: Մենք առանձնահատուկ շնորհակալ ենք  պարոն Սուրեն Սերոբյանին՝ CSUN-ի Հումանիտար գիտությունների քոլեջի զարգացման տնօրենին՝ CSUN համալսարանի մի շարք շահագրգիռ կողմերի հետ ծանոթացնելու աջակցության համար և որպես մեր համահովանավորների թիմի անբաժանելի անդամ մեծահոգաբար ծառայելու համար»,- ասաց Թումաջանը:

Անմիջապես ցուցահանդեսի բացումից հետո, Վաշինգտոնում տեղի ունեցած հուզիչ զարգացումներն արձանագրեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Դոկտոր Ադալյանը հարցազրույց տվեց միջազգային լրատվամիջոցներին, այդ թվում՝ «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը և «Ալ-Արաբիա նյուզ» հեռուստաալիքին՝ ամերիկահայ համայնքի այս խոշոր օրենսդրական ձեռքբերման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում ամերիկյան քաղաքականության կարևորության մասին:

ԵՄՔԱ ցուցահանդեսը դարձել է շատ կարևոր ռեսուրս ԱՄՆ-ում և Հայաստանում ԵՄՔԱ կենտրոնների համար: Ցուցահանդեսը նաև ծառայեց որպես կապող օղակ՝ Գլենդելի ԵՄՔԱ-ի և Արցախի ԵՄՔԱ-ի միջև նոյեմբերի սկզբին կնքված գործընկերության համաձայնագրի համար:

Ցուցահանդեսն այժմ ներկայացվում է մինչև ուրբաթ, հունվարի 17-ը, Գլենդելի ԵՄՔԱ-ում և նոր տարում շրջելու է Կալիֆորնիայի այլ կենտրոններով:

«Ցուցահանդեսը, որը կրում է «Ամերիկյան օգնությունը Հայաստանի առաջին հանրապետությունում» ամվանումը, ինչպես նաև Հայկական ազգային ինստիտուտի կողմից պատրաստված այլ ցուցադրությունները, հասանելի են անվճար ներբեռնման թվային ձևաչափով: Մեծ քանակով այլ ուսումնական ռեսուրսներ հասանելի են ANI-ի կայքում: Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պայմաններում, որը հստակ հայտարարում է, որ խրախուսում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու հանրային ընկալումը, ներառյալ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնության ջանքերում՝ Հայկական ազգային ինստիտուտը կոչ է անում մանկավարժներին կիրառել առկա ռեսուրսները տվյալ նպատակին հասնելու համար»,- ասաց դոկտոր Ադալյանը:

Հայկական ազգային ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031