Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգված կնոջ մասին. «Իրավապահները կանգնած նայում էին, թե ինչպես էին կնոջը քաշքշում, ինչպես էր կինը գոռում, օգնություն խնդրում»

Դեկտեմբեր 16,2019 15:52

Դեկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Արթիկի բաժնի մոտից առեւանգված կինը րոպեներ առաջ ամուսնու հետ առերեսման էր: Այս կինն ապրում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանում, նա այդ օրն Արթիկ էր գնացել քննչական գործողություններին մասնակցելու:

Այսօր «Մեդիա կենտրոնում» այս մասին ասաց նրա հետ Արթիկ մեկնած կենտրոնի սոցիալական աշխատողը՝ Ռուզաննա Ասլիկյանը: Նրա պատմելով՝ ընտանեկան բռնության տուժող այս կնոջը հրավիրվել էին հարցաքննության, բայց տեղում ասել են, որ նաեւ առերեսում պետք է արվեր նախկին ամուսնու հետ. «Այդ ժամանակ մենք ասում էինք՝ մեր անվտանգությունը պետք է ապահովել: Քննիչներն էլ ասում էին՝ ձեզ կուղեկցեն, ոստիկանությանը տեղյակ ենք պահել: Բայց փաստն այն է, որ կնոջ նախկին ամուսնու եղբայրը, մեծ տղան, եւ նախկին ամուսինը, որը դուրս եկավ քննչական բաժնից, երբ դեռ առեւանգման գործողությունը ավարտին չէր հասցվել, հարձակվեցին ու կնոջը բռնության ենթարկելով, քաշքշելով, քննիչների ներկայությամբ առեւանգեցին ու տարան անհայտ ուղղությամբ: Իրավապահները բոլորը կանգնած նայում էին, թե ինչպես էին կնոջը քաշքշում, կինը ինչպես էր գոռում, օգնություն խնդրում, ու ոչ մի արձագանք: Արդեն հետո ոստիկանները արձագանքեցին»: Նշենք, որ կնոջը գտել են, նա կրկին տեղափոխվել է կացարան:

Ասուլիսի մասնակից «Կանանց աջակցման կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյան էլ ասաց, որ կինն ապաստարան էր տեղափոխվել հերթական բռնությունից հետո, ծանր վիճակում. «Բռնության բոլոր տեսակներն իր կյանքի 25 տարվա ընթացքում կիրառվել էր եւ վերջին ծեծից հետո, մեր կառույցի մասին իմանալով, ահազանգ է եղել, անմիջապես տեղափոխել ենք ապահով կացարան»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության աշխատակից Աննա Հակոբյանն էլ ասաց՝ կա օրենսդրություն, բայց այն գործնականում չի կիրառվում: Ըստ Հակոբյանի, ՄԻՊ-ի՝ նախորդ տարվա զեկույցում նշված է իրավապահների՝ օրենսդրությամբ սահմանված պաշտպանական միջոցների կիրառման մասին, ՄԻՊ-ն այդ մասին հարցում է ուղարկել, թե՝ քանի դեպքով են պաշտպանական միջոցներ կիրառել, պատասխանել են՝ որեւէ դեպքով չի կիրառվել:

Այս ասուլիսին ոստիկանությունից եւ քննչական կոմիտեից հրաժարվել են մասնակցել, պատճառաբանելով, որ իրենց տիրույթում չէ:

Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը պնդում է՝ բարձրացված խնդրի հիմնական եւ առաջնային հասցեատերը քննչական կոմիտեն է՝ ի դեմս համապատասխան քննիչների: Գալստյանի խոսքերով՝ քննիչները անբարեխիղճ են վարվել, պատշաճ չեն ծանուցել, որ կինը պետք է գնա քննչական գործողությունների եւ առերեսման:

«Այստեղ կար անհետաձգելի որոշման միջոցը, որտեղ նշված էր տղամարդու մոտենալու արգելքը, հաղորդակցվելու արգելքը: Նման պայմաններում ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե քննիչն այդ ի՞նչ մոտեցումներից կամ պատկերացումներից ելնելով է որոշում, որ կարող է այդ միջոցն անտեսել, եւ որոշել, որ վտանգ չկա եւ պետք է առերեսվեն»:

Այս կնոջ որդին սոցցանցում գրառում է կատարել, իբրեւ թե առեւանգման մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է, ինչպես նաեւ ասում է, որ մայրը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Փաստաբանը վստահեցրեց՝ բացի այն, որ առեւանգման ականատեսներ են եղել, հույս ունի, որ այդ տարածքում տեսախցիկներ կլինեն, բայց կինն արդեն հանցագործության մասին հաղորդում է տվել, իրեն իր կամքին հակառակ են նստեցրել մեքենա:

Հասմիկ Գեւորգյանն էլ հավելեց. «Մեր ստեղծման օրվանից, երբ կանայք մեզ դիմում են, տղամարդիկ բնութագրում են կամ անբարոյական վարք ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող են այս կանայք: Ցավալին այն է, որ իրավական համակարգում էլ կա նման ընկալում, չկա փորձառություն, որ կինը 25 տարի բռնության է ենթարկվել, բազմաթիվ տրավմաներ ունի, ինչի արդյունքում կինը կարող է հուզականորեն անկայուն վիճակում լինի, բայց դա չի նշանակում, որ հոգեկան խնդիր ունի»:

Նոնա Գալստյանի խոսքերով՝ երբ ընտանիքում բռնության ենթարկված անձը բարձրաձայնում է խնդրի մասին, ընտանիքի անդամների առաջին արձագանքը ժխտողական է, բռնությունն արդարացնող մոտեցմամբ: Ընդ որում, ինչպես ասացին բանախոսները, կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել, սակայն որդին որեւէ անգամ չի միջամտել, չի պաշտպանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031