Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Թեհմինա Վարդանյանին՝ վտանգավոր թափոնները միայն բժշկականը չեն. դրանք նաեւ մարտկոցները, համակարգիչները, էկրաններն են

Դեկտեմբեր 16,2019 15:05

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում, երբ քննարկվում էր Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցը, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այլ թեմայով ելույթ ունեցավ՝ անդրադառնալով քաղաքապետի նախորդ հարցի վերաբերյալ ելույթին: Թեհմինա Վարդանյանը Հայկ Մարությանին ասաց. «Ձեզ խնդրում եւ հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք: Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք եւ դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի եւ նախարարության: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետեւ կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կիլոգրամներով կշռում են այդ աղբը»:

Հայկ Մարությանը հորդորեց թեմայի վերաբերյալ ելույթ ունենալ եւ ասաց, որ անջատեն Թեհմինա Վարդանյանի խոսափողը:

Քաղաքապետի խորհրդականը նշեց, որ տիկին Վարդանյանի՝ թեմայից դուրս ելույթը կանոնակարգի կոպտագույն խախտում է:

Հայկ Մարությանը շարունակեց. «Վտանգավոր թափոնները, եթե դուք պատկերացնում եք, որ միայն առողջապահությանը վերաբերող թափոններն են, չարաչար սխալվում եք: Մարտկոցները, համակարգիչները, էկրանները նույնպես վտանգավոր թափոններ են»:

Հայկ Մարությանի խոսքից հետո նրա խորհրդականը հստակեցրեց կանոնակարգը՝ նշելով, որ այն նաեւ նախատեսում է մեղմից մինչեւ խիստ միջոցներ գործադրել՝ անգամ ներգործության միջոցները խախտելու դեպքում ավագանու անդամին դահլիճից դուրս հրավիրել:

Այս միջադեպից հետո արտահերթ ելույթի իրավունք խնդրեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Չնայած նրան չտրվեց այդ ելույթի իրավունքը, քանի որ քաղաքապետի խորհրդականը պարզաբանեց, որ միայն կարող են ելույթ ունենալ թեմայի շուրջ, Դավիթ Խաժակյանը չհստակեցրեց՝ թեմայի շո՞ւրջ է խոսելու թե՝ ոչ: Մոտեցավ խոսափողին եւ ասաց. «Եթե ձեզ թվում է, թե դուք մեր ելույթները պետք է գրաքննեք եւ մեր խոսքը սահմանափակեք, ապա այդպիսի երեւույթ չի եղել ո՜չ ազգային ժողովում՝ ՀՀԿ-ի ժամանակ, ո՜չ Երեւանի ավագանիում՝ ՀՀԿ-ի ժամանակ եւ չի լինելու: Թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Նա հիշեցրեց, «Երկիր Ծիրանիի» օրինակը, որն, ըստ Դավիթ Խաժակյանի, «ամենաօրինակելի եւ ցանկալի ընդդիմությունը չէր», բայց անգամ նրանց խոսքը չէր սահմանափակում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պնդումով, թե ելույթից շեղվում են:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031