Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում Ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշմանը: Սակայն 45 կողմ ձայնով որոշումն ընդունվեց: Արտահերթ նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց համայնքային ոչ առեւտրային կազմակերպության անհրաժեշտությունը՝ նշելով, որ վերջին տարիներին Երեւանում կանաչապատման, խնամքի եւ ոռոգման աշխատանքներն իրականացվել են վարչական շրջանների աշխատակազմերի կողմից մրցույթ հայտարարված եւ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից, սակայն կատարվող աշխատանքները եղել են ոչ արդյունավետ, երբեմն ոչ մասնագիտական եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, իսկ դրանց հսկողությունը եւ աշխատանքների ֆինանսական միջոցների գնահատումը իրականացվել են վարչական շրջանների ղեկավարների կողմից: Ըստ փոխքաղաքապետի, ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները հստակ տնօրինել դրանք:
Նախագծի համաձայն, ՀՈԱԿ-ը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, լանդշաֆտային ճարտարապետային մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ:
«Բյուջեով ՀՈԱԿ-ին կհատկացվի 3 մլրդ 400 մլն դրամ: 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատավարձը, այսինքն՝ աշխատողների աշխատավարձը մոտ 2.5 անգամ բարձրանալու է՝ համեմատած Երևանի վարչական շրջաններում կանաչապատում իրականացնող ՓԲԸ-ներում աշխատողների աշխատավարձերի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց, որ ՀՈԱԿ-ի հիմնադրմամբ սկսում են աղբի տեսակավորում իրականացնել, ինչը նաեւ բնապահպանական մեծ խնդիր կլուծի. «Մենք ինչ-որ պոպուլիստական քայլեր չենք անելու, որոնք միանգամից երեւալու են, այլ սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը երեւալու է 15-20 տարի հետո»:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սակայն դեմ արտահայտվեց որոշման նախագծին՝ նշելով, որ պետությունը վատ կառավարիչ է. «ԽՍՀՄ փլուզումից հետո պետությունները որոշեցին ազատականացնել տնտեսությունները, որովհետեւ մի բան եթե չունի մրցակցություն, ուշ թե շուտ հայտնվելու է կոլապսի առջեւ: Պետությունը վատ կառավարիչ է, հատկապես՝ ոչ մրցակցային շուկայում, դա ակնհայտ է: Իշխանությունները հայտարարում են՝ դուրս ենք «իզմ»-երից, բայց դուք «իզմ»-երից դուրս չեք: Այս ամենը լավ էլ «իզմ»-երի մեջ տեղավորվում է, եւ այն կոչվում է սոցիալիզմ: Դուք գնում եք պլանային տնտեսության ճանապարհով, երբ որոշում եք, որ ամեն ինչ պետք է իրականացնի համայնքը: Սխալ ճանապարհով ենք գնում, ուշ թե շուտ կանգնելու ենք խնդրի առաջ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ