Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ոչ կարող եք գնել, ոչ էլ սպառնալ». ՀՅԴ-ից հեռացվածները մանրամասներ են բացահայտում

Դեկտեմբեր 16,2019 13:50

«Մենք դեմ ենք արտահայտվել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերին եւ որոշել ենք, որ չենք կատարելու ՀՅԴ ԳՄ որոշումը: Ուսանողների մեծ մասը դեմ էր: Չկատարումից երկու շաբաթ անց մեր վարչությունը լուծարեցին, մենք մեկուսացվեցինք եւ չէինք կարող մասնակցել կուսակցության աշխատանքին: Մեր հանդեպ արշավ սկսվեց տարաբնույթ պիտակավորումներով, ապատեղեկատվության տարածմամբ եւ էժանագին առաջարկներով, որոնց մերժմանը հաջորդում էին սպառնալիքները»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական արդեն լուծարված միության անդամ Ռուբեն Սողոյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել էին կուսակցությունից: Ավելի քան 40 երիտասարդ էլ ինքնակամ է հեռացել ՀՅԴ-ից: Միության որոշ անդամների տարածած նամակում, այդ թվում, ասված է. «Հոկտեմբերի 31-ին ԳՄ-ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»:

https://www.facebook.com/aravot.am/videos/438874206791753/

Ռուբեն Սողոյանի խոսքով՝ հեռացված երիտասարդներով համամիտ են, որ ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Հրանտ Մարգարյանի՝ ՀՅԴ կոմիտեների ժողովի ժամանակ արտահայտած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ժամանակավրեպ է. «Իսկ Հրանտ Մարգարյանը շեշտեց, որ մենք պետք է իջնենք փողոց եւ չվերադառնանք տուն ու չվախենանք ձերբակալություններից: Դրան հաջորդեց ՀՅԴ երիտասարդական միության փողոց դուրս գալը եւ տուն չվերադառնալն այնքան ժամանակ, մինչեւ բերման ենթարկվեին: Հետեւություններ արեք, թե ով եւ ինչպես է ղեկավարում ՀՅԴ երեւանյան կառույցը»:

Ռուբեն Սողոյանի խոսքով՝ իրենց այս ընթացքում որոշակի գրավիչ գործնական առաջարկներ են արել. «Ամեն ինչ սպառեցին, հիմա էլ գործ են առաջարկում ուսանողներին: Մի հորդոր կանեմ՝ իզուր մի տանջվեք, մենք հպարտություն ունենք, մեզ ոչ կարող եք գնել, ոչ էլ սպառնալ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/653645101834401/

ՆԱՈՒՄ նախկին անդամ Միհրան Ասատրյանն էլ նշեց, որ Հրանտ Մարգարյանի անունից շատ անդամներ գալիս էին երիտասարդների հետ բանակցելու. «Ասում էին, որ մեզ հեռացնելու են, իսկ եթե պայքարենք՝ շատ ավելի վատ կլինի: Մեզ հստակ ասվեց, որ դուրս ենք մղվելու կուսակցությունից: Սուտ են տեղեկությունները, թե հանդիպել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Որեւէ մեկը մեզանից չի հանդիպել»:

ՆԱՈՒՄ նախկին անդամ Արտակ Մելիքյանի փոխանցմամբ էլ՝ իրենց ակնարկել են՝ եկեք ձեզ հեռացնենք, եթե չհեռանաք, լավ չի լինի: Նրա խոսքով՝ սուտ է նաեւ տեղեկությունը, որ տարիներ առաջ ինքը դուրս է եկել կուսակցությունից եւ վերադարձել այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն խորհրդարանական կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031