Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը` ԱՄՆ Սենատի բանաձեւի, ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքների եւ շախմատի մասին

Դեկտեմբեր 16,2019 13:43

«Առավոտի» հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ:

-Պարոն Հայրապետյան, օրեր առաջ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, որի վերաբերյալ բավականին զուսպ հայտարարությամբ հանդես եկաք. որպես թուրքագետ` ինչպե՞ս կգնահատեք այս քայլը:

-Ինչպես նշեցիք, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, և սա, ինչ խոսք, պատմական իրադարձություն էր։ Եվ, այո՛, ճիշտ եք նկատել, որ իմ գրառման մեջ առանձնապես մեծ ոգևորություն չկար, քանի որ ինչպես նախկինում, այժմ ևս կարծում եմ, որ 20-րդ դարասկզբի ամենասոսկալի իրադարձություներից մեկի՝ հայության դեմ ուղղված հանցագործության ճանաչումն ու դատապարտումը, նախևառաջ, բխում է միջազգային հանրության շահերից։ Եվ եթե աշխարհը ժամանակին չառաջնորդվեր սեփական նեղ շահերով և փոխարենը՝ ադեկվատ արձագանքեր Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությանը, ապա այսօր, ամենայն հավանականությամբ, աշխարհը մի քիչ ավելի լավը կլիներ։

Սրանով, սակայն, ամենևին էլ չեմ ցանկանում նսեմացնել Միացյալ Նահանգների և Մեծ Եղեռնը ճանաչած մյուս երկրների ջանքերը, բայց, կրկնում եմ, որ ապագա ցեղասպանությունները կանխելու միակ բանալին անցյալում մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է, ինչպես նաև ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքների ընդունումը։

– Ուզում եք ասել, որ համընդհանուր ոգևորությունն այնքա՞ն էլ տեղին չէր:

– Քավ լիցի, չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, թե չեմ գիտակցում կատարվածի արժեքը, ընդհակառակը, խոսքիս հենց սկզբում նշեցի, որ այդ քվեարկությունն իր էությամբ աննախադեպ էր, հետևաբար մի կողմից, անշուշտ, շնորհակալ եմ ԱՄՆ սենատին, սենատորներ Մենենդեսին և Կրուզին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամ Շիֆին և հայ ազգի մյուս բոլոր բարեկամներին Կոնգրեսի երկու պալատներում այս օրինագծերի նախաձեռնության և պաշտպանության համար, բայց, միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ միջազգային հանրությունը հայ ժողովրդից ոչ պակաս պետք է շահագրգիռ լինի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և դատապարտմամբ։

– Ձեր գրառման մեջ մեկ այլ ուրախալի լուրի մասին էիք հայտնել. նույն օրը, երբ ԱՄՆ Սենատում ընդունվեց վերոնշյալ բանաձևը, ՄԱԿ-ում միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրների կողմից: Այս մասին ի՞նչ կավելացնեք:

– Տեղի ունեցածը հերթական անգամ խոսում է Հայաստանի շախմատային գերտերություն լինելու մասին։ Որպես շախմատի մեծ սիրահար և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է, որ վերոնշյալ բանաձևի հեղինակը հենց մեր պետությունն է. քանիցս նշել եմ՝ առկա են բոլոր նախադրյալները, որ Հայաստանն ասոցացվի շախմատի հետ, և շախմատն էլ, իր հերթին, աշխարհին հիշեցնի Հայաստանի մասին, ուստի այս իմաստով, իհարկե, այս իրադարձությունը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և իր թիմին՝ կատարված մեծ ծավալի աշխատանքի համար։

-2011 թվականից շախմատն ընդգրկվել է դպրոցում որպես ուսումնական առարկա. որպես ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ձեր կարծիքով կարիք կա՞ ավելի ամրապնդելու շախմատային դիրքերը դպրոցում, որպեսզի, ինչպես ինքներդ եք գրել՝ Հայաստանը պահպանի շախմատային գերտերության իր կարգավիճակը:

– Շախմատը միանշանակ պետք է լինի հանրակրթության մեջ, սակայն պետք է փոխվեն դասավանդման մեթոդները և գործիքակազմը։ Մեր հանձնաժողովում արդեն իսկ մի քանի քննարկում ունեցել ենք և առաջիկայում նույնպես նախատեսում ենք աշխատել ԿԳՄՍ մեր գործընկերների և շախմատային աշխարհի ներկայացուցիչների հետ, և ես լիահույս եմ, որ դրանք տալու են ցանկալի արդյունքը։

– Հետաքրքիր է՝ ինքներդ շախմատ խաղում եք եւ ցանկություն չունե՞ք շախմատային մրցություն կազմակերպել ԱԺ պատգամավորների միջեւ: Եվ ո՞վ է Ձեր սիրելի շախմատային հերոսը։

– Խորհրդարանում մի քանի պատգամավորներ կան, որ բավականին լավ են խաղում շախմատ, երբեմն նույնիսկ լիագումար նիստերի ընդմիջումները վերածվում են շախմատային ընդմիջումների։ Շախմատային մրցաշարեր արդեն իսկ կազմակերպել ենք` երեխաների, հայրենիքի պաշտպանների և պատգամավորների միջև. առաջիկայում ևս հետաքրքիր մրցաշարեր կլինեն: Դե իսկ իմ սիրելի շախմատային հերոսը մաեստրո Ռաֆայել Վահանյանն է։

 Զրույցը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Լուսանկարները տրամադրել է Մխիթար Հայրապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031