ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական արդեն լուծարված միության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան կուսակցությունից իրենց հեռացման պատճառներին եւ միջադեպին հաջորդած ՀՅԴ առաջնորդների մեկնաբանություններին:
ՆԱՈՒՄ նախկին անդամ Արտակ Մելիքյանը նախ հայտարարեց, որ ՀՅԴ վերնախավն այս ընթացքում տարբեր հարցազրույցներով եւ ելույթներով մրոտել է իրենց անկեղծ նպատակը, եւ որ իրենց շարժումը միայն նպատակ է ունեցել առողջացնելու ՀՅԴ-ն: «Հրանտ Մարգարյանի որդեգրած քաղաքական օրակարգը ՀՅԴ-ին հեռացրել է իր գաղափարներից»,-հայտարարեց Արտակ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել էին կուսակցությունից:
Ավելի քան 40 երիտասարդ էլ ինքնակամ է հեռացել ՀՅԴ-ից: Միության որոշ անդամների տարածած նամակում այդ թվում ասված է. «Հոկտեմբերի 31-ին ԳՄ–ն հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/653645101834401/
Արտակ Մելիքյանն այսօր անդրադարձավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն գնահատականին, որ ՀՅԴ հայաստանյան կոմիտեների՝ վերջերս տեղի ունեցած ժողովում Մելիքյանն անգամ ելույթ չի ունեցել. «Իշխան Սաղաթելյանը ելույթ ունենալուց չպետք է խոսի: Եթե իր պատկերացմամբ՝ ելույթ ունենալն ուղղորդված ելույթն է, ապա ես դա ելույթ չեմ համարում: Իսկ թե ինչու ես ելույթ չեմ ունեցել, ասեմ, որ հասկացել եմ՝ ժողովում կարեւորություն էր տրվում ոչ թե ելույթ ունենալուն, այլ կուլիսային զրույցներին: Տեսել եմ, թե այլ կարծիք ասողներն ինչպես են պիտակավորվել եւ ճնշվել: Ժողովներում չեն արգելում ելույթ ունենալ, բայց ելույթից հետո ճնշում են եւ մեկուսացնում»:
ՆԱՈՒՄ նախկին անդամ Արման Մարտիրոսյանն էլ նկատեց՝ այս ընթացքում հեռացված երիտասարդներին անվանեցին դավաճաններ. «Դաշնակցականի երդումը հայրենիքին ծառայելն է, ոչ թե ներխմբային շահերին ծառայելը կամ սեփական շահերին կուսակցությունը ծառայեցնելը: Դավաճանները նրանք են, որովհետեւ ՀՅԴ-ն հասցրել են անդունդի եզրին»:
ՆԱՈՒՄ նախկին անդամ Միհրան Ասատրյանն էլ համոզմունք հայտնեց, որ Հրանտ Մարգարյանն ու նրա անձնական շահերը սպասարկողները ՀՅԴ-ն տանում են այն ուղղությամբ, որն անձամբ որոշում է Մարգարյանը. «Այդ խմբակը սերժաքոչարյանահաճո գործողությունների համար կուսակցությունը տանում է իր հետեւից: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը, որն առաջ է քաշել Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ խելացի անդամները հասկանում են, որ այն չի սպասարկում ՀՅԴ շահերը եւ չի բխում ՀՅԴ ծրագրից, այլ որոշակի խմբակի շահերից, բայց մարգարյանական կլանը գրավել է կուսակցությունը, ուստի ներքին տարբերակով դրա դեմը պայքարել հնարավոր չէ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/438874206791753/
ՆԱՈՒՄ նախկին անդամ Գառնիկ Ռուշանյանն էլ նշեց, որ իրենց մեկուսացումից օրեր անց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն է եկել ուսանողական միություն եւ տեղեկացրել, որ իրենք մեկուսացվել են կուսակցական կյանքից. «Փորձեցինք պարզաբանումներ ստանալ, բայց ասաց, որ յոթ ընկերները փորձառու են եւ կարող էին մեզ հեռու պահել սխալ որոշումից, իսկ սխալ որոշումն այն է, որ չենք ցանկացել մասնակցել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին»:
Երիտասարդները նաեւ շեշտեցին՝ իրենց վերաբերյալ տեղեկատվություն է տարածվում, թե հարում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, սակայն դա սուտ է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ