Լրահոս
Օրվա լրահոսը

Կպաշտպանվեն եւ ատելության խոսքի զոհ Նաիրա Զոհրաբյանը եւ քյավառցի Սարգիս Խանդանյանը

Դեկտեմբեր 16,2019 12:54

ՀՀ-ում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ աշխատանքային խումբ կստեղծվի խորհրդարանում: Խումբը կգլխավորի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Սարգիս Խանդանյանը: Աշխատանքային խմբում կներգրավվեն պատգամավորներ խորհրդարանական խմբակցություններից, կներգրավվեն նաեւ անկախ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հարցն այսօր քննարկվեց եւ միաձայն հավանության արժանացավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Աշխատանքային խմբում ընդգրկված պատգամավորները պարտադիր չէ, որ լինեն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ:

Նախաձեռնության հեղինակ, իշխող ուժը ներկայացնող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսպես էր հիմնավորել նախաձեռնությունը. «Այս խմբում ներգրավված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է բաց հարթակ, որտեղ հրավիրելու ենք ՀԿ-ների և կառավարության ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Փորձելու ենք ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպիսի լուծումներ են նրանք առաջարկել այս խնդիրը կարգավորելու համար։ Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի որ մասը պետք է քրեականացվի և որ մասն ուղղակի հասարակական պարսավանքի արժանանա»։ Աշխատանքային խմբի գործունեության ժամկետը նախատեսված է վեց ամիս:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց՝ այսօր ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է իրականություն։ ԵԽԽՎ-ն երկու տարի է՝ փորձում է սոցիալական մեդիայում խնդրի կարգավորման ուղիներ փնտրել, բայց չի կարողանում գտնել այն ճիշտ բանաձևը, որը չի վնասի խոսքի ազատությանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար լրջագույն մարտահրավեր է նաեւ ֆեյք-նյուզը: Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով գաղափարը, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ատելության խոսքի դեմ պայքարող աշխատանքային խումբը չպետք է լրատվամիջոցների գլխին «դամոկլյան սուր» դառնա եւ վնասի մեր երկրում խոսքի ազատությանը:

«Ժողովուրդ» թերթի սեփականատեր Թագուհի Թովմասյանն էլ սեփական օրինակով նկատեց, որ «ատելության խոսքը ներսից կրծում է մեզ»։

Ըստ նրա, վերջին շրջանում ինքն ու Արման Բաբաջանյանը, որպես նախկին գլխավոր խմբագիրներ, իրենց մաշկի զգացել են ատելության խոսքի կոնկրետ դրսևորումներ՝ ուղղորդված տարբեր պաշտոնյաների կողմից:

Ընդդիմադիր պատգամավորները, կիսելով բոլոր մտահոգությունները, նաեւ մտավախություններ ունեին, որ աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքները կօգտագործվեն թիրախավորված: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց՝ եթե կգտնենք այնպիսի կարգավորումներ, որոնք կպաշտպանենք բոլորին՝ կհամարենք, որ խնդիրը լուծված է, եթե բոլորին չի պաշտպանի, ուղղված կլինի կոնկրետ թիրախային խմբերին, իրենք այդ ամենում մասնակցություն չեն ունենա:

Համանման կարծիք հայտնեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ խմբակցության անունից. «Եթե աշխատանքային խումբը կշեղվի հռչակած բանաձեւերից, ոչ ոք պատանդ չէ եւ կթողնի խմբի այդ անդամներին կիրենց գաղափարների հետ միայնակ»:

Սարգիս Խանդանյանը փորձեց փարատել ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները՝ ասելով, որ ՀՀ օրենքները պարտադիր են բոլոր քաղաքացիների համար, հավասար են բոլորի համար:

Նաիրա Զոհրաբյանը ուղիղ հարց ուղղեց. «Ես, որ ամեն օր ատելության խոսքի զոհ եմ դառնում, պաշտպանվելո՞ւ եմ այս օրենքով եւ դուք որպես, քյավառցի, պաշտպանվելո՞ւ եք»: «Միանշանակ»,- վստահեցրեց իշխող ուժի պատգամավորը՝ հավելելով, որ ֆեյք-նյուզն ու ատելության խոսքը շատ տեղեր հատվում են, բայց դրանք պետք է զանազանել:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ նկատեց, որ համանման նախագիծ նաեւ կառավարությունում է մշակվում: Սարգիս Խանդանյանը հստակեցրեց՝ Արդարադատության նախարարության նախագիծը բռնության կոչերին է վերաբերվում, բայց ատելության խոսքը միայն բռնության կոչերով չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031