Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն առաջին հերթին ԱՄՆ շահից էր բխում»

Դեկտեմբեր 16,2019 15:00

Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի
պատերազմական գործողությունների վերսկսմանը:

-Փորձագիտական կարծիքներ կան, որ ԱՄՆ Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունեց՝ իր շահերից ելնելով, քանի որ գործ ունենք ԱՄՆ-ՆԱՏՕ-Թուրքիա խնդիրների կծիկի հետ, մյուս կողմից՝ հնարավոր է ներկայում փորձ է արվում հասնել ԱՄՆ-Արեւմուտք-Ռուսաստան նոր պակտի, որը կարող է ներառել խնդիրների լայն շրջանակ: Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ Սենատն իր շահերից ելնելո՞վ նման որոշում կայացրեց:

-Միանշանակ, դա առաջին հերթին ԱՄՆ շահից էր բխում: Երկար տարիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նմանատիպ բանաձեւեր են ներկայացվել Կոնգրեսի զույգ պալատներում եւ որպես  կանոն դրանք քվեարկության չեն դրվել: Միշտ վետո է դրվել, արգելափակվել: Եվ այս անգամ ոչ միան չարգելափակվեց, այլեւ ընդունվեց միաձայն: Սա նշանակում է, որ ամերիկյան Սպիտակ տունը՝ Թրամփի վարչակազմը, փորձում է պատժել Թուրքիային իր հանդգնության եւ ՌԴ-ի հետ չափից դուրս մերձեցման համար:

-ԱՄՆ Սենատի՝ Հայոց Ցեղասպանության Ճանաչման բանաձեւի միաձայն վավերացումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն այս որոշումը բնութագրեց` «զուրկ է պատմական ու իրավական հիմքից», «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»՝ նշելով, որ այն որեւէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում: Թուրքիայի նման տրամադրվածությունն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

-Որոշումն իրականում ոչինչ չի պարտադրում, բայց սա բանաձեւ է, որը հետագայում կարող է դառնալ օրենք՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով: Իհարկե, այս պահին սա ոչինչ դեռ չի նշանակում, բայց եթե ծավալվեն սրա շուրջ զարգացումներ, իրադարձություններ, Թուրքիայի համար լուրջ գլխացավանք կդառնա: Այստեղ պիտի հայկական լոբբին աշխատի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը, համահայկական կառույցները. բոլորը միասին պետք է աշխատեն:

-Որոշ մարդիկ այս որոշումը Հայ դատի շնորհք են համարում, մյուսները՝ ԱՄՆ-ի, Քիմ Քարդաշյանի եւ այլն: Իսկ քաղաքական նպատակահարմարությո՞ւնն ինչ դերակատարություն ունի այս հարցում:

– Իհարկե, Հայ դատը երկար տարիներ աշխատանք տարել է, ԱՄՆ-ում ազդեցիկ հայերը՝ եւս, բայց պետք է մի բան հասկանալ: Եթե ամերիկյան վարչակազմը ցանկանար, որ այն չանցներ, նրանք հանգիստ կարող էին խնդրել որեւէ սենատորի միանգամից արգելափակել բանաձեւը, եւ այն քվեարկության չմտներ: Որեւէ մեկի գործունեությունը չպետք է թերագնահատել, բայց վերջին խոսքն ասել է ամերիկյան Սպիտակ տունը:

-Ի՞նչ է տալիս Հայաստանին ԱՄՆ Սենատի որոշումը:

-Ըստ էության ոչինչ չի տալիս այն առումով, որ սա հնարավորություն է, որ միգուցե Թուրքիայի վրա ԱՄՆ կողմից ճնշումներն ավելանան, եւ Թուրքիան փորձի ՀՀ-ի հետ լեզու գտնել, ինչը մեզ համար կարեւոր կլինի: Բայց ռեալ նայել, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը, փոխհատուցում վճարի, այս պահին որեւէ նման բան չի նշմարվում:

-Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ ինչպե՞ս կգնահատեք «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» վերաբերյալ օրերս արած մեկնաբանություններն իշխող կուսակցության որոշ պատգամավորների կողմից եւ դրա մասին պարզաբանումները:

-Նախկինում բազմիցս Ադրբեջանը փորձել է Արցախի, ԼՂ-ի ադրբեջանական համայնքին ներառել բանակցային գործընթացում: Երկու պյուս երկու տարբերակին՝ ՀՀ-Ադրբեջան եւ Արցախ -ադրբեջանական համայնք, սակայն ՀՀ-ն մշտապես վետո է դրել սրան: Կարծում եմ չպետք է հավասար կարգավիճակ ունենա Արցախի լեգիտիմ իշխանության հետ ադրբեջանական համայնքը: Հույս ունեմ, որ մեր իշխանությունը կշարունակի նույն ոճով եւ թույլ չի տա, որ այդ համայնքը ներգրավվի որպես առանձին բանակցային սուբյեկտ: Եթե ցանկանում են, կարող են Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել, բայց որպես առանձին սուբյեկտ, չպետք է ներգրավվեն:

-Փոխզիջումների մասին վերջին շրջանում կրկին սկսել են շատ խոսել: Մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց՝ չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ ղարաբաղյան հարցում փոխզիջում հնարավոր է եւ ըստ  նրա՝ Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի երկխոսությունը շարունակվի կառուցողական, եւ կողմերը կարողանան հասնել փոխադարձաբար ընդունելի որոշման: Սա նշանակում է բանակցությունների նոր ընթա՞ցք:

-Ցանկացած կոնֆլիկտի լուծում պահանջում է փոխզիջում, բայց թե ՀՀ-ն ինչ չափով է պատրաստ, Ադրբեջանը՝ ինչ, սա քննարկման այլ հարց է: Դեռեւս չի նշմարվում, որ կողմերը պատրաստ են լուրջ փոխզիջումների:

-Ինչպե՞ս կգնահատեք պատերազմական գործողությունների հավանականությունը 2020-ի սկզբին, մանավանդ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն:

-ՀՀ-ն պետք է պատրաստ լինի պատերազմական գործողությունների վերսկսմանը: Սպառազինության, ռազմամթերքի ձեռք բերումը պարբերաբար պիտի լինի անկախ՝ շփման գծում ինչ վիճակ է տիրում: Իհարկե, ՀՀ-ից որեւէ մեկը չի ցանկանում, չգիտի՝ պատերազմ կլինի, թե՝ ոչ, բայց պարբերաբար պետք է ՀՀ-ն նոր զինատեսակներ ձեռք բերի: Իսկ պատերազմի վտանգ միշտ էլ կա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031