Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն հեռացած քաղաքացի չէ, որ միլիոնատեր է դարձել»

Դեկտեմբեր 16,2019 14:30

Պարտադիր զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց 2020թ.-ի հունվարի մեկից չեն ների. նրանք այլեւս հնարավորություն չեն ունենա վճարելու բաց թողած զորակոչերի համար եւ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Այս մասին օրերս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նկատում է՝ կառավարությունն ասում է, որ այս հարցում իր մոտեցումը փոխվել է. «Հղում են անում այն օրինագծին, որը մշակվել է «Իմ քայլի» պատգամավորների կողմից»: Խոսքն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի եւ պատգամավոր Արման Բաբաջանյանի օրինագծի մասին է, որը դեռ ԱԺ չի «հասել»: Այն սահմանում է, որ 27 տարին լրացած եւ զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տրվում  քրեական պատասխանատվությունից խուսափելու համար մոտ 5 միլիոն դրամ վճարել: «Օրինագիծն ունի խնդիրներ: Հասարակական արձագանքը բացասական եղավ, եւ հեղինակներն այն հանեցին շրջանառությունից: Հիմա անորոշ վիճակ է, որովհետեւ գործող նորմից հրաժարվում ենք, բայց նոր բան չենք առաջարկում: Բազմաթիվ նամակներ եմ ստացել, մարդիկ հարցնում են՝ բա հիմա մենք ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք անելու»,-նշեց Գեւորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց՝ դեռեւս Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր ուզում վճարի չափը մեծացնել, բայց այն ժամանակ «Ելք» դաշինքը դեմ էր դրան, որովհետեւ ամեն հեռացած քաղաքացի չէ, որ միլիոնատեր է դարձել. «Օրինակ՝ որոշները «Լույս» հիմնադրամի ծրագրով գնացել են Եվրոպա սովորելու, հետո հիմնադրամի բուհերի ցանկը փոխվել է, իսկ շահառուները՝ զրկվել տարկետումից: Բայց նրանք ուսումը կիսատ չեն թողել, որովհետեւ լավագույն համալսարաններում էին սովորում, շարունակել են, հասել ասպիրանտուրա, իրենց ոլորտում լուրջ մասնագետ դարձել, բայց ՀՀ վերադառնալու հնարավորություն չունեն: Բայց չեմ էլ կարծում, որ նրանք արդեն միլիոնատեր են: Կարծում եմ՝ այս օրինագիծը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Վերադառնալ պատրաստվողները գուցե հիասթափվեն եւ այլեւս չվերադառնան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031