Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման միակ ճանապարհն արդյունաբերականացումն է

Դեկտեմբեր 16,2019 14:00

Արցախի գյուղոլորտին վերաբերող մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք ոռոգման համակարգերին: Ներկայացվող հարցազրույցը նվիրված է բուսաբուծության ոլորտին: Մեր զրուցակիցն է ԱՀ գյուղատնտեսության նախարարի՝ բուսաբուծության գծով տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

– Գյուղատնտեսական տարին Արցախում ավարտին է մոտենում: Ինչպիսի՞ն են արդյունքները բուսաբուծության ոլորտում:

– 2019թ. գյուղատնտեսական տարին այնքան էլ բարեհաջող չէր: Ունեինք ինչպես կարկտահարության, այնպես էլ երաշտի դեպքեր:  Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 86 000 հա (բացի այդ, 3000 հա-ն զբաղեցված է բազմամյա կերային խոտաբույսերով, 1000 հա մշակված է սեւ ցելի տակ), փաստացի մշակության տակ դրված տարածքները կազմել են ընդհանուրի 67.4 տոկոսը, ընդ որում, աշնանացան մշակաբույսերի տարածքները՝ շուրջ 64200 հա, իսկ գարնանացանինը՝ շուրջ 21800 հա: 2018 թվականի համեմատ ընդհանուր ցանքատարածքների մակերեսները նվազել են 2250 հա-ով կամ 2,5 տոկոսով: Աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են 10550 հա կամ 14,0 տոկոս, փոխարենը գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն աճել են 8305 հա-ով կամ 62 տոկոսով, ինչը միանգամայն գոհացուցիչ է եւ վկայում է ցանքաշրջանառության համակարգերի լայն կիրառության մասին:

Ընթացիկ տարում ցանքատարածքների գերակշռող մասը` 67865.0 հա (79.0 տոկոս), կազմել են հացահատիկային (առանց եգիպտացորենի) մշակաբույսերի տարածքները: Ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում ցանված հասկավոր հացահատիկային մշակաբույսերի 67865 հա տարածքներից փաստացի հնձվել է 64187 հա կամ ցանված տարածքների 95.0 տոկոսը, կալսվել է 111090 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը կազմել է 17,3 ց/հա: Նախորդ տարվա համեմատ, հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը պակաս է 23260 տոննայով կամ 17,0 տոկոսով, ինչը պայմանավորված էր այս տարվա անբարենպաստ եղանակային պայմաններով:

Ընդհանուր առմամբ, հնձվել է 32642 հա ցորեն, 30324,0 հա գարի եւ 1221,0 հա հաճար: Կալսվել է 60090 տոննա ցորեն, 49748 տոննա գարի եւ 1252 տոննա հաճար, միջին բերքատվությունը կազմել է, համապատասխանաբար, 18,4 ց/հա, 16,4 ց/հա եւ 10,2 ց/հա:

Առկա 1858.0 հա խաղողայգիների 1381.0 հեկտար բերքատու այգիներից բերքահավաք է իրականացվել 1147 հա-ի վրա, համախառն բերքը կազմել է 7243 տոննա, միջին բերքատվությունը` 63 ց/հա: 1850 հա նռան այգիների 847 հա բերքատու այգիներից բերքահավաք է իրականացվել 815,0 հա-ի վրա, համախառն բերքը կազմել է 5070 տոննա, միջին բերքատվությունը` 62,2 ց/հա:

Կարկտահարությունից տուժել է 4414 հա ցանքատարածք, այդ թվում 80-100 տոկոս՝ 2758 հա, երաշտից տուժել է 20309 հա, իսկ հրդեհներից՝ 1026,0 հա: Գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում կառավարությունն անմասն չի մնում հողօգտագործողներին բնական աղետներից կրած վնասի դիմաց աջակցություն տրամադրելուց: Գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը մեղմացնելու նպատակով իրագործվում են մի շարք ծրագրեր եւ կիրառվում աջակցության տարբեր մեխանիզմներ: Անցնող տարում 80-100 տոկոսով տուժած ցանքատարածությունների դիմաց հողօգտագործողներին տրամադրվել է անհատույց ֆինանսական աջակցություն՝ 159.6 մլն դրամ գումար: Բացի այդ, կարկտահարությունից եւ երաշտից վնաս կրած հողօգտագործողներն ազատվել են 2019 թվականի համար հաշվարկված եւ վճարման ենթակա հողի հարկի ու վարձակալության վճարների գումարներից:

– Վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր: Որքանո՞վ էին դրանք հաջողված: Կմատնանշեի՞ք դրանցից առավել կարեւորներն ու արդյունավետները:

– 2019-ին եւս շարունակվել է կառավարության կողմից պետական աջակցության տրամադրման գործընթացը՝ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում: Ընթացիկ տարում բուսաբուծության ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումներն իրականացվել են բուսաբուծության  համալիր զարգացման ծրագրի տեսքով: Իրականացվել են հետեւյալ միջոցառումները՝

Գարնանացան մշակաբույսերի սերմերի եւ հանքային պարարտանյութերի անհատույց տրամադրում. կառավարության հետեւողական գործունեության արդյունքում վերջին մի քանի տարիներին ընդլայնվել է տրամադրվող գարնանացան կուլտուրաների տեսակային կազմը. բանջարաբոստանային եւ հացահատիկային մշակաբույսերի հետ մեկտեղ մշակության մեջ են դրվել գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, արեւածաղիկը, կտավատը, հլածուկը, սոյան, սիսեռը, ոլոռը, ոսպը, սորգոն, առվույտը, կորնգանը, որոնց արտադրական նշանակության ցանքատարածքները հասնում են հազարավոր հեկտարների: Վերջիններս, ցանքաշրջանառության լավագույն բաղադրիչ լինելուց բացի,  հանդիսանում են նաեւ տեխնիկական ու կերային կարեւոր կուլտուրաներ, որոնց մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության եւ անասնաբուծության զարգացման համար: Արդյունքում 2019-ին հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 85974 հա ցանքատարածություններից գարնանացան մշակաբույսերի տարածքները կազմել են 21786 հա՝ ներառյալ հասկավոր հացահատիկային մշակաբույսերը կամ ընդհանուր ցանքատարածքների 25,3 տոկոսը (2018 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 15.3 տոկոս):

Նշենք նաեւ, որ ծրագրի շրջանակներում արեւածաղկի, հլածուկի եւ սոյայի սերմերի հետ միասին տրամադրվել է նաեւ 382 300 կիլոգրամ հանքային պարարտանյութ, այդ թվում ֆոսֆորական՝ 191150 կիլոգրամ եւ կալիումական՝ 191150 կիլոգրամ: Ընթացիկ տարում գարնանացան մշակաբույսերի ցանքս իրականացնող հողօգտագործողներին հնարավորություն է ընձեռվել նաեւ սերմերի հետ միասին (բացառությամբ արեւածաղկի, հլածուկի, սոյայի սերմերի) սուբսիդավորված գներով ձեռք բերել դիզելային վառելիք՝ մեկ լիտրի համար 300 դրամ արժեքով, մեկ հա-ին՝ 30 լիտր նորմայով, տրամադրվել է  390 722 լիտր դիզելային վառելիք:

Բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում.  նշված ծրագրի իրականացման շնորհիվ վերջին տարիներին ընդլայնվել են արտադրական նշանակության բանջարանոցների տարածքները եւ ավելի քան 25 տոկոսով աճել է դրանց բերքատվությունը, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել են բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից տեղական բանջարեղենի (պոմիդոր, պղպեղ, սմբուկ, սոխ, սխտոր, վարունգ, կաղամբ, գազար եւ բազուկ) մթերման ծավալները: Մասնավորապես, հանրապետության բանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվող բանջարեղենի շուրջ 55 տոկոսը մթերվել է Արցախից, այն դեպքում, երբ մինչեւ ծրագրի մեկնարկը ընկերությունների կողմից մթերվող ապրանքատեսականու  ընդամենը 25 տոկոսն էր տեղական արտադրության:

Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է հանրապետության թվով 49 համայնքներից 149 հողօգտագործող: Նշենք, որ ծրագրի պահանջներից մեկը եղել է մեկ հողակտորի մակերեսի՝ առնվազն 0,5 հա լինելը: Բանջարեղենի մշակության դեպքում մեկ հա-ի դիմաց հողօգտագործողներին է տրամադրվել 200 000 դրամ, պոմիդոր մշակելու համար՝ 250 000 դր, կարտոֆիլ մշակելու համար՝ 150 000 դր. միանվագ գումար:

Այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում տնկիների տրամադրում.

2019-ին այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում նախապատվությունը տրվել է նռան այգիների տարածքների ընդլայնմանը: Անցնող տարում  հանրապետության  թվով 175 հողօգտագործողների գարնան տունկի համար  անհատույց տրամադրվել է ավելի քան 324 000 հատ նռան տնկի, որով հիմնադրվել  է շուրջ 530 հա այգի: Այգեգործության զարգացման ծրագրերի իրականացման շնորհիվ աճել են բազմամյա տնկարկների արտադրական նշանակության տարածքները՝ մասնավորապես նռան այգիների տարածքները հասցվել են շուրջ 1850 հա-ի: Առաջիկայում նախատեսվում է  նռան այգիները հասցնել մոտ 5000 հա-ի: Բացի նռան այգիներից, ավելացել են նաեւ մերձարեւադարձային, հնդավոր եւ կորիզավոր այլ պտղատեսակների այգիների տարածքները՝ հասնելով շուրջ 4500 հա-ի:

Ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրում.

Միջոցառման իրականացումը նպատակ ունի խթանել ծխախոտագործության ճյուղի զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի ծխախոտի տարածքների ավելացմանը, ինչպես նաեւ՝ բնակչության զբաղվածության բարձրացմանը: Ծրագրով նախատեսվում է ծխախոտի մշակությունից ստացված բերքի մթերման դիմաց հողօգտագործողներին  տրամադրել մեկ կիլոգրամի դիմաց 10 դրամ լրավճար: Ընթացիկ տարում նախատեսվում է 1012 տոննա մթերված ծխախոտի հումքի համար տրամադրել պետական աջակցություն:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում.

Ջերմատնային տնտեսությունների արդիականացման եւ մակերեսների ընդլայնման նպատակով հանրապետությունում ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն, յուրաքանչյուր 1 հա-ի  հաշվով՝ 2 մլն դրամ գումար՝ սկսած նվազագույնը 135 քառակուսի մետրից:

– Խոսենք անելիքների ու խնդիրների մասին:

– Կառավարության կողմից հողօգտագործողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը  շարունակական կլինեն եւ կիրականացվեն նաեւ հաջորդ տնտեսական տարում: Դրանց իրականացումը կնպաստի տեւականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, նոր այգիների հիմնադրմանը, բազմամյա տնկարկների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը եւ տնտեսական աճի ապահովմանը:

Սակայն հարկ է նշել, որ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը դեռեւս խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնցից են ոլորտի բարձր ռիսկայնությունը, խոշոր ապրանքային տնտեսությունների ցածր տեսակարար կշիռը, արտադրական (նաեւ ոռոգման համակարգեր) եւ շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների թերզարգացածությունը, գյուղատնտեսության գրագետ վարման մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների հագեցածության ոչ բավարար մակարդակը, որոնք նույնիսկ պետական աջակցության ներկա պայմաններում, բարդացնում են ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղմթերքների իրացման եւ վերամշակման օղակների ձեւավորման աշխատանքները: Մենք անելիքներ ունենք նշված բոլոր ուղղություններով, քանի որ ժամանակակից գյուղատնտեսության զարգացման միակ ճանապարհն արդյունաբերականացումն է, այսինքն՝ ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, նորագույն տեխնոլոգիաների եւ արդյունավետ կառավարման համակարգերի կիրառումը, պետական եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությունն ու ագրարային ոլորտի միջազգային ինտեգրումը, ինչի շնորհիվ միայն հնարավոր է արդյունավետ օգտագործել ոլորտի ներուժը եւ ապահովել   գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության եւ արտադրության մրցունակության բարձր ցուցանիշներ:

Զրուցեց Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031