Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից բզկտված, թալանված, ուժասպառ եղած, պարտված Գերմանիան ոտքի կանգնեց, նա աշխարհի չեմպիոն ֆուտբոլային թիմ ունեցավ 1954 թվին»

Դեկտեմբեր 16,2019 13:30

Սպիտակում մի հատ «գալչկա» դրին ու հեռացան

Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցից մեկ օր առաջ մամուլի ասուլիս  էր հրավիրվել Սպիտակի շրջկոմի առաջին ու վերջին քարտուղար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Նորիկ Մուրադյանի մասնակցությամբ:

Նա ասուլիսից անմիջապես հետո մեկնեց Սպիտակ, երկու օր շրջեց երկրաշարժից տուժածների, իրական իրավահաջորդների հետ:

Ն. Մուրադյանը ասուլիսին, որին մասնակցում էր միայն «Առավոտը», ասաց. «Աղետի գոտու էպիկենտրոն Սպիտակ քաղաքը մինչեւ ավերիչ երկրաշարժը համարվել է հանրապետության հզոր արդյունաբերական կենտրոններից մեկը: Քաղաքում գործում էին շուրջ 22 գործարաններ, ֆաբրիկաներ ու ձեռնարկություններ: Դրանց թվում՝ շաքարի կոմբինատն իր կիտրոնաթթվի արտադրամասով, վերելակների գործարանը, հացամթերքների կոմբինատը, կաշվի փոխարինիչների գործարանը, կարի արտադրական միավորումն իր մասնաճյուղերով եւ ֆաբրիկաներով, թռչնաբուծական ֆաբրիկան, կաթի վերամշակման գործարանը: Երկրաշարժի հետեւանքով հարյուր տոկոսով ավերվեցին ողջ տնտեսական եւ էներգետիկ համակարգերը: Սպիտակը եւ շրջանի քսան բնակավայրերը վերածվեցին փլատակների, որտեղ կար 52 000 բնակիչ, 15000 հա հողատարածք, թողարկվում էր 200 մլն ռուբլու արտադրանք»:

Ն. Մուրադյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ցանկանում է արտադրություն բացել պետության միջոցներով, չի ցանկանում աշխատավարձ, որեւէ այլ միջոցներ, քանի ուժն ու գիտելիքները, կապերը բավարար են, միայն իրեն օգնեն: Նա շատ կցանկանար բացել շաքարի գործարանը, գործարան, որը վերակառուցելու համար որեւէ քայլ չարեցին անկախ Հայաստանի պաշտոնյաները, եղած սարքավորումները ԽՍՀՄ-ից առաջինն անկախացածները վաճառեցին Վրաստանի շաքարի գործարանին: Մինչդեռ, շաքարի արտադրությանը Սպիտակում զարկ են տվել 1936 թվականին. ԽՍՀՄ ժողկոմսովետին հանձնարարվել էր Հայաստանում կազմակերպել շաքարի արտադրություն: Գործարանն ամբողջ ծավալով աշխատել է 1947 թվականին (այն սկսել էր կառուցվել 1940 թվականին, սակայն պատերազմը հետ էր գցել մի քանի տարով-Ռ.Մ.):

Դեռ 1988թ.-ին, Ն. Ռիժկովը ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Վլ. Մարգարյանցին հանձնարարարել էր. «Շաքարի գործարանի նախկին տարածքն օգտագործել վերակառուցման եւ վերականգնման համար 9 բալի սահմաններում»:

Սակայն հանձնարարականն այդպես էլ մնաց թղթի վրա:

Ն. Մուրադյանն ասում է. «Ում մտքով կանցներ, որ 1990թ. դեկտեմբերին «Դառը շաքար» «Գոլոս Արմենիիում» հոդվածս այսօր էլ արդիական կհնչի»:

Իսկ հոդվածում նա գրել էր. «Փաստը մնում է փաստ, որ գորշ իրական կյանքում ավելացավ մի գունավոր կտրոն»: Մինչ արտադրության լրիվ դադարեցումը Սպիտակում թողարկվում էր երեսուն տոննա շաքարավազ: Այստեղ աշխատում էր Սպիտակի 900 բնակիչ: Կոմբինատին ամեն տարի հանձնվում էր 100 000 տոննա շաքարի ճակնդեղ:

Զրուցակիցներիցս մեկը Սպիտակի շաքարի կոմբինատի առաջին պարետ Հովհաննես Հովհաննիսյանի որդին է՝ Սլավիկ Հովհաննիսյանը: Նա ասում է, որ 600 գերմանացի ռազմագերիներ են աշխատել այդտեղ: Նրանք են կառուցել գործարանը, եւ երկրաշարժի ժամանակ այն շինություններն ու պատերը չեն քանդվել, ուր կպել է գերմանացի ռազմագերիների ձեռքը:

«Շաքարի գործարանը մեր առաջին դարբնոցն էր: Չորս շրջան ճակնդեղ էր աճեցնում, այդ շրջաններում անասնապահությունն էլ զարգացավ, քանի որ այն հրաշալի անասնակեր էր: Դրան զուգահեռ՝ զարգացավ լիմոնաթթվի արտադրությունը: Մեկ կիլոգրամ լիմոնաթթուն արժեր սովետական 98 ռուբլի, մի աշխատավարձից ավելի: Քսանմեկ երկիր էր տարվում մեր լիմոնաթթուն»,-ասում է նա:

Ս. Հովհաննիսյանը զարմանում է, նա ճիշտ չի համարում, որ բոլորը հույսը դրել են, թե մասնավորը այստեղ որեւէ բան կկառուցի, իսկ պետությունը քայլ չի անում. «Մի բան էլ թող ինքը կառուցի, սպիտակցին դրանով կլուծի աշխատանքի խնդիրը, այլեւս օտար երկիր չի գնա աշխատանք փնտրելու»:

«Ինչպես է, կբացատրե՞ք, որ պատերազմից բզկտված, թալանված, ուժասպառ եղած,  պարտված Գերմանիան ոտքի կանգնեց, նա աշխարհի չեմպիոն ֆուտբոլային թիմ էլ ունեցավ 1954 թվին, իսկ մենք Սպիտակում որեւէ արտադրություն, մշակութային, հոգեւոր կյանք չունենք, մենք դանդաղ մեռնում ենք»,-հարցնում է Հովհաննիսյանը:

Նա հիշում է  հիսունականների շաքարի կոմբինատի այգու բաց պարահրապարակը, ուր տանգոյի առաջին քայլերն էին կատարում կոմբինատը ոտքի կանգնեցնող ռուս արտադրողները:

Սպիտակում գործում էր 394 միայնակ ծերերի եւ անօթեւանների ճաշարան: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 1999թ.-ից դադարեցվել է դրա գործունեությունը:

Սպիտակցիները երկրաշարժի հետեւանքով կորցրել են իրենց սեփականությունը՝ բնակելի տները, գույքը: Զոհված անձանց համար պետության կողմից հատկացվել էին փոխհատուցման գումարներ, որոնք նրանք ի պահ դրեցին ԽՍՀՄ խնայբանկերում: Մեր հայրենակիցների գումարների իրավահաջորդ Ռուսաստանը, որը նաեւ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ պարտավոր է վճարել առաջին հերթին աղետյալների նախկին պարտքերը, նրանց սեփականության հատուցման գումարները եւ Հայաստանի ներկայիս կառավարությանը ամեն ինչից հույսը կորցրած սպիտակցին ուզում էր փոխանցել, որ այդ գումարները հատուցելու համար եւս երեսուն տարի սպասել պետք չէ:

2027 ընտանիք ապահովված չէ մշտական բնակարանով, այդ ընտանիքներում կան 223 անկողնային հիվանդներ, միայնակներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031