Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է. ԿԲ

Դեկտեմբեր 16,2019 12:19

168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:

Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով:

Հոդվածի հեղինակը համեմատություն է անց կացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էին արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա նշենք, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը:

Կարող ենք նաև ավելացնել, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ:

Ամփոփելով, կարող ենք պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի, համեմատ։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

www.cba.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031