Լրահոս
Օրվա լրահոսը

Անծանոթ Գոհար Գասպարյանը

Դեկտեմբեր 16,2019 13:00

Օրերս ավարտված Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական 8-րդ մրցույթը, ցավոք, միակ միջոցառումն էր, որ նվիրված էր երգչուհու ծննդյան 95-ամյա հոբելյանին: Կազմակերպիչներն էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ Ազգային օպերային թատրոնը:

Խոսել Գոհար Գասպարյան մեծության մասին, ավելորդ է, որովհետեւ նրա հռչակը տարածված է ողջ աշխարհում: Թեեւ «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հեղինակ, արվեստաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, այս դեպքում ամենակարեւորը՝ Գոհար Գասպարյանի կենսագիր Սերգեյ Առաքելյանի 2004թ. հրատարակված «Գոհար Գասպարյան» գրքում տեղ են գտել երգչուհու ստեղծագործական կյանքին, եւ ոչ միայն, վերաբերող անտիպ  նյութեր,  արվեստաբանը մեզ հայտնեց, որ այդ մեկ գիրքը բավարար չէ նման մեծությունը ներկայացնող արվեստագետի համար: Այս պահին պատրաստ է տպագրության եւս երկու հատորյակ, որոնցում տեղ կգտնեն երգչուհու ոչ միայն ստեղծագործական կյանքը ներկայացնող անտիպ նյութեր: Վերջիններս սպասում են հովանավորների:

«Առավոտը» զրույցի հրավիրեց օպերային բաս Ալեքսանդր Թամազովին, որն ուսանել է Գոհար Գասպարյանի դասարանում եւ, ըստ հավաստի տեղեկությունների, երգչուհին նրա հետ կիսվել է  ոչ միայն ստեղծագործական, այլեւ քաղաքական երանգ պարունակող դիպվածներով:

Գոհար Գասպարյանն ու Ալեքսանդր Թամազովը, 2001թ.:

Երգիչը 2000-05թթ. հանդիսացել է կոնսերվատորիայում իր պրոֆեսորի ասիստենտը, իսկ մինչ այդ, 1998-ից գլխավոր դերերգերով հանդես է եկել օպերային թատրոնում: 2005-ին Ալեքսանդր Թամազովը աշխատանքային պայմանագրով մեկնել է Էկվադոր, որտեղ դասավանդել է Լիստի անվան կոնսերվատորիայում եւ Արվեստի համալսարանում: Առանց մանրամասնելու մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո եւ ընթացիկ ուսումնական տարվանից Երեւանի կոնսերվատորիայում վարում է մասնագիտական դասարան:

Անդրադառնալով Գոհար Գասպարյանին առնչվող մինչ օրս հրատարակված  ոչ ստեղծագործական անտիպ նյութերին, մեր զրուցակիցը երկար «ծանրութեթեւ» անելուց հետո, բացեց տասնամյակներ չբարձրաձայնված մեկ-երկու իրողություն: «Հնարավոր է, որ տարեթվերը ճիշտ չմտաբերեմ, բայց երբ, օրինակ, 1965թ. Գոհար Միխայլովնան արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, Նիկիտա Խրուշչովը, հանձնելով պարգեւը, հարցրել էր, թե ինչով կարող է օգտակար լինել երգչուհուն: Դա այն թիվն էր, երբ Մոսկվան հաստատել էր «Արփա-Սեւան»-ի թույլտվությունը, բայց դեռ ֆինանսավորման մասին հստակ ոչինչ չկար: Պրոֆեսորս առանց վարանելու անմիջապես խնդրել էր ֆինանսավորել ծրագիրը: Կամ՝ երբ Ստալինն առաջարկել է մեր սոխակին ամենաբարձր աշխատավարձով բեմ բարձրանալ «Բոլշոյ» թատրոնում, ստացել է հետեւյալ պատասխանը. «Հայրս ինձ ասել է, որ պետք է երգեմ իմ ժողովրդիս համար», որին հետեւել է Ստալինի պատասխանը՝ «ոչինչ չունեմ ասելու, դու արժանի զավակն ես քո հոր»:

Երգչուհին 2002թ. ծննդյան օրը նշում է տանը, ուսանողների հետ:

Զրույցի ընթացքում Ալեքսանդր Թամազովը մտաբերեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Չերչիլը այցելում է Եգիպտոս որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, հեռվից լսում է երաժշտության հնչյուններ, հետո տեղեկանում է, որ զինվորների ու սպաների համար համերգի փորձ է: Գալիս է, նստում առաջին կարգում ու վառում սիգարը այն պահին, երբ փորձն է սկսում Գոհար Գասպարյանը: Երգչուհին ընդհատում է երգը, եւ երբ հարցնում են՝ ինչն է պատճառը, Գոհար Միխայլովնան պատասխանում է, թե ինքը կշարունակի փորձել, երբ պարոնը կհանգցնի սիգարը: Այդպես էլ անում է: Չերչիլը ոչ միայն հանգցնում է սիգարը, այլեւ հատուկ ներողություն է խնդրում, որ խանգարել է փորձը»:

Դիտարկմանը՝ պարզից էլ պարզ է, որ նման մեծությունը անմասն չէր կարող մնալ իր հանդեպ դավադրություններից, համաձայնելով ասվածին, մեր զրուցակիցը պատմեց հետեւյալը. «Գոհար Միխայլովնան չի նշել հատկապես եվրոպական որ երկրում ԽՍՀՄ դեսպանատանը, բայց պատմել է հետեւյալը. ԽՍՀՄ-ից հրավիրված էր միայն ինքը եւ պետք է կատարեր Ալյաբեւի հանրահայտ «Սոխակը»: Երբ մոտենում է ռոյալին, կոնցերտմայստերը մատնացույց է անում ստեղնաշարը, որը պատված էր օշարակով: Գոհար Միխայլովնան իրեն չի կորցնում եւ առանց նվագակցության Ալյաբեւի «Սոխակի» փոխարեն հնչեցնում է Ալեքսանդր Դոլուխանյանի «Սոխակը»:

Զրույցի ընթացքում մեր հարցապնդմանը, թե Գոհար Գասպարյանը, ճիշտ է՝ մեկ անգամ, բայց հրավիրվել է ԿԳԲ, մեր զրուցակիցը առանց մանրամասնելու ներկայացրեց այդ պատմությունը. «Այո: Օպերային թատրոնի իր գործընկերներից ճանաչված տենորներից մեկը հայտնել էր, թե երգչուհին ամուսնու՝ Տիգրան Լեւոնյանի հետ, պատրաստվում է հեռանալ երկրից: Թույլ տվեք առանց մանրամասնելու նշեմ միայն, որ անվտանգության մարմինները երգչուհուն հավաստիացրել են, թե վերջ կդնեն ամուսինների շուրջ ասեկոսեներին եւ կապահովեն նրանց հանգիստ, երջանիկ ընտանեկան կյանքը»: Մեր զրուցակիցը  պատմեց նաեւ Թուրքիայում կատարված դեպքի մասին. հյուրախաղերից մեկի ժամանակ երգչուհու ելույթից հետո հանդիսատեսը ռեպլիկ է արել՝ ինչու են այդքան տխուր հայկական երգերը: Երգչուհին հենց բեմից պատասխանել է՝ դարդ մի արեք, ինքներդ անգիր գիտեք պատասխանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ գուցե գիտի այն հարցի պատասխանը, թե համբավավոր թատրոններից մշտական աշխատանքի հրավերները ինչու է մերժել իր պրոֆեսորը: Ալեքսանդր Թամազովը պատասխանեց. «Գոհար Միխայլովնան միշտ ասում էր՝ երջանիկ եմ, որ ամեն օր բնակարանիս պատուհանից տեսնում եմ Արարատը…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031