Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի լրատվություն են նախընտրում ապագա լրագրողները

Դեկտեմբեր 16,2019 12:30

Պարզելու համար, թե ինչ են նախընտրում կարդալ, տեսնել եւ լսել հենց իրենք` ապագա լրագրողները, կատարել ենք փոքրիկ հարցում Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների շրջանում։ Մեզ հետաքրքիր էր, թե իրենց, որպես ընթերցող, ի՞նչ թեմաներով հրապարակումներ են հետաքրքրում։ Ուսանողներից Օֆելյան նշում է, որ իրեն հետաքրքրում են այն թեմաները, որոնց դեռ չեն անդրադարձել կամ գոնե նոր մոտեցմամբ են ներկայացվում։ Հատկապես հետաքրքրված է ժամանցային եւ երիտասարդական թեմաներով։ Աննան հետաքրքրված է հետաքննական բնույթի հրապարակումներով։ Միլենան նախընտրում է ՏՏ ոլորտին վերաբերող նյութերը, նշելով, որ տեխնիկայի եւ տեխնոլոգիայի արագ զարգացման հետ մեկտեղ մեծանում է նաեւ տեղեկացված լինելու պահանջարկը: Ուսանողներից Զվարթին հետաքրքրում են քաղաքական եւ սոցիալական թեմաներով նյութերը, որոնք, նրա կարծիքով, այսօր շատ արդիական են մեր իրականությունում։ Իսկ, օրինակ, Սյուզանը նշում է, որ նախընտրում է զերծ մնալ քաղաքական ուղղվածություն ունեցող հրապարակումներից, քանի որ դրանք այնքան են ողողել լրատվական դաշտը, որ երկրորդ պլան են մղել մի շարք կարեւոր ոլորտներ։

Հարցին, թե ի՞նչը հատկապես դուր չի գալիս ապագա լրագրողներին, Աննան նշեց, որ իրեն դուր չեն գալիս հատկապես այն հրապարակումները, որտեղ լրագրողը ցույց է տալիս իր անձնական վերաբերմունքը կամ կարծիքը ռեպորտաժում եւ լուրում: Սյուզանի կարծիքով՝ մեծ խնդիր է այն, որ լրագրողները լավ չեն տիրապետում մայրենի լեզվին, կետադրությանն ու ուղղագրությանը, մամուլում ներկայացվող թեմաները բազմազան չեն, իսկ հարցերը միապաղաղ ու անհետաքրքիր են։

Զվարթը նշեց, որ իրեն բարկացնում է իրադարձային նյութերում հղումների բացակայությունը։ Զվարթի խոսքով, այդ կերպ ընթերցողները կարող են ընկնել մոլորության մեջ, ամբողջական պատկերացում չեն կազմի տվյալ իրադարձության մասին, կամ պարզապես չեն հասկանա՝ խոսքն ինչի մասին է։

Մեզ հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե որ հրապարակումն է վերջին շրջանում ամենամեծ ազդեցությունն ունեցել ուսանողների վրա։ Պարզեցինք, որ դրանք մեծամասամբ այն նյութերն են, որոնք վերջին շրջանում լայն շրջանառություն գտան հասարակության մեջ։ Ինտրիգային վերնագրեր, բռնություն, առեղծվածներ…մանկահասակ երեխայի բռնաբարությունից մինչեւ բյուրեղյա արցունքներով աղջիկը։ Ուսանողներից պարզեցինք նաեւ, թե որպես լրագրող ինչ թեմաներով նյութեր կհրապարակեին։

Սյուզանը նշեց, որ մեծ սիրով կգրեր հեռավոր, սահմանամերձ գյուղերի ու այնտեղ ապրող մարդկանց մասին նյութեր: Հավելեց, որ երիտասարդական եւ ժամանցային նյութեր էլ կպատրաստեր: Միլենան նշեց, որ կպատրաստեր նյութեր արագ զարգացող ու մեծ պահանջարկ ունեցող ՏՏ ոլորտի մասին եւ արտասահմանյան կայքերից թարգմանություն անելու փոխարեն՝ նորագույն տեխնոլոգիաներին վերաբերող լուրերին կհավելեր նաեւ հայ հասարակության կարծիքը, մարդկանց վրա թողած ազդեցությունը, ինչպես նաեւ մասնագետի մեկնաբանությունը։

Աննան իր նյութերով կփորձեր բացահայտել առեղծվածային եւ մարդկությանը անհայտ երեւույթները, իսկ Օֆելյան հավելեց, որ ինչ նյութ էլ նա պատրաստի, կփորձի պահել դրա արդիականությունն ու թարմությունը։

Բոլոր ուսանողները շեշտեցին, որ ցանկանում են ազատ, անկողմնակալ, հավասարակշռված խոսք լսել եւ որ ամենակարեւորն է՝ ակնկալում են անդրադարձ հասարակության բոլոր շերտերին։

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031