Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք նախագծում ավելացնել շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար պատասխանատվություն նախատեսող հոդված»

Դեկտեմբեր 16,2019 11:48

Կարծիք շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը ՀՀ  քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծից հանելու մասին

Սույն թվականի նոյեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որում բացակայում է շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Հարկ է նշել, որ նշված հոդվածը նույնիսկ ներկայում գործող քրեական օրենսգրքում ունի մի շարք թերություններ թե՛ օբյեկտիվ կողմի, թե՛ սուբյեկտային կազմի առումով, ինչպես նաև համաչափ պատասխանատվություն չի նախատեսում այս` իրականում հանրորեն խիստ վտանգավոր արարքի համար.

1.պատասխանատվություն չի նախատեսում մարդկանց կյանքի և առողջության համար ինքնին վտանգ չներկայացնող, սակայն շրջակա միջավայրի, այդ թվում` կենդանական և բուսական աշխարհի hամար վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար.

2.պատասխանատվություն չի նախատեսում շրջակա միջավայրին սպառնացող վտանգի մասին տեղեկություններ թաքցնելու կամ աղավաղելու համար.

3.պատասխանատվություն չի նախատեսում տեղեկատվություն տնօրինող այն սուբյեկտների համար, որոնք, գործող քրեական օրենսդրության համաձայն, չեն հանդիսանում «պաշտոնատար անձ», օրինակ` մասնավոր հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց համար, որոնք Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավոր են անհապաղ հրապարակել այն տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է կանխել շրջակա միջավայրին սպառնացող վտանգը, ինչպես նաև այն կազմակերպությունների պաշտոնատար անձանց համար, որոնց գործունեությունը կարող է անմիջական կապ ունենալ բնական ռեսուրսների շահագործման, ինչպես նաև առավել վտանգի այնպիսի օբյեկտների շահագործման հետ, որոնց շահագործումը կամ շահագործման կանոնների խախտումը կարող է պարունակել շրջակա միջավայրի աղտոտման ռիսկ:

Ներկայիս կարգավորումն արդեն իսկ խնդրահարույց է, իսկ նախագծով հոդվածի վերացումը` անկախ գործնականում դրա կիրառման դեպքերի քանակից կամ նման դեպքերի բացակայությունից` առավել խնդրահարույց:

Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք նախագծում ավելացնել շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու համար պատասխանատվություն նախատեսող հոդված, որը պետք է սահմանի պատասխանատվություն ոչ միայն մարդկանց կյանքի և առողջության, այլև շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար, ինչպես նաև ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու կամ աղավաղելու համար: Միևնույն ժամանակ այս հոդվածը պետք է պատասխանատվություն սահմանի ոչ միայն պաշտոնատար անձանց համար, այլև ընդլայնի սուբյեկտների կազմը՝ որպես սուբյեկտ նախատեսելով բոլոր անձանց, որոնք ունեն պարտականություն հայտնելու վերը նշված տեղեկատվությունը բնակչությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը չեզոքացնելու կամ աղտոտման հետևանքները վերացնելու լիազորություն ունեցող մարմնին:

Առաջարկում ենք հոդվածի դիսպոզիցիան շարադրել այսպես.

1.Շրջակա միջավայրի համար վտանգ ստեղծող իրադարձությունների, փաստերի, երևույթների, ինչպես նաև ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ վտանգավոր կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը այն անձի կողմից, որն ուներ պարտականություն այդ մասին տեղեկացնելու բնակչությանը կամ նշված վտանգները չեզոքացնելու կամ աղտոտման հետևանքները վերացնելու լիազորություն ունեցող մարմնին:

2.Նույն արարքը, որն անզգուշությամբ պատճառել է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ:

Կարևոր է նաև քննարկվող հոդվածով նախատեսել համաչափ պատժաչափեր և, կրկին անդրադառնալով ներկա կարգավորմանը, կարելի է փաստել, որ նույնիսկ այն խիստ անհամաչափ է արարքի իրական (թե՛ հանրության առողջության պահպանման, թե՛ բնապահպանության տեսանկյունից) հասարակական վտանգավորությանը: Օրինակ՝ կատարելով քննարկվող արարքը և այդպիսով, հնարավոր է, անմիջական վտանգի տակ դնելով մի ողջ էկոհամակարգ և ազգաբնակչության առողջությունն ու կյանքը, անձը կարող է պատժվել ընդամենը 300.000 ՀՀ դրամի չափ տուգանքով, ինչն ակնհայտ ոչ բավարար միջոց է հանցագործության կանխարգելման նպատակի իրագործման տեսանկյունից: Եվ առավել անհամաչափ է պատասխանատվությունը (ազատազրկում առավելագույնը 6 տարի ժամկետով)՝ նախատեսված այն դեպքերի համար, երբ արարքն առաջացնում է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ, որոնց տակ կարող ենք հասկանալ նաև մարդկանց զանգվածային մահ, բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն: Այլ կերպ ասած՝ տեղեկատվությունը թաքցրած սուբյեկտի գործողությունը կարող է հանգեցնել ընդհուպ էկոցիդի կամ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի, իսկ նա պատասխանատվություն կկրի առավելագույնը 6 տարի ժամկետով: Հատկանշական է, որ  թե՛ գործող քրեական օրենսգրքով, թե՛ նախագծով նման պատժաչափ կարող է կիրառվել այնպիսի արարքների համար, ինչպիսիք են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածմանը երկու կամ ավելի անձանց կամ անչափահասին հակելը, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը, իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը և այլն, որոնք թեև ուղղված են բնակչության առողջության դեմ և դրսևորվում են միայն ուղղակի դիտավորությամբ, սակայն քննարկվող արարքների համեմատ կարող են գնահատվել որպես ավելի քիչ վտանգավոր:

Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք քննարկվող հանցագործության համար որպես պատիժ սահմանել`

 

✔      հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի համար` 10-ապատիկից                               40-ապատիկի չափով տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,

✔      հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքի համար` 4-10 տարի ազատազրկում:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031