Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախը կոնկրետ է` այստեղի ու հիմայի հետ է կապված»

Դեկտեմբեր 16,2019 12:00

Վախերը մարդկային հույզերից երեւի  թե ամենաընդգծվածն են եւ շատ դեպքերում ունենում են վառ դրսեւորումներ: Վաղ տարիքից յուրաքանչյուր ոք, եթե ոչ հաճախ, ապա գոնե մեկ անգամ վախեցել է այս կամ այն երեւույթից: Մարդու տարիքի հետ զուգահեռ փոխվում է նաեւ վախ ներշնչող օբյեկտների բնույթը: Վախերի հետ կապված հուզող հարցերին պատասխանում է  հոգեբան Հայկ Բաղդյանը:

– Առհասարակ ի՞նչ են իրենցից ներկայացնում վախերը:

– Վախով մենք երեւի թե ծնվում ենք: Վախը ինքնապաշտպանողական բնազդն է, առանց որի մենք ուղղակի գոյություն ունենալ չենք կարող: Այսինքն, եթե մարդ վախ չունենար, շատ շուտ կմահանար:

– Ինչպե՞ս պետք է հաղթահարել վախը, եւ ինչպե՞ս կառավարել մեր հույզերը վախի զգացման ժամանակ:

– Վախի ժամանակ  հիմնականում  տալիս ենք երեք ռեակցիա: Առաջինը՝ կամ հարվածում ենք, կամ փախչում, կամ էլ տեղում սառչում: Ու եթե ուզում ենք հասկանալ՝ ինչպես կառավարել վախի զգացումը, նախ պետք է հասկանանք, թե մեզ մոտ որ ռեակցիայով է բնորոշվում վախը:

– Ինչո՞վ են իրենցից տարբերվում վախը եւ ֆոբիան, որոնք են նրանց բնորոշ դրսեւորումները:

– Ֆոբիաներ մեզ մոտ կարող են առաջանալ դեռեւս մանուկ հասակից սկսած: Օրինակ, կարող է փոքր ժամանակ շունը կծել է եւ դրա արդյունքում մենք շներից ֆոբիաներ ունենանք, կամ էլ որեւէ տրավմատիկ երեւույթից նույնպես վաղ հասակից կարող է ֆոբիաներ առաջանալ, եւ այսպես շարունակ: Բայց նաեւ կարող է ֆոբիա առաջանալ այն դեպքում, երբ մենք չենք հանդիպել այդ վախեցնող օբյեկտին: Օրինակ, ինքնաթիռից կարող է մարդու մոտ ֆոբիա առաջանալ այն դեպքում, երբ ինքը երբեւէ չի նստել ինքնաթիռ: Եվ ֆոբիաները մեր կյանքը  կարող են թունավորել: Իսկ ֆոբիայի եւ վախի տարբերությունը  նրանց ինտենսիվության մեջ է: Վախը կոնկրետ է, այստեղի ու հիմայի հետ է կապված:

– Ե՞րբ պետք է անհանգստանալ, ե՞րբ դիմել հոգեբանի օգնությանը:

– Պետք է դիմել այն ժամանակ, երբ մեր վախերը մեզ խանգարում են: Օրինակ, եթե ես վախենում եմ կոբրայից, բայց ես կյանքում կոբրայի չեմ հանդիպել, իմաստ չունի հոգեբանի դիմել այս դեպքում: Բայց եթե ես վախենում եմ ինքնաթիռից եւ պետք է ճանապարհորդեմ, այս պարագայում արդեն անհրաժեշտություն կա հոգեբանի դիմելու:  Ես կողմ եմ, որ այս բոլոր վախերը գիտակցաբար հաղթահարել, վարքաբանական տեխնիկայով, ընդառաջ գնալով վախերին: Հաճախ հենց ինքնաթիռից ֆոբիաներ ունեցողներին մենք ասում ենք, որ ինքնաթիռի վթարները ավելի քիչ են լինում, քան ավտովթարները, այսինքն՝ ամեն օր միլիոնավոր ինքնաթիռներ են օդ բարձրանում եւ գրեթե վթար չի լինում կամ քիչ, եւ դա մարդուն հանգստացնում է: Ու այս ամենը ամփոփելով ասեմ, որ եթե վախերը ձեր կյանքի որակը գցում են եւ սահմանափակում, նման դեպքերում անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը եւ շատ արագ հաղթահարել այն:

Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031