Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահանջում ենք չխանգարել Ամուլսարի պահապանների արդարացի, իրավապաշտպան և խիստ պահանջված գործողություններին. Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա

Դեկտեմբեր 16,2019 11:20

Հանուն անվտանգ կենսագործունեության

Միջազգային համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունը բնական համակարգերի, կենսաբազմազանության պահպանության, մարդու էկո-իրավունքի իրացման, նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովման և սահմանների մաքրման պարտավորություններ է ստանձնել՝ որպես երկրի անվտանգության բաղադրիչներ: Իսկ մետաղական հանքերում վտանգներն առատ են և աղետաբեր: Անդարձելի, բարձր և չկարգավորվող ռիսկերով հանքը չի կարելի բացել ոչ Ամուլսարում, ոչ էլ՝ մեկ այլ վայրում, քանի որ դա թունավորում, քայքայում է մեր հողային, ջրային ռեսուրսները, մեր շնչելու օդը, սնունդը, բնակչության առողջությունը: Հետևաբար՝ քաղաքացիները պարտավոր են ընդդիմանալ վտանգներին և արգելակել աղետները: Այդպես՝ մեկ ու կես տարի շարունակ Ամուլսարի մատույցներում կանգնած մարդիկ պատասխանատու կերպով պաշտպանում են իրենց հայրենի լեռը, իրենց կենսագործունեության միջավայրի անվտանգությունը:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման վերաբերյալ որոշումները կայացվել են՝ հակասելով ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև՝ անվտանգության ապահովման տրամաբանությանը: Անհավատալի է, որ ՀՀ նոր կառավարությունը համաձայնի այդ խիստ վտանգավոր, թշնամական և անօրինական նախաձեռնության իրագործմանը: Նախաձեռնողի հանքային իրավունքի հիմքը՝ ԲՓ-35 դրական եզրակացությունն ապօրինի է հետևյալ իրավախախտումների պատճառով.

  1. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատումը կատարվել է ոչ լիարժեք և ՇՄԱԳ-նախագիծը կազմվել է՝ հակասելով ՀՀ վավերացրած ԷսպոԿոնվենցիայի պահանջներին՝ թաքցնելով չկարգավորվող անդարձելի ռիսկերը, առանց երաշխավորելու բարձր ռիսկերի կարգավորումները և առանց անվտանգության ապահովման (էկո-մոնիթորինգի պլան գոյություն չունի): Առանց լրամշակելու այս թերությունները՝
  2. ՀՀ նախկին բնապահպան նախարարը 2016թ. ապրիլի 29-ին հաստատել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրի ՇՄԱԳ-ի ԲՓ-35 դրական եզրակացությունը՝ կոռուպցիոն գործարքի արդյունքում: Հենց այնպես ոչ մեկը ոչ մի դեպքում դրական եզրակացություն չի ստորագրի անդարձելի, բարձր, չկարգավորվող թաքցրած ռիսկերով հագեցած նախագծի թույլատրելիության վերաբերյալ:
  3. ԲՓ-35 եզրակացության հիմքում անտեսվել է հանքի շահագործման ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա: Էկո-փորձաքննության լիազոր մարմինը և նախաձեռնողը Ջերմուկի բնակչությանը ազդակիր համայնք չեն համարել՝ դիտավորյալ, որով խախտել են ՀՀ վավերացրած Հանրության մասնակցության մասին Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այդպես Ջերմուկի բնակչությունը զրկվել է իրենց կենսագործունեության վրա ազդող նախաձեռնության վերաբերյալ քննարկմանը մասնակցելու, որոշման վրա ներգործելու իրավունքից:
  4. Նախագծով Ամուլսարի գագաթն անջատվել է հիմնական լեռնազանգվածից, ստորոտից, որը երկրաբանական և լեռնահանքային կոպիտ սխալ է՝ նախագիծը երկրաբանական հիմնավորում չունի: Նախագիծը նաև տնտեսագիտական հիմնավորում չունի, քանի որ ՀՀ օրենսդրությամբ թափոնների վճար սահմանված չէ՝ 5,3 մլրդ.դոլարի համարժեք տնտեսական վնասը չի երևում:
  5. Նախագծով կույտային տարրալվացման հարթակի (ԿՏՀ) տարողությունը սահմանված է ավելի քան 100 մլն.տ, որտեղ ցիանացման արդյունքում հանքանյութը վերածվում է հարստացման պոչերի, որոնք կուտակվում են ԿՏՀ-ում՝ որպես պոչհանք: Փաստացի՝ ԿՏՀ պոչամբարի դեր է կատարում, բայց կառուցման տեխնիկական պահանջները, վտանգավորության աստիճանը չեն համապատասխանում պոչամբարի անվտանգության պահանջներին:
  6. Մինչ 2017թ. ապրիլի 29-ը նախաձեռնողը չի գործարկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանման համալիրը (թեև նախորդ 10 տարվա ընթացքում որոշում կայացնող ՀՀ պետական պաշտոնյաները մի քանի անգամ կանաչ ուղի են հարթել այդ նպատակով) և սպառել է ԲՓ-35-ով իրեն հատկացված վերջին ժամանակը՝ չիրացնելով հանքի շահագործման իրավունքը:

Ավելի մանրամասն վտանգները և իրավախախտումները ներկայացվել են՝ Ամուլ սարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը հոդվածում՝ lragir.am-ում , կամ՝ aravot.am-ում 2019թ. սեպտեմբերի 24-ին:

Հետևաբար՝ ՀՀ ՇՄ նախարարը պարտավոր է ԲՓ-35 փորձաքննական եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ ներկայացնել հաստատման, որով կվերանա ԲՓ-35-ի հիման վրա ձևակերպված հանքային իրավունքը: Սակայն այս օրինական  պահանջը կառավարությունը չի կատարել և չի կատարում 2017թ.ապրիլի 30-ից մինչ օրս, անտեսելով  նաև՝ վերը թվարկված իրավախախտումներն ու վտանգները, արգելքի իրավական հիմքերը, նաև՝ նոր ի հայտ եկած հանգամանքը (ռադիոակտիվ ուրանի, թորիումի առկայությունը, ELARD-TRC-ի անկախ մասնագիտական եզրակացությունը, ՀՀ գիտնականների ներկայացրած հիմնավորումները, Լիդիանի նախագծային փոփոխությունները): Բայց նախարարը օրենքով սահմանված իր իրավասությունները չի գործադրում և չի պահպանում Վայքի, Սյունիքի մարզերի բնությունը, որի նպատակով կրկնակի աշխատավարձ է ստանում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի փոխարեն Վայքի և Սյունիքի բնությունը պահպանում են Ջերմուկի և Ամուլսարի գյուղական համայնքների բնակչությունը՝ յուրաքանչյուրն իր ընտանիքի հաշվին, ընկերների, կամավորների աջակցությամբ, նաև՝ առանց աջակցության: 2018թ. հունիսի 22-ից արգելափակելով հանքի մատույցները՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐՆ ԻՐԱՎԱՑԻ ԸՆԴԴԻՄԱՆՈւՄ ԵՆ ԱՊՕՐԻՆՈւԹՅԱՆԸ, ՎՏԱՆԳՆԵՐԻՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ԵՆ ՎՆԱՍՆԵՐԸ, ՎԹԱՐՆԵՐԸ, ԱՂԵՏՆԵՐԸ: Ուստի Ամուլսարի հանքի շահագործումն արգելակող բնակչության գործողություններն արդարացի են և պահանջված՝ անկախ նրանից, թե ճանապարհ բացելու քանի անվստահելի դատարանի որոշում կա, միջազգային բորսաներում ինչ արժեթղթեր, մետաղների ինչ գներ կան:

Ամուլսարի պահապան ՀՀ պատասխանատու քաղաքացիները, իրացնելով ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի պահանջները, պաշտպանում են իրենց կենսագործունեության միջավայրը, իրենց փոքր ու մեծ հայրենիքը՝ ճիշտ ժամանակին, պահանջված վայրում: Միաժամանակ Ամուլսարի պահապանները նպաստում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահպանմանը,  երկրի բնապահպանական անվտանգությանը: Հետևաբար՝ Ամուլսարի պահապանները կարող են շարունակել իրենց քաղաքացիական պարտքի իրացումը: Ուստի՝

  1. ՀՀ որևէ կարգի պետական պաշտոնյա իրավունք չունի Ամուլսարի պահապան բնակչությանը որևէ պահանջ ներկայացնել՝ Ամուլսարի հանքի մատույցները բացելու վերաբերյալ:
  2. Պահանջում ենք չխանգարել Ամուլսարի պահապանների արդարացի, իրավապաշտպան և խիստ պահանջված գործողություններին: Հակառակ դեպքում՝ ՀՀ կառավարությունը կհայտնվի միանգամից մի քանի միջազգային ատյանների անցանկալի քննադատության և պատժամիջոցների շրջանակներում (ՄԻԵԴ, Էսպո-քարտուղարություն, Աարհուսի համաձայնության կոմիտե…):

Մենք բոլորս Ջերմուկի և մյուս ազդակիր համայնքների հետ միասին պատասխանատու ենք Ամուլսարի պահպանության համար: Հանքի արդյունահանման թույլատրելիությունը պարզվում է երկրի տնտեսական շահը համադրելով բնօգտագործման անվտանգությանը: Ամուլսարի դեպքում այդ երկուսը հակադրվում են և ուրեմն՝ պարտադրված ենք առաջնահերթ անվտանգությունը գերադասել շահույթ-հարկեր-աշխատատեղեր-ից:

Սրբուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ,

Էկո-փորձաքննության խորհրդատու   

Սկզբնաղբյուրներ

  1. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին (Էսպո, Ֆինլանդիա)
  2. ՀՀ վավերացրած՝ Կոնվենցիա Էկոլոգիական տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Օրհուս, Դանիա)
  3. ՀՀ օրենքը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին
  4. Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք
  5. ԲՓ-35 փորձաքննական եզրակացություն, 2016-4-29. ՀՀ բնապահպան նախարար Ա.Գրիգորյան
  6. Հայկական լեռնաշխարհի ֆիզիկական քարտեզ https://www.cadastre.am/atlasA-14,15
  7. Լիդիան Արմենիա ընկերության պաշտոնական կայք https://www.lydianarmenia.am/
  8. Հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման արգելքի իրավական հիմքերը, 2019-9-24, https://www.lragir.am/2019/09/24/478527/, կամ՝ https://www.aravot.am/2019/09/24/1068012/):
  9. Հոդված <Թեղուտի անիծյալ հետևանքը> https://mamul.am/am/news/160500, 2019-9-16
    10.Հոդված <Ամուլ սարի շահագործման պաթոլոգիան> https://www.lragir.am/2019/08/24/469705/ 2019-8-24, կամ՝ https://www.aravot.am/2019/08/25/1062234/ 2019-8-25
    11.Հոդված <Ջրել, ոռոգել անտառները նախօրոք> https://www.lragir.am/2019/07/30/463890/, 2019-7-30. կամ՝ https://www.aravot.am/2019/07/30/1058281/,2019-7-30,
    12.Հոդված <Սևանի վերջին մենամարտը> https://www.lragir.am/2019/07/24/462330/ 2019-7-24, կամ՝ https://www.aravot.am/2019/07/24/1057471/ 2019-7-24, կամ՝ https://mamul.am/am/news/156282, 2019-7-23, կամ՝ http://www.irates.am/hy/1563961913, 2019-7-24
    13.Հոդված <Լեռների օրենքով> https://www.lragir.am/2019/05/21/444954/, 2019-5-211
    14.ՄԻ ՎՆԱՍԻՐ՝ Նախագծերի հնարավոր ազդեցության գնահատում և էկո-անվտանգության ապահովում – Ս.Հարությունյան, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031