Լրահոս
Օրվա լրահոսը

Տատյանա Կաշիրսկայա. «Ես տեսա, թե այստեղ որքան են սիրում Գագիկ Ծառուկյանին»

Դեկտեմբեր 15,2019 23:46

«Կաշվե ձեռնոց» մրցաշարում, որի արդյունքներով որոշվելու է բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը, ավելորդ շահարկումները բացառելու նպատակով մարտերը սպասարկելու հրավիրվել են մրցավարներ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից:

Այս մրցաշարում աշխատող միակ կին մրցավարը բելառուսցի մրցավար Տատյանա Կաշիրսկայան է, որի հետ զրուցեց Aravot.am-ը:

-Ինչպե՞ս ընտրեցիք տղամարդկանց մարզաձեւի համբավ ունեցող բռնցքամարտը:

-Անսպասելի ստացվեց: Գնացի կատակի համար: Սակայն սիրեցի մարզաձեւը: Այդ ընթացքում խաբում էի ծնողներից, ասում՝ զբաղվում եմ հանդբոլով, բայց գնում էի բռնցքամարտի դահլիճ: Սակայն երբ պետք է մասնակցեի Բելառուսի առաջնությանը, անհրաժեշտ էր մայրիկիս թույլտվությունը: Արդեն Ստիպված է ճշմարտությունն ասել: Սկանդալ եղավ: Սակայն դարձա չեմպիոն եւ մայրիկիս ծննդյան նվեր արեցի: Այդպես մայրս հանդարտվեց:

Իսկ մրցավար վաղուցվանից էի ուզում դառնալ: Ինձ դուր էր գալիս մրցավարի կոկիկությունը, ճերմակ վերնաշապիկը, օձիքին փակված սեւ թիթեռը: Եվ երբ վնասվածքի պատճառով բռնցքամարտի կարիերաս ավարտվեց, սկսեցի մրցավարի գործունեություն ծավալել եւ հիմնականում աշխատում եմ միջազգային մրցումներում: Հետաքրքիր է ռինգում հետեւել մենամարտելու, հաղթելու ձգտում-պոռթկումներին, մարզիկների էմոցիաներին: Դա մի ուրիշ զգացողություն է:

-Առաջի՞ն անգամ եք Հայաստանում:

-Այո: Եվ հուսամ՝ ոչ վերջին անգամ: Չնայած մառախլապատ եղանակ է, սակայն Երեւանն ինձ շատ դուր եկավ: Մի առանձնահատուկ գեղեցկություն ունի, ինքնատիպ բարքերով բնակիչներ, որոնք շատ բարի ու սրտաբաց մարդկանց տպավորություն են թողնում:

-Դուք սպասարկում եք մենամարտերը: Հայկական բռնցքամարտի որակի, մակարդակի մասին պատկերացում արդեն կազմե՞լ եք:

-Ինձ շատ դուր եկավ բացման արարողությունը, երբ տրիբունաները ջերմ ծափողջույներով էին դիմավորում թե մարզիկներին, թե մարզիչներին, թե մրցավարներին: Դա վկայում է, որ այստեղ հասկանում ու գնահատում են սպորտը: Ես լսել էի ձեր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին, թե նա ինչեր է անում հայկակիան սպորտի զարգացման համար, թե նա որքան է սիրում իր ժողովրդին: Նրան առաջին անգամ տեսա այս մրցաշարի բացման արարողության ժամանակ ու տեսա նաեւ, թե ժողովուրդը որքան է սիրում Գագիկ Ծառուկյանին: Կարծում եմ՝  պատահական չէ, որ հայկական բռնցքամարտի մակարդակը բարձր է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031