Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ՓԲԸ-ի վախճանը (պատմվածք)

Դեկտեմբեր 15,2019 23:19

Ցուրտ ու մութ տարիներն էին, երբ մեր հանրապետությունում լայն թափ ստացավ փոստային բաժանմունքներում և հատուկ հիմնարկներում տեղադրված հեռագրային մեխանիկական ապարատները սկսեցին փոխարինել համակարգիչներով:

Այդ ժամանակ Փայլակն աշխատում էր այն նորաստեղծ Փակ Բաժնետիրական Ընկերության (ՓԲԸ) ուսումնական կենտրոնի ղեկավարի պաշտոնում, որը զբաղվում էր այդ կարևոր և առաջավոր տեխնոլոգիաների ներդրումով:

Համակարգչային գրագիտության երկամսյա դասընթացներում սովորելու էին գալիս հանրապետության բոլոր մարզերից գործուղված հեռագրավարուհիները:

Դասընթացների առաջին կեսում ունկնդիրները սովորում էին տիրապետել համակարգչի աշխատանքին, իսկ երկրորդ կեսում սովորում էին հատուկ ծրագրով հեռագրեր հաղորդելու հմտություններին: Ավարտական քննությունները հանձնելուց հետո, հեռագրավարուհիները հետ էին վերադառնում իրենց աշխատանքի վայրը, որտեղ նույն ՓԲԸ-ի կազմակերպության մեկ այլ բաժնի կողմից արդեն տեղադրված և հարմարաբերված էին լինում համակարգիչները և դրանք հեռագրային կապուղիներին լծորդող սարքավորումները:

Աշխատանքները բավականին դժվար էին ընթանում և հատուկ ունակություններ էին պահանջվում բոլոր ստորաբաժիններից, որոնք պետք է գրեին համակարգչային ծրագրերը, փորձարկեին դրանք, վերացնեին սխալները, տեղադրեին համակարգիչները համապատասխան աշխատատեղերում, կարգաբերեին լծորդող սարքավորումները, իրենք սովորեին տիրապետել համակարգչին և հեռագրային հաղորդումների տեխնիկային, ապա սովորեցնեին այն աշխատակազմին, որոնք վերադառնալու էին իրենց նախկին աշխատատեղերը և աշխատել նոր պայմաններում:

Աշխատանքները կատարվում էին խմբերով: Առաջին խմբաքանակը մեկնում էր աշխատելու, նրան փոխարինելու էին գալիս հաջորդները: Նրանց աշխատավայր մեկնելուց հետո, սկսվում էր հեռախոսազանգերի տարափը, որոնք չէին դադարում մինչև այն պահը, երբ հեռագրավարուհիները ուսումնական գործընթացում ձեռք բերած գիտելիքները գործնականում ներդնում էին աշխատանքի մեջ և դառնում համակարգչի օգնությամբ աշխատող լիարժեք հեռագրավարուհի:

Գրեթե մեկ տարի տևած լարված ու քրտնաջան աշխատանքից հետո, ուսումնական կենտրոնի ունկնդիրների քանակը սկսեց շեշտակիորեն նվազել, քանի որ այլևս կենտրոն էին գալիս սովորելու ոչ թե մեծաքանակ խմբեր, այլ փոքրաթիվ անհատներ, որի հետևանքով վերադասի կողմից ուսումնական կենտրոնին առաջարկվեց ուսումնական գործընթացի մեջ ներգրավել նաև այլ քաղաքացիների, ովքեր ցանկանում էին համակարգչին տիրապետելու ունակություններ ձեռք բերել «Համակարգչային գրագիտության դասընթացներին» մասնակցելով, որից հետո հիմնական աշխատանք գտնել այլ տեղերում, քանի որ լայն թափ էր ստանում նաև տարբեր կազմակերպություններում համակարչային օպերատորների պահանջը:

Ստեղծված իրադրությունը Փայլակից պահանջում էր ինքնուրույն գործելու ունակություններ ցուցաբերել, քանի որ դասախոսական անձնակազմին պետք էր աշխատավարձ վճարել: Նա սկսեց գովազդելու միջոցներ փնտրել և ուսումնական կենտրոն սովորելու հրավիրել բոլոր ցանկացողներին: Գովազդները հիմնականում հնչում էին ռադիոկայանների եթերում և առավել կարդացվող ամենօրյա, ինչպես նաև շաբաթաթերթերում:

Բայց շուտով վրա հասավ մի նոր դժվարություն: Գլխադասային կազմակերպությունը իր բաժինները վերածեց դուստր ձեռնարկությունների, որոնք պետք է ինքնուրույն լուծեին թե աշխատասենյակների վարձակալական ծախսերը և թե դասախոսական կազմի աշխատավարձերի խնդիրները:

Այս բոլորին ավելացավ նաև հանրապետությունում նոր ուսումնական կենտրոնների հանդես գալը, որը բերեց ունկնդիրների թվի զգալի նվազեցման: Իսկ դա նշանակում էր, որ կազմակերպությունը պետք է լուծարվի, քանի որ ֆինանսները չէին բավարարում լուծելու սենյակների վարձակալական ծախսերը, ինչպես նաև դասախոսական կազմի աշխատավարձերի խնդիր:

Իր ինքնուրույն աշխատանքի չորրորդ տարվա վերջում այս դուստր ձեռնարկությունը կանգնեց լուծարման փաստի առջև:

Փայլակը կրճատեց ողջ դասախոսական կազմը, իր վրա վերցնելով ուսումնական գործընթացի ողջ ծանրությունը:

Սակայն դա էլ չօգնեց գործին և նա իր ՓԲԸ-ին պատկանող մի քանի համակարգիչներով հանգրվանեց մայրաքաղաքի դպրոցներից մեկում, որի տնօրենի հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել դպրոցի 9-րդ և 10-րդ դասարաններում «Ինֆորմատիկա» առարկան դասավանդելու, իսկ դասերից հետո էլ, վճարովի դասընթացներ անցկացնելու «դրսից» եկած դիմորդների հետ:

Աշակերտների հետ աշխատելու մի քանի տարվա փորձ ուներ, երբ տարիներ առաջ իր հիմնական աշխատանքին զուգահեռ վարել էր այն ժամանակ դպրոցներում դասավանդվող «Էլեկտրատեխնիկա» առարկան: Սակայն ժամանակները փոխվել էին, աշակերտները՝ նույնպես: Նրանցից մի քանիսը բավականին անկարգապահ էին և դասերի նկատմամբ անտարբեր:

Մի անգամ դպրոցի տնօրենի հետ զրուցելիս Փայլակը հումորով այսպիսի առաջարկ արեց.

-Ընկեր Գինոսյան, ամեն մի դասարանում 3-4 անկարգապահ աշակերտ կա, ովքեր խանգարում են դասերը, դրանց միավորենք մի դասարանում, ինձ էլ մի ատրճանակ տվեք զինղեկի սենյակից և ես նրանց հետ առանձին պարապեմ:

Ընկեր Գինոսյանը, իհարկե բարձրաձայն ծիծաղեց և նույնպես հումորով պատասխանեց.

-Կմտածեմ ձեր առաջարկի վրա և կդիմեմ Կրթության և Գիտության նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար:

Փայլակը, իհարկե, աշակերտներին հետաքրքրելու համար մեծ ջանքեր էր գործադրում և հասնում էր որոշակի հաջողության: Ինքը մանկավարժական կրթություն չուներ և իրեն հատուկ մեթոդաբանությամբ էր աշխատում:

Մի անգամ երբ նա 10ա-րդ դասարան մտավ, անկարգապահ տղաներից մեկը, խորհրդային ժամանակներից մնացած խոսափողի երկար ձողը բերանին մոտեցրած ինչ-որ երգ էր դնդնում: Նա չնկատելու տվեց Փայլակի ներկայությանը և շարունակեց երգը:

Փայլակը, իբր թե չի նկատել երգողին, դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի իր աշխատասեղանը, աշակերտներին ողջունելուց հետո նստեց աթոռին, բացեց մատյանը և սկսեց ներկա-բացակա անել: Գործընթացը ավարտելուց հետո, վեր կացավ և ուղղություն վերցրեց դեպի դասասենյակի վերջում տեղադրված համակարգիչները, ապա միացրեց նրանցից մեկը, գործի դրեց խոսափողը և նրանով բարձրաձայն իր մոտ կանչեց Համլետին, որը երգում էր խոսափողի դատարկ ձողը ձեռքին:

Համլետը ոչինչ չկռահելով, ձողը վայր դրեց, դանդաղորեն քայլեց դեպի Փայլակը:

Երբ նա ընդհուպ մոտեցավ Փայլակի սեղանին, որի վրա տեղադրված էր համակարգիչը, Փայլակը նրան մեկնեց համակարգչին միացված խոսափողը և ասաց.

-Ես լսեցի, որ դու բավականին լավ ես երգում, խնդրում եմ երգիր իսկական խոսափողի օգնությամբ, իսկ ես ձայնապնակի վրա կձայնագրեմ այն և եթե լավ ստացվի, դասերից հետո ևս մեկ անգամ, ամբողջ դասարանով կլսենք այն:

Համլետը անակնկալի գալով, լռեց, ապա մինչև ականջները կարմրեց և ոչ մի բառ չարտասանելով արագորեն դուրս փախավ դասարանից:

Դասարանում քար լռություն տիրեց:

Մի անգամ էլ՝ 9-րդ դասարաններից մեկի «Ինֆորմատիկա» առարկայի դասաժամին, Փայլակը գրասեղանի մոտ նստած, հերթական թեման էր բացատրում, որից հետո պետք է թեման պրակտիկորեն ցուցադրեր դասասենյակի վերջում տեղադրված համակարգիչների վրա: Դասասենյակը բավական մեծ էր և լավ չէր տաքացվում, որի հետևանքով Փայլակը աշակերտներից ներողություն խնդրելով, իր պայուսակից հանեց և գլխին դրեց սև գույնի բերետը, որը միշտ իր հետ էր վերցնում:

Երբ նա դանդաղորեն գլխին հարմարեցրեց բերետը, անկարգապահ տղաներից մեկը՝ Կարենը, ձեռք բարձրացրեց՝ դիմելով Փայլակին.

-Ընկեր Փայասլյան, (դպրոցում ուսուցչին դիմելու ձևը ոչ թե պարոնն է, այլ ընկերը) էդ գլխարկի վրայի ելուստը, Ձեր անտենա՞ն է:

Դասարանի մի մասը փռթկաց, իսկ մյուս մասը շուռ եկավ և արհամարհական դիմախաղով սաստեց Կարենին:

Փայլակը չպատասխանելով հարց տվողին, կրկին բացեց սեղանին դրված պայուսակը, այնտեղից հանեց փոքրիկ մկրատը, գլխի վրայից հանեց բերետը և բռնելով նրա վրայի ելուստի ծայրից դանդաղորեն կտրեց այն, ապա բարձրանալով տեղից, մոտեցավ դասասենյակի անկյունում դրված աղբամանին, ելուստը նետեց այնտեղ, վերադարձավ իր տեղը, նստեց և շարունակեց դասը:

Իսկ Կարենը, հարմար առիթը որսալով, ընկերների խոժոռ հայացքների տակ դուրս ցատկեց դասասենյակից:

Հենց նույն օրը, երբ դասերը արդեն ավարտվել էին ու Փայլակը մոտեցավ դպրոցի դռանը, որպեսզի դուրս գա, ինչպես միշտ ցտեսություն ասաց դպրոցի պահակ տիկին Ռուզանին, որը դիմելով նրան հարցրեց.

-Ընկեր Փայասլյան, այդքան տեսակի բերետները, որտեղի՞ց եք ճարում:

-Իսկ Ձեզ դու՞ր են գալիս իմ բերետները,-հարցին հարցով պատասխանեց նա:

-Իհարկե, շատ գեղեցիկ ու ճաշակով գույներ եք դուք ընտրում:

Փայլակը ոչ մի բառ այլևս չարտասանեց, գլխից հանեց բերետը, որը արդեն «վիրահատության»ինչ-որ էր ենթարկվել, դիմեց տիկին Ռուզանին և փաղաքշական ձայնով ասաց.

-Եթե շատ եք սիրում, այս բերետը նվիրում եմ Ձեզ,-և այն դնելով տիկին Ռուզանի սեղանին, արագորեն դուրս եկավ դպրոցի դռնից և ուղևորվեց դեպի տրանսպորտային կանգառ:

Մի ուրիշ անգամ էլ այսպիսի դեպք պատահեց: Դպրոցին մոտ գտնվող շենքերից մեկի երիտասարդ բնակիչը հաճախ էր այցելում Փայլակին և հորդորում, որ նա իր համակարգիչներից մեկը վաճառի իրեն, քանի որ ինչ-որ բիզնես էր ցանկանում հիմնել, այն ժամանակ խանութներում ազատ վաճառքի համակարգիչներ գրեթե չկային, իսկ եղածներն էլ՝ բավականին թանկ էին:

Սակայն Փայլակը համառում էր, քանի որ առանց այն էլ դրանց քանակը չէր բավարարում նորմալ դասաժամեր անցկացնելուն:

Մի քանի անհաջող բանակցություններից հետո, այս երիտասարդը դիմեց այլ գործելաձևի:

Նա, հերթական անգամ, եկավ Փայլակի մոտ, հարցրեց, թե ինչքան կարժենա այդ համակարգիչներից մեկը, ապա լուրջ դեմք ընդունելով ասաց.

-Երեք օրից հետո ես նորից կգամ և համակարգիչը կտանեմ:

Փայլակը, իհարկե, այնքան էլ դեմ չէր համակարգիչը վաճառելուն, բայց վարանում էր:

Երրորդ օրվա դասերից հետո, նույն երիտասարդը եկավ, արդեն ոչ թե մենակ, այլ երկու ընկերների հետ միասին:

Նա մոտեցավ Փայլակին, սիրալիր բարևեց, ապա ձեռքը տարավ գրպանը, այնտեղից հանեց դրամապանակը, հաշվեց համակարգչի համար նախատեսված գումարը, այն դրեց Փայլակի սեղանին, իսկ երկու ընկերներն արդեն մոտեցել և նախապատրաստում էին համակարգիչներից մեկի դուրս բերմանը:

Փայլակը մտքում ծանրութեթև արեց իրադրությունը, արդյոք ոստիկանություն դիմի, թե համակերպվի եղելության հետ: Դե, երիտասարդը, ինչպես նրան աշակերտները նախօրոք տեղեկացրել էին «թաղային հեղինակություն» էր:

Համակարգիչների թիվը մեկով էլ պակասեց և շուտով Փայլակը վաճառեց նաև մնացած երկու համակարգիչներն էլ և անցավ իր ՓԲԸ-ի լուծարման գործընթացին:

Այսպիսի տխուր վախճան ունեցավ Փայլակի հիմնած փառապանծ ՓԲԸ-ի ոդիսականը:

Ժամանակները իրենց չար գործը կատարեցին:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031