Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոգ. նավաստիների խմիչքից մինչ Սուրբծննդյան խորհրդանիշ

Դեկտեմբեր 15,2019 22:41

Եվրոպական երկրներում ցուրտն ընկնելուն պես ընդունված է խմել տաք գինի (որը տարբեր տեղեր տարբեր անվանումներ ունի՝ գլինտվեյն, գլուվայն, գլոգ) եւ գրոգ: Իսկ Սուրբ ծննդյան տոնավաճառներին այդ երկու խմիչքները պարտադիր են: Գրոգը հատկապես մեծ տարածում ունի ավելի հյուսիսային երկրներում՝ Սկանդինավիայում, Բրիտանիայում, Հոլանդիայում:

Ռոմի հիմքով այս խմիչքը իր անունը ստացել է ի պատիվ իր հեղինակի՝ բրիտանացի փոխծովակալ Էդվարդ Վերնոնի, որի մականունը «Ծերուկ Գրոգ» էր, քանի որ նա անընդհատ կրում էր անջրանցիկ թիկնոց, որն անգլերեն հնչում է որպես grogram cloak: 1700-ականների կեսերին նավաստիներին օրական որոշակի չափաբաժին ռոմ կամ բրենդի էր հասնում, որը պաշտպանում էր նրանց տարբեր հիվանդություններից, սակայն ռոմի այդ չափաքանակը հաճախ ծեծկռտուքների եւ խժդժությունների պատճառ էր դառնում նավի վրա, ինչի դեմն առնելու համար էլ Ծերուկ Գրոգը որոշեց ռոմը բացել տաք ջրով եւ այդպես բաժանել նավաստիներին: Որոշակի քանակով կիտրոնի կամ լայմի հյութն էլ վիտամին C-ի պակասը լրացնելու նպատակ ուներ:

Դարերի ընթացքում գրոգի բաղադրատոմսն իհարկե որոշակի փոփոխությունների ենթարկվել է, դժվար է հիմա ասել, թե որն է օրիգինալ տարբերակը, սակայն այժմ ընդունված դասական տարբերակներից մեկն էլ առաջարկում եմ ձեզ: Ցուրտ երեկոները ջերմացնելու համար հրաշալի խմիչք է:

Անհրաժեշտ մթերքները

Մուգ ռոմ- 2 բաժին

Ջուր- 4 բաժին

Լայմի հյութ-0,5 բաժին

Մուգ շաքարավազ- 1 բաժին

Դարչինի ձողիկ

Նարինջ

Պատրաստման եղանակը

Ջուրը, շաքարավազը, դարչինի ձողիկը, նարնջի մի քանի կտոր կեղեւ լցրեք սրճեփի կամ փոքր կաթսայի մեջ եւ դրեք եռալու: Ջերմակայուն բաժակների մեջ լցրեք ռոմն ու լայմի հյութը, տեղավորեք մի կտոր նարինջ, փոքրիկ կտոր դարչինի ձողիկ:

Հենց շաքարով ջուրը եռա, լավ խառնեք, թողեք 2-3 րոպե եփվի եւ տաք-տաք ավելացրեք ռոմի եւ կիտրոնի հյութի վրա:

Մատուցեք տաք վիճակում:

Բարի վայելում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031