Քիչ առաջ Ջերմուկ քաղաքում ավարտվեց բնակիչների հետ հանդիպումը:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, որը Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից է:
Այսօրվա հավաքի օրակարգի հիմնական հարցն այն էր, թե թույլ տալիս են արդյո՞ք, որպեսզի Ամուլսարը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը կատարի ձմեռացման աշխատանքներ: Շիրակ Բունիաթյանի խոսքով, բնակիչները, որոնք մի քանի հարյուրն էին, միաձայն ասացին՝ ոչ՝ հիմնավորելով, որ անցյալ տարի արդեն թույլ են տվել, որպեսզի ընկերությունը կատարի ձմեռացման աշխատանքներ:
Մեր հարցին՝ մասնավորապես՝ ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, Շիրակ Բունիաթյանն ասաց, որ անցյալ տարի ընկերությունն այն տեխնիկան, որը հնարավոր է տեղափոխել Ամուլսարի տարածքից՝ տեղափոխել է եւ պահեստավորել Վայքում, իսկ այն տեխնիկան, որը որ պետք է մնար՝ փաթեթավորվել է. «Բոլորս էլ գիտենք, որ դրանից հետո ոչ մի աշխատանք չի արվել Ամուլսարում, հետեւաբար, կարիք չկա այդ գույքը, տեխնիկան, որը ձմեռացումից չեն էլ հանել, նորից ձմեռացնեն»:
Ըստ Շիրակ Բունիաթյանի, ընկերության աշխատակիցները պատճառաբանել են, թե կրկին կարիքը կա փաթեթավորելու, հնարավոր է, որ նախորդ տարվա արածը պատռված լինի եւ այլն: Սակայն, ջերմուկցիների ու Շիրակ Բունիաթյանի կարծիքով, տեխնիկան կրկին փաթեթավորելը ուղղակի պատրվակ է՝ «տարածք մտնելու, սելֆիներ անելու»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեղեկություններ է ստացել, որ արդեն քանի օր է ոստիկանությունը բանակցություններ է սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների եւ ակիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:
«Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու: Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետեւանքները: Ջերմուկ եւ հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու: Չանեք քայլ, որի հետեւանքները ուղղակի աղետալի կարող են լինել: Ուժ որեւէ դեպքում, որեւէ պարագայում չպիտի կիրառվի»,-գրել էր Նաիրա Զոհրաբյանը:
Aravot.am-ը Շիրակ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ոստիկանները նման բանակցություններ են սկսել վարել՝ ինչպես որ նշել է ԱԺ պատգամավորը: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց՝ «Փոխոստիկանապետը, բարձրաստիճան ոստիկանների եւ Վայոց Ձորի մարզպետի հետ այցելել էին Ջերմուկ, իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում տասից ավելի բնակիչների հետ: Իրենք առաջարկել են, որ ճանապարհները բացենք եւ մուտք ապահովենք, որպեսզի Լիդիանը կամ ինչ-որ կապալառու կազմակերպություն իրականացնեն ձմեռացման աշխատանքներ: Նրանք մի քանի անգամ շեշտեցին՝ առաջարկում ենք, մենք ասել ենք, որ այնտեղ ներկա գտնվող բնակիչներս դեմ ենք, բայց մենք կունենանք հանրային բաց քննարկում, կկայացնենք որոշում ժողովրդի հետ միասին եւ կպատասխանենք: Այսօր կայացավ այդ քննարկումը եւ մենք պատասխանել ենք, որ թույլ չենք տալիս: Թե ինչ կհետեւի մեր պատասխանին՝ ժամանակը ցույց կտա: Բայց, կարծում եմ, որ ներկաներից բոլորն էլ պատրաստ են ցանկացած սցենարի ու ցանկացած իրավիճակի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ