Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արագացնելու ենք մեր ընթացքը, որքան էլ  մեծ լինի դիմադրությունը». Արցախի նախագահի թեկնածու

Դեկտեմբեր 15,2019 16:33

«Այսօր տեղի ունեցավ «Անկախության Սերունդ» կուսակցության արտահերթ 2-րդ համագումարը, որի օրակարգում  էր գալիք 2020 թվականին նախագահական ընտրություններում ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Էդուարդի Իսրայելյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը»,-Ստեփանակերտում տեղի ունեցած համագումարից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի նախագահ Դավիթ Իսրայելյանը:

Նրա խոսքով, համագումարը միաձայն որոշում կայացրեց Ռուսլան Իսրայելյանին առաջադրել որպես նախագահի թեկնածու: Ըստ նրա, մինչ այդ կուսակցությունն իր համար ստեղծել էր պատկերավոր կերպար, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի ԱՀ ապագա նախագահը: Այսպես՝ կուսակցության պատկերացմամբ՝ ապագա նախագահը պետք է ունենա անցած մարտական ուղի, համապատասխան գիտելիք եւ փորձ երկրի տնտեսության զարգացման  բնագավառում, լինի փորձառու քաղաքական գործիչ, հասարակության մեջ ունենա ճանաչելիություն, բարի համբավ, բարձր անձնական-կամային հատկանիշներ:

«Ուսումնասիրելով Ռուսլան Իսրայելյանի անցած ռազմաքաղաքական ուղին, նրա զբաղեցրած պատասխանատու պաշտոնները, մեծ փորձը բանակաշինության եւ տնտեսության զարգացման տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անձնական-կամային որակները՝ կուսակցությունը համարում է, որ նա համապատասխանում է վերը նշված հատկանիշներին եւ ի զորու է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը»,-ասված է հաղորդագրությունում:

Համագումարում ելույթ է ունեցել նաեւ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն՝ նշելով, որ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված քայլերը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությանն ուղղված միջոցառումները,  գործարար միջավայրի բարելավումը բերելու են ապահովության նոր մակարդակ թե՛ Արցախի, թե՛ յուրաքանչյուր ընտանիքի համար. «Մենք բացելու ենք քաղաքական համակարգը եւ մերժելու  ենք անհատապաշտ առաջնորդների ու փողի պարտադրանքն ու մենաշնորհը: Մենք փոխելու ենք քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը, չենք ընդունել ու այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունն ու վերականգնելու  ենք ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը: Պետք է բարձրացնել Արցախի վարկն ու հեղինակությունը տարածաշրջանում  և  աշխարհում, ունենալ  ավելի մեծ քաղաքական կշիռ: Դրա համար մեզնից պահանջվում է, որ մեր որդեգրած ճանապարհով ամեն օր առաջ գնանք: Ու մենք արագացնելու ենք մեր ընթացքը, որքան էլ  մեծ լինի դիմադրությունը: Ակնհայտ է, որ կա դիմադրություն, երբ այս րոպեական շահն ավելի կարեւոր է դասվում, քան մեծ նպատակները: Արցախի նոր դեմքն ու նկարագիրը կերտելու պատմական հնարավորությունը մեր ձեռքերում է, առանց չափազանցության` մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում: Եվ մենք դա անելու ենք: Եվ համոզված եմ. մենք այսպես ենք հաղթելու և այսպես ենք բազմապատկելու մեր բարեկամների թիվն աշխարհում: Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը, փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Արցախի  հանդեպ, փոխենք մեր վարքը փողոցում, աշխատավայրում, համալսարանում, փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխենք օրենքները, եթե չեն մոտեցել կատարելությանը, փոխենք  ներքաղաքական պայքարի մշակույթը,  փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին, փոխենք, որ մերը լինեն փողոցը, նախարարությունը, համալսարանը, գյուղն ու քաղաքը, խորհրդարանն ու բակը: Դարձնենք ավելի լավը, փոխե՛նք, որ պետական ծառայություն մատուցողն ու քաղաքացին ինքնահարգանք ունենան»,-իր ելույթում նշել է պարոն Իսրայելյանը:

Ռուսլան Իսրայելյանը 58 տարեկան է, ծնվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն, գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Ուսումը շարունակել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային բաժինը՝ ֆինանսներ եւ վարկ մասնագիտությամբ: Արցախի ֆինանսատնտեսական ոլորտում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

1987թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարին:
2018թ. հունիսի 8-ից դադարեցրել է անդամակցությունը «Ազատ հայրենիք» կուսակցությունում եւ հրաժարական տվել ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 2018թ. հունիսի 8-ից հանդիսանում է ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման անկախ պատգամավոր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031