Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոտրվել է սնդիկային ջերմաչափը․ ինչ անել ու ինչ չանել

Դեկտեմբեր 15,2019 23:00

Առաջին անգամ, երբ մեր տանը կոտրվեց սնդիկով ջերմաչափը, ես, մոռանալով ինձ մոտ առկա հիվանդության բոլոր տհաճ ախտանշանները` ջերմությունն ու թուլությունը, նետվեցի այդ «արհավիրքի» հետքերը վերացնելու՝ իհարկե, առաջնորդվելով համացանցից «ոտքի վրա» ստացված կցկտուր տեղեկություններով և ԱԻՆ-ի սիրալիր աշխատակցի տված հանգստացնող խորհուրդներով։ Ու թեև մի ողջ օր անցկացրեցի կալիումի պերմանգանատի լուծույթով տան մակերեսը մաքրելով (մի երկու օր էլ չփակեցի տան պատուհանները), սակայն մի բան հստակ հասկացա՝ սնդիկով ջերմաչափը պետք է պահել աչքի լույսի պես ու շատ հեռու՝ հատկապես երեխաներից։

Ինչպես հայտնի է, ջերմաչափերը կարող են լինել էլեկտրոնային, ինֆրակարմիր, սնդիկային, սակայն վերջինս տալիս է մարմնի ջերմության առավելագույն ճիշտ պատկերը, բայց ջերմությունը չափելու համար մարմնի համապատասխան հատվածներում այն պետք է պահել մինչև 7 րոպե (համաձայնեք՝ շատ «վտանգավոր» ժամանակահատված հատկապես շարժուն երեխաների դեպքում)։ Շատերը, հաշվի առնելով սնդիկի վտանգավորությունը, նախապատվությունը տալիս են ոչ սնդիկային ջերմաչափերին, սակայն, այնուամենայնիվ, մեզնից շատերի դեղարկղիկներում դեռևս իրենց հարմար պահին են սպասում սնդիկային ջերմաչափերը։

Սնդիկը չափազանց վտանգավոր մետաղ է, որն արագ գոլորշիանալով՝ հայտնվում է մարդու շնչառական օրգաններում՝ թունավորելով մարդու օրգանիզմը։
Սնդիկի գոլորշիները խիստ վնասակար ազդեցություն կարող են ունենալ տեսողության, ստամոքսի, իմունային, նյարդային համակարգերի, երիկամների և առհասարակ ողջ օրգանիզմի վրա։ Այս արծաթափայլ մետաղը ծայրաստիճան վտանգավոր է հղիների համար․ այն կարող է ապագա երեխայի մոտ գենետիկ շեղումներ ու հոգեբանական զարգացման խանգարումներ առաջացնել։ Ուստի երբ կոտրվում է սնդիկային ջերմաչափը, պետք է շատ լրջորեն մոտենալ այդ խնդրի լուծման գործընթացին՝ չմոռանալով պահպանել սառնասրտությունը։

Եվ այսպես, ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկային ջերմաչափը

  • Առաջին հերթին հարկավոր է սենյակից դուրս հանել երեխաներին, ընտանի կենդանիներին ու տարեց մարդկանց։
  • Բացել պատուհաններն ու փակել սենյակի դուռը։
  • Հագնել ձեռնոցներ ու կտորե մեկանգամյա օգտագործման դիմակ։
  • Ապա հավաքել սնդիկը, որն ունակ է տարածվել՝ արծաթե միլիոնավոր մանր կաթիլների վերածվելով․ սնդիկը հավաքելու համար ձեզ պետք կգա․
    • թուղթ,
    • ներարկիչ,
    • կաթոցիչ (պիպետկա),
    • կպչուն ժապավեն (սկոտչ),
    • թերթ,
    • բամբակ,
  • Սնդիկի խոշոր կաթիլներն առանց դժվարության հավաքվում են թղթի, ներարկիչի կամ կաթոցիչի օգնությամբ, իսկ մանր կաթիլները՝ սկոտչ ժապավենի միջոցով։ Ձեզ պետք կգա նաև լուսարձակող որևէ սարքկամ լապտերիկ՝ սնդիկի շատ մանր կաթիլները նկատելու և դրանք նույնպես հավաքելու համար։
  • Հավաքված սնդիկն անհրաժեշտ է լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և ոչ մի դեպքում չթափել աղբի մեջ, այլ, օրինակ, կարելի է հանձնել մոտակա դեղատունը։ Կոտրված ջերմաչափը նույնպես ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում գցել աղբամանը, քանի որ դրանում կարող են պահպանված լինել սնդիկի կաթիլները։
  • Այն վայրը, որտեղ կոտրվել է սնդիկային ջերմաչափը, պետք է մշակել սպիրտով կամ կալիումի պերմանգանատի լուծույթով։
  • Գոնե 1 օր չի կարելի մտնել այն սենյակ, որտեղ կոտրվել է ջերմաչափը։
  • Ճիշտ կլինի ազատվել այն հագուստից, որը կրել եք սնդիկը հավաքելիս։
  • Առնվազն երկու ամիս հատկապես ուշադիր լինել տվյալ տարածքի մաքրությանը՝ հաճախակի օգտագործելով քլոր պարունակող մաքրող միջոցներ։

Ինչ չի կարելի անել, երբ կոտրվել է սնդիկով ջերմաչափը

  • Խառնաշփոթի մատնվել,
  • Փորձել սնդիկը հավաքել ձեռքով,
  • Փորձել սնդիկը հավաքել փոշեծծիչով։ Այդպիսով մետաղի մասնիկներն ավելի կտարածվեն, ինչպես նաև դրանք, մնալով սարքի ներսում, կշարունակեն թունավորել շրջապատը։
  • Ավել օգտագործել։ Այդպիսով սնդիկն ուղղակի կտարածվի ողջ տարածքով մեկ։
  • Լվանալ սնդիկի հետ շփված հագուստը ձեռքով կամ լվացքի մեքենայով։
  • Չի կարելի սնդիկը նետել աղբի կամ կոյուղու մեջ։

Սնդիկի հետքերը բարեհաջող վերացնելուց հետո հարկավոր է լողանալ, լվանալ աչքերը, ատամներն ու ականջները, ակտիվացված ածուխ ընդունել։
Ըստ անհրաժեշտության անցնել բժշկական համապատասխան հետազոտություններ։

Բոլոր այն դեպքերում, երբ ինքներդ ի վիճակի չեք հավաքել կոտրված ջերմաչափի սնդիկն ու կատարել համապատասխան գործողությունները, դուրս եկեք սենյակից և փորձեք կապ հաստատել արագ արձագանքող կազմակերպությունների հետ։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սնդիկը չէզոքացնելու լաւագոյն ձեւերից է ծծումբը: Hg+S=HgS – սնդիկի այն քիչ ռեակցիաներից է, որ ընթանում է սենեակային ջերմաստիճանում:
    Տանը մի ճաշի գդալ ծծմբի փոշի կարող էք պահել լուցկու տուփի մէջ ու հարկ եղած դէպքում ցանել թափուած սնդիկի վրայ: Իսկ եթէ գիւղի տուն է, խաղողի վազը սրսկելու դեղին «քյուքյուրդը» հէնց ծծումբն է 🙂

    Յութիւբի տեսանիւթ՝ https://www.youtube.com/watch?v=Ct2NwIp26d4

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031